Մանկամկրտության թեմայով մի քանի հոդվածներ ենք դրել մեր կայքի վրա որը այս թեմային է մոտենում Հին Կտակարանի թլպատության ուղղությունից:  Իհարկե ջրով մկրտությունը թլպատության, և ուստի ուխտի հետ է կապված, բայց դրանով չի սահմանափակվում: 
Մկրտությունը ու մանկա-մկրտությունը Հին Կտակարանի (ՀԿ) թլպատության հետ կապ ունի, բայց սա միակ կապը չէ:  (Հոդվածի վերջում կապը նորից կվերահաստատենք).
Ջրով մկրտությունը ու մանկամկրտությունը նաև ՀԿ-ում է արվել, սա ՆԿ-ում նորություն չի եղել(ընդհանուր առմամբ):  Ու եթե ՀԿ-ում նորածիններին ջրով մկրտել են ապա ՆԿ-ում էլ պիտի մկրտեն:  ՆԿ-ը կարիք չունի մեզ մասնահատուկ պատվիրան տա մանուկներին մկրտելու համար:
Եթե այս առումով ՀԿ-ից դեպի ՆԿ փոփոխություն տեղի ունեցած լիներ ապա ՆԿ-ը մեզ դրա մասին մասնահատուկ ձևով կտեղեկացներ, մեզ համար պարզ կգրեր որ ՆԿ-ում այլևս մանուկները չպետք է մկրտվեին, միայն ապաշխարհած չափահասները պիտի մկրտվեին:  ՆԿ-ը իհարկե այդպիսի բան չի ուսուցում, դա հակա մանկամկրտականների մոգոնած հակա աստվածաշնչային տխմարությունն է: 

Նոր Կտակարանում մկրտությունը հանկարծակի Մաթևոս 3-ում է հայտնվում, առանց որևէ բացատրության ու մեկնաբանության, թէ դրա իմաստը ինչ է, ու թէ դա ինչպես պիտի արվի, մարդկանց ջրի մեջ ընկղմելո՞վ թէ նրանց վրա ջուր լցնելով (և/կամ ցանելով):  Սա նշանակում է որ առաջին դարի Պաղեստինում ապրող մարդկանց համար սա շատ ծանոթ մի երևույթ էր, սա նրանց համար բնավ աննախադեպ, անսպասելի ու անակնկալ բան չէր:  Ինչու՞:  Քանի որ ջրով մկրտությունը ու դրա հետ նաև մանկամկրտությունը Հին Կտակարանում նորմալ երևույթ է եղել, սա Նոր Կտակարանից չի սկսվել, սա նորություն չի եղել:  Ի դեպ, ջրով մկրտվելը հենց Ծննդոց 1-ից է սկսվում, ստեղծագործության ժամանակ:  Ու այն նաև կրկնվում է Նոյի Ջրհեղեղի ժամանակ(Ծննդ 7):  Այսինքն, ջրով մկրտությունը թլպատությանն ու Մովսեսական Օրենքին նախորդում է, ոչ թէ հաջորդում: 

Հին Կտակարանում տարբեր դեպքերի ու առիթների մկրտություններ են եղել:  Օրինակ, Նոյի ջրհեղեղը մեզ ներկայացվում է որպես մկրտություն(1 Պետրոս 3:20-21, baptisma), Նոյն ու իր ընտանիքը մկրտվեցին, իսկ երկրագունդը մկրտվեց ջրի մեջ ընկղմվելով, անհավատներն էլ մկրտվեցին ջրի մեջ ընկղմվելով ու խեղդվելով: 
Պողոսն էլ մեզ ուսուցում է որ Իսրայելացիները մկրտվեցին (baptizo) Կարմիր Ծովի միջով անցնելով (1 Կորնթ. 10:2):  Այս դեպքում իսրայելացիներից միայն չափահասները չմկրտվեցին, նաև նրանց նորածին մանուկները մկրտվեցին: 
Ու ինչպես Նոյի օրինակում էր, Կարմիր Ծովի մկրտության ժամանակ էլ Իսրայելացիները իրենց երեխաների հետ մկրտվեցին նրանց վրա ջուր ցողելով (լցվելով), իսկ Եգիպտական զորքերը մկրտվեցին Ծովի ջրերի տակ ընկղմվելով ու խեղդվելով:


Նաև, ՀԿ-ում եղել են ծիսակատարական լվացման մկրտություններ, տաճարի քահանաների մկրտություններ, ու ամեն դեպքում մկրտությունները ջուրը ցողվելով/լցվելով է տեղի ունեցել: 

Այստեղ կարևոր է նշել որ ջրի մկրտության աստվածաբանությունը հենց Ծննդոց 1-ի ստեղծագործության ժամանակ է սկսվում:  Սկզբում ջրից բաղկացած աշխարհ էր ստեղծվել որից էլ մնացած ամեն ինչն է ստեղծվում ու ձևավորվում: 
Ստեղծագործության 2-րդ օրը Աստված ջուրը երկու մասի է բաժանում(1:6-7), հաստատության/տարածության Վերևի ջրեր ևՆերքևի ջրեր:  Ու այս ջրերի վերև ու ներքև լինելը հետագա մկրտությունների խորհրդանշական կառույցն էր լինելու: 
Ջրհեղեղի ժամանակ Նոյն ու իր ընտանիքը Վերևի ջրերով (անձրև) մկրտվեցին, իսկ Նոյին ու Աստծուն ծաղրող չարագործները ընկղմվեցին ներքևի ջրերի մեջ: Կարմիր Ծովի միջադեպում Իսրայելացիները մկրտվեցին վերևի ջրերով (Սաղմ 77:16-20), իսկ պետական նպաստներ ստացող սոցիալիստ Եգիպտացիները մկրտվեցին ընկղմվելով ջրի մեջ ու խեղդվեցին: 
Ընկղմվելը նշանավորում է մահ և դժոխք, մինչդեռ ջուրը ցողացնելը/լցնելը նշանավորում է Երկնքից եկող մաքրագործում, ուխտ, կյանք:   
Թվոց 8:6-9-ում նշված ղևտական լվացումներն էլ այս օրինակին են հետևում:  Ղևտացիների ձեռնադրման համար ջրի ցողում/մկրտում էր պահանջվում:  Ուրիշ համարներում նշված լվացումներն էլ (Ելից 30:17) պղնձե ավազանից վերցված ջրով էին արվում, խորանի դռան մոտ դրված (Ելից 29:4, 30:18): 38:8-ում ասվում է որ ավազանը հայելիներից էր սարքված, սա փոքրիկ ավազան էր, այստեղ ընկղմելու մասին խոսք չի կարող լինի:  Այստեղից ջուրը ամանով վերցվում ու քահանաների ձեռքերի ու ոտքերի վրա էր լցվում/ցողվում ամեն անգամ խորանի մեջ նրանց մտնելուց ու դուրս գալուց: 

Անմաքրության համար լվացումներն էլ էին ջուր ցողացնելով լինում (Թվոց 19:13):  Սա հիմնականում նրանց համար էր ովքեր անմաքուր էին դարձել մեռած մարդու դիակին դիպչելով:  Ցողացնելու մեթոդի մասին նաև Եսայի 44:3, 52:15, ու Եզեկիել 36:5-ում է նշում: 
Եբրայեցիների 9-ը այս բոլոր լվացումները կոչում է Մկրտություններ, ու սրանք բոլորը արվում էին ջուրը ցողացնելով/լցնելով, ոչ թէ ընկղմելով:   

Վերը նշված օրինակներում, ինչպես օրինակ Կարմիր Ծովի իսրայելացիների մկրտումն էր, նույնիսկ նորածին երեխաները ջրով մկրտվեցին, նրանք ովքեր դեռ չէին կարող հասկանալ թէ մկրտությունը ինչ է նշանակում ու թէ ինչ էր տեղի ունենում:  Ու այս նորածին երեխաները մկրտվեցին առանց ապաշխարհելու, առանց նույնիսկ հասկանալու որ մկրտվում էին:


Անմաքրության համար լվացումներն/մկրտումներն էլ էին մանուկ երեխաներին ներառում, նրանք ովքեր դեռ անմաքրություն բանը չէին հասկանում (Թվոց 19:14, 18):  Ով որ մեռած մարդու դիակին էր դիպչել պիտի ջրով մկրտվեր/լվացվեր, լինեին դրանք չափահաներ թէ նորածին կամ մանուկ երեխաներ:  Այստեղ տարիքային բացառություններ չկան: Եթե նորածին երեխան անտեղյակ էր իր անմաքրությունից կամ իր մեղքերը խոստովանելու գիտական ու խոսալու կարողություն չուներ սա նրանց ջրով մկրտվելու պահանջից չէր բացառում, նա պիտի՛ մկրտվեր: 

Հակա մանկամկրտականները երեխաների մկրտությունը մերժում են քանի որ իրանք աստվածաշնչից անգրագետ են, ու նրանք շատ ավելի վարդապետություններ էլ են վերցնում ու նույն ձևով աջափսանդալ անում:  Նրանք հավատում են որ ՀԿ-ը ՆԿ-ից բաժանված է, առանձնացված է, մինչդեռ եկեղեցին պատմականորեն ՆԿ-ը ուղղակի համարել է ՀԿ-ի բնական շարունակությունը: Այս պատճառով է որ հակա մկրտականները նույնիսկ Աստծո օրենքներն են արդյունավետորեն մերժում, ու նրանք նաև Աստծո Շաբաթն են առհամարում:  Նրանք երեսից ասում են որ Աստծո օրենքը լավ բան է, բայց երբեք ոչ մի անգամ չեն նստում ու դա սերտում հասկանալու համար թէ դա իրենց կյանքին ինչպես է կարող վերաբերվի:  Այսինքն, Աստծո օրենքը նրանց գովաբանելը օդի մեջ կրակելա, կեղծավոր ու անիմաստ բան: 

Սրա պատճառով է որ որ երկրում որ հակա մանկամկրտականներն են տարածվում այդ երկիրը դեպի կործանում է գնում, կամ, իր կործանված ու թշվառ վիճակում է միշտ մնում:  Այդ երկրներում ոչ հասարակությունն է բարելավվում, ոչ տնտեսությունը, ոչ բանակը, ոչ արվեստը, ոչ մշակույթը: 

Ինչպես արդեն նշեցինք, երբ ջրով մկրտությունը ՆԿ-ում է նշվում առաջին անգամ, հեղինակները մկրտության ձևի (ցողացնելով) ու նպատակի ու իմաստի մասին ոչինչ չեն գրում, քանի որ նրանք այն սպասումներով են գրում որ իրենց ընթերցողները արդեն ծանոթ են ՀԿ-ի ջրի մկրտությանը, քանի որ դա Իսրայելի պատմության մեջ բոլորի համար շատ լավ ծանոթ և տարածված արարողություն է եղել:  Մկրտությունը ՄԻՇՏ է եղել ջուր ցողացնելու/լցնելու արարողություն, ու մկրտությանը և՛ չափահասներն էին մասնակցում և՛ նորածին երեխաները:  Ու ՆԿ-ում մեզ ոչ մի բան չի ասվում որ ՆԿ-ի ժամանակներում մկրտության այս փաստերը փոխվել են:
Հակա մկրտականները ենթադրում են որ միայն չափահասներն էին գնում Հովհաննեսի արած մկրտությանը մասնակցում, քանի որ կինոներն են դա այդպես պատկերում, մինչդեռ առաջին դարում ժողովուրդը նաև իրենց երեխաներին էին տանում իրենց հետ, Հովհաննեսի մոտ մկրտվելու:  Նրանք նաև հավատում են որ Հովհաննեսը նրանց մկրտելիս նրանց Հորդանան գետի մեջ էր ընկղմում/սկացնում, քանի որ կինոներն են նրանց այդպես ցուցադրում, մինչդեռ Հովհաննեսը նրանց մկրտում էր թասով նրանց վրա ջուր լցնելով (կամ ցողացնելով, ասպերսիա): 

Հովհաննեսի մկրտության ժամանակ ծնողները իրենց երեխաների հետ «ներքևի ջրերին» էին իջնում, բայց «վերևի ջրերով» էին մկրտվում (թասով ջուր լցնել վրաները), որը ստեղծագործության 2-րդ օրվա (Ծննդոց 1:6-7) պատկերն է վերաստեղծում: 

Պենտեկոստեի օրը Սուրբ Հոգու մկրտությունը <<լցում>> էր, հեղել, որից հետո Պետրոսը ջրի մկրտություն պատվիրեց ու ասաց որ <<խոստումը ձեր և ձեր երեխաների համար է, ու բոլոր նրանց ովքեր հեռավոր վայրերում են>> (Գործք 2.38-39):  Այս խոսքերը լսող հրեան իր մտքի մեջ պարզ կերպով հասկանում էր որ սա նշանակում էր երեխաների մկրտություն ցողացնելով/լցնելով: 

Մկրտություն, Թլպատում, և Ուխտ

Հին և Նոր կտակարաններում Մկրտությունը վերջիվերտո ուխտի հետ է կապված:  Ստեղծագործության ժամանակ, երբ մկրտություն եղավ, նաև ուխտ եղավ, նույնիսկ նախքան Ադամի ու Եվայի ստեղծումը:  Սա կոչվում է Ստեղծագործության Ուխտը, կամ, Մեկնարկային Ուխտը (Երեմիա 33.20-22):  Նոյի ջրհեղեղի ժամանակ, երբ մկրտություն տեղի ունեցավ, նաև ուխտ կնքվեց, որը կոչվում է Նոյական Ուխտ:  Կարմիր Ծովի մկրտության ժամանակներու՛մ նաև ուխտ կնքվեց, որը կոչվում է Մովսեսական կամ Օրենքի ուխտը:  Նոր Կտակարանի մկրտությունների ժամանակ էլ Նոր Ուխտը կնքվեց:  Ինչպես երևում է, մկրտությունն ու ուխտ կնքելը իրար հետ կապվածություն ունեն: 

Նաև, թլպատությունն ու ուխտը իրար հետ կապվածություն ունեն:  Աբրահամի հետ կնքված Աբրահամական Ուխտը թլպատության հետ է կապված:  Ով որ պիտի Աստծո ուխտական ընտանիքի(եկեղեցու) մեջ մտներ նա պետք է թլպատվեր:  

Մկրտությունն ու Թլպատությունը իրար հետ ուխտը ունեն որպես ընդհանուր բան, որը նույն ուխտն է:  Իհարկե մկրտությունը մեկից ավելի նպատակ ունի, բայց հիմնականը ուխտի հետ է կապված, և ուստի թլպատությա՛ն հետ է կապված:  Թլպատության և այլ արյունի հետ կապված Հին Կտակարանային ծեսերն ու արարողությունները Նոր Կտակարանում Քրիստոսում են կատարվել և ավարտվել:  Մենք այլևս կարիք չունենք թլպատություն կամ անասունների զոհաբերություններ անենք, քանի որ դրանք բոլորը Քրիստոսում լրվեցին:  Այս ՀԿ-ի արարողություններն ու ծեսերը Նոր Կտակարանում այլևս չեն շարունակվում:  Բայց Աստծո ուխտական ընտանիքին միանալու և ուխտը նշանակելու համար մեզ ջրով մկրտությունն է տրվել, ու ա՛յդ պատճառով է որ մենք մեր նորածին երեխաներին մկրտում ենք: Կարելի է ասել որ ՀԿ-ի ծիսակատարական լվացումները/մկրտումներն ու թլպատութունը Նոր Կտակարանում Քրիստոսում է իրագործվել ու այլևս մեզ չի վերաբերվում, բայց դրանք փոխարինվել են մկրտությունով որը ՀԿ-ի և՛ մաքրագործումներն է նշանավորում և թլպատման ուխտը:  Սա նորություն չէ, սրա մասին հատորներով գրքեր են գրվել մանրամասնությամբ: 

Եզրափակելով մեր հոդվածը … Աստված պատվիրել է մկրտություն ու թլպատություն, ու սրանք մեզ համար ուժի մեջ են, ու սրանք Նոր Կտակարանում կատարվում են մեկ անգամ ջրով մկրտվելուն:  Ուստի, հավատացյալ ծնողներ զգոն եղեք և ուսուցվեք:  Երբ Փարավոնի զորքերը մոտենում են, դու չպետք է քո երեխաներին ափի մյուս կողմում լքես, դու նրանց քեզ հետ պիտի տանես ջրի միջով:  Ձեր երեխաներին մկրտեք: