Մարդու Բնությունը
Հովհաննես Ռշտունի
Այսօր մեր ուսուցումը Ծննդոց 1:27-31-ից է, մարդու աստվածաշնչական հոգեբանությունը: Որպեսզի հասկանանք թէ մարդը ինչ է ու իր բնության բարդույթները որոնք են, փրկության վարդապետության համար:
<<27 Եւ Աստված ստեղծեց մարդը իր պատկերովը. Աստծո պատկերովը ստեղծեց նրան. արու եւ էգ ստեղծեց նրանց։ 28 Եւ Աստված օրհնեց նրանց, եւ Աստված ասաց նրանց. Աճեցէք եւ շատացէք, եւ լցրէք երկիրը, եւ տիրեցէք (ՏԻՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ) նորան. եւ իշխեցէք ծովի ձկների, եւ երկնքի թռչունների վրա, եւ երկրի վրա սողացող բոլոր կենդանիների վրա։ 29 Եւ Աստված ասեց. Ահա ամեն խոտը որ սերմ ունի բոլոր երկրի վրա եւ ամեն ծառ՝ որի մէջ կա սերմ տվող ծառի պտուղ, ձեզ տվի որ ձեզ համար կերակուր լինի. 30 Եւ երկրի բոլոր կենդանիների եւ երկնքի բոլոր թռչունների եւ երկրի վրա բոլոր սողունների համար, որոնց մէջ կենդանութեան շունչ կա, ամեն կանաչ խոտը կերակուր լինի։ Եւ այնպէս եղավ։ 31 Եւ Աստված տեսավ բոլորն ինչ որ արել էր, եւ ահա շատ բարի էր։ Եւ իրիկուն և առավոտ եղավ՝ վեցերորդ օրը>>:
Մեզ համար շատ կարևոր է որ մենք ճիշտ հասկանանք մարդու բնության վարդապետությունը: Մարդու բնության հասկացության ճիշտ կամ սխալ ձևը հիմքն է ժամանակակից քաղաքական քաոսի, ժամանակակից եկեղեցիների ազատամտության:
Ժամանակակից հումանիստական հասարակությունների կենտրոնական հավատքն այն է որ մարդը բնականորեն բարի արարած է (հումանիստական հասկացությամբ): Այս փիլիսոփայություններն ու կրոնները մարդու մեղքի մեջ ընկնելը (անկյալությունը) հաշվի չեն առնում, մարդու մեղքի լրջությունը չեն ընդունում: Արդյունքում, քանի որ նրանք մարդուն ընդունում են այնպես ինչպես որ նա կա, որպես բնականորեն բարի արարած, այս դեպքում նրանք անկարող են դառնում լուծելու մարդու մեղքի հարցը: Այս հարցը լուծելու նրանց ձախողումը ավելի է բարդացնում մարդու անախորժ տհաճ դրությունը: Նրանք չարիքը վերագրում են մարդու շրջապատին, ոչ թէ մարդու սրտին: Նրանց այս հավատքով նրանք երբեք չեն կարող մարդու հոգեբանությունը ճանաչեն: Սա նրանց ամեն տեսակի խնդիրների մեջ է գցում: Այս առավոտ ես մի հոգեբանի խոսքերն էի կարդում, որը հավատում է որ երեխաներին երբեք չպետք է ստիպենք որ մի բան անեն, դա նա համարում է ամենամեծ չարիքը: Օրինակ, երբ ուսուցիչները երեխաներին ստիպում են որ մի ճանապարհով գնան ու այս կամ այն սովորեն: Քանի որ այս հոգեբանը մարդկային հումանիստական բարությանն է հավատում, այս դեպքում երեխայի կրթության և ստեղծագործ մտքի արտահատումի էությունը կայանում է նրանում որ նրան չստիպեն որ նա որևէ մի բան անի, որևէ ուսման չափանիշների հետևի, քանի որ նրան ստիպելով դա ինչ որ ձևով կխախտի երեխայի ներքին անդորրը և նրան վատություն կպատճառի, ազդելով որ նա չսովորի: Այս հոգեբանը հավատում է որ նույնիսկ մաթեմաթիկայի խնդիրներ լուծելու մեջ երեխային ուղղելը մեծ չարիք է: Ու այս հոգեբանը այն հետևությանն է գալիս որ <<ոչ ոք չի կարող պատկերացնել թէ մենք ինչպիսի հիանալի աշխարհում կապրեինք եթե մենք երեխանեին թողնեինք որ նրանք իրենք իրենցով լինեին>>: Իհարկե այս հասկացությունը անարխիա է ստեղծում: Բայցևայնպես այս գաղափարը հիմքն է ժամանակակից կրթության, օրենքների, քաղաքականության, և կյանքի այլ բնագավառների:
Ուստի, մենք չենք կարող հետևել մարդու բարության հումանիստական հավատքին:
Մյուս կողմից մենք պետք է խուսափենք մյուս ծայրահեղությունից: Որոշ մարդիկ որոնք իրենց քրիստոնեա կամ ավետարանչական են կոչում, հավատում են մարդու բնական ամբողջական փչացվածությանը: Ամբողջական Փչացվածության վարդապետությունը իրական և շատ տգեղ փաստ է, Աստվածաշունչը շատ տեղերում այս վարդապետությունը պարզ կերպով ուսուցում է: Մարդու սրտի մեջ եղած չարիքը չենք կարող թերագնահատել: Ծննդոց 6:5-ը վառ գույներով մեզ ուսուցում է թէ մարդը ինչպիսի ամբողջական փչացվածության մեջ է ընկած: << 5 Եւ Եհովան տեսաւ որ շատացել էր մարդկանց չարութիւնը երկրի վերայ, եւ նորանց սրտի խորհուրդների բոլոր գաղափարները չար էին ամեն օր>>: Սա է Ամբողջական Փչացվածության վարդապետության սահմանումը, << եւ նորանց սրտի խորհուրդների բոլոր գաղափարները չար են ամեն օր>>: Սա միայն Հին Կտակարանի այդ ժամանակվա մարդու վիճակի մասին չի խոսում, սա Եդեմի պարտեզից հետո բոլոր ժամանակների բոլոր մարդկության մասին է խոսում: Համաձայն Ծննդոց 3:3-ի, մարդու փչացվածությունը, մեղքը, մահ է ստեղծում: Մարդը Աստծո առջև դատականորեն մահացած է: Մարդը նաև հոգեբանապես է մահացած: Մարդը ինքը իրեն չի կարող կյանք-տվող փրկություն ստանալ: Մարդը անկարող է ինքնա-փրկության: Պողոս առաքյալն ասում է որ մենք մեռած ենք անօրենությունների ու մեղքերի մեջ, Եփեսացի 2:1: Կողոսացի 2:13-ում ասում է << 13 Եւ ձեզ որ մի ժամանակ մեռած էիք մեղքերումը եւ ձեր մարմնի անթլփատութիւնումը, Աստված ձեզ կենդանացրեց Քրիստոսով, բոլոր մեղքերը ձեզ շնորհելով(հեչ անելով) >>: Այլ կերպ ասած, Պողոսն ասում է որ մենք դատականորեն ու հոգեբանորեն մեռած ենք, այնպես որ մենք չենք կարող պատասխանել Աստծո կանչին, ինչպես որ մեռած ծառը չի կարող պատասխանել արևին ու անձրևին ու չի կարող կյանք ունենալ ու ծաղկել, մինչև որ Աստված մեզ չկենդանացնի: Այս պատճառով է որ մարդ կարող է հազար տարի ավետարան լսի, նա չի կարող ապաշխարի քանի որ նրա հոգին մեռած է: Այս պատճառով վերստին ծնունդը նախորդում է ապաշխարությանը, Աստծո հոգին պետք է սկզբում մարդու հոգուն կենդանանցի ներսից որպեսզի նա կարողանա ապաշխարի: Կալվինը Կողոսացի 2:13-ի մասին այսպես է ասում, <<մարդ կարող է ինտելեկտուապես կրթված ու աշխույժ անձնավորություն լինի, բայց ինքչքան էլ թվա որ նա ողջ ու առողջ է, նրա հոգին ներսից մեռած է, միայն Աստված է կարող նրա հոգուն հարություն տալ որպեսզի այդ մարդը ապաշխարի ու կյանք ունենա>>: Միայն Աստված է կարող մարդուն վերականգնել որպեսզի նա Իր հետ հարաբերություն ունենա, որը Կյանքն է: Այս ճշմարտությունները մեր օրերում պետք է ասվեն ու ընդգծվեն, ու այսքանը ընդունելով, մենք չենք կարող ասել որ մեղքը մարդու բնական վիճակն է, բնական բնությունն է: Մեր Ծննդոցի տեքստը ասում է որ Աստված Իր ստեղծած ամեն ինչը տեսավ և ամեն ինչը բարի հայտարարեց: Այն վիճակը որում Աստված մարդուն ստեղծեց սուրբ է, ամբողջովին բարի է: Մեղքը մարդու բնական վիճակը չէ: Մեղքը դեֆորմացիա է, խեղաթյուրում է, քաղցկեղ է, աղավաղում է, հիվանդություն է ի մահ, այդ հիվանդությունը մարդուն անխուսափլիորեն մահվան է հասցնում: Մարդու հիմնական բնությունը բարի է, որովհետև Աստված մարդուն այդպես է ստեղծել, մենք Աստծո պատկերով ենք ստեղծվել: Ուստի, մարդը սկզբնապես բնականորեն բարի է, ու իր ներկա վիճակում ընկած է (մեղքի մեջ), ու ամբողջապես փչացված է: Բայց այդ մեղքը քաղցկեղային հիվանդություն է, հիվանդություն ի մահ: Երբ որ հիվանդանոցում մի մարդ ենք տեսնում մենք չենք կարող ասել որ նրա քաղցկեղը, սրտի հիվանդությունը, նրա բնական նորմալ վիճակն է: Նույն ձևով, մենք չենք կարող ասել, նույնիսկ երբ մեղքը մարդու ներկա վիճակն է, մենք չենք կարող ասել որ այս մեղավոր վիճակը նրա նորմալ, բնական վիճակն է: Մարդը ամբողջությամբ բարի էր ստեղծվել Աստծո կողմից:
Սա է պատճառը որ մարդկության պատմությունը մշտական անվերջ ճգնաժամների մեջ է: Քանի որ մարդը, որպես մեղավոր, հիվանդություն ունի ի մահ: Ուստի, ամեն կազմակերպություն որ նա ստեղծում է՝ հասարակական, քաղաքական, անձնական, մշակութային, դատապարտված է: Նրա ստեղծած ոչ մի բան չի կարող կանգուն մնալ, քանի որ նա այս ի մահ տանող հիվանդությունն ունի: Հենց մեղքի անբնական ու օտար վիճակից է որ մարդու համար աղավաղված դժվարություն է ստեղծվում: Ո՞նց է մարդ կարող ապրել այդ մահացու հիվանդությունով: Ոչ ոք իրա շիտակ մտքով հիվանդությունը չի ընտրի ու առողջությունը մերժի:
Նույն ձևով, Աստծո հետ ուխտական հարաբերություն ունեցող Աստծուն հնազանդ վիճակը կյանքի ավելի հեշտ ու ավելի ուրախ վիճակ է քան թէ մեղքը: Մեղքը, մեղքի կյանքը հաճելի չէ, զվարճալի չէ, ու ովքեր մեղքի մեջ հաճույք ու զվարճություն են գտնում կարգին ձևով ցնդած են: Մեղքը ճնշող սպանող փաստ է: Մեղքը գրավիչ տեսնելը լուրջ սխալ է:
Մասնահատուկ մեղքերը չեն որ մարդուն գրավում են, այլ մեղքի սկզբունքն է որ մարդուն գայթակղում ու գրավում է:
Սա է չարիքը, երբ մարդը ուզում է ինքն իր աստվածը լինի ու ինքն իրեն բարին ու չարը որոշի: Մասնահատուկ մեղքերը ներքին վիճակի արտաքին արտահայտություններն են: Մասնահատուկ մեղքերը այն ճանապարհներն են որոնցով մարդ ուզում է մեղքի սկզբունքը հաստատի: Այդ մեղքի սկզբունքով նա հույս ունի որ կյանք կգտնի, թերևս որ այն նրան սպանում է, քանի որ մարդը փորձում է Աստծուց դուրս կյանք գտնել: Մարդիկ ավելի շատ պատրաստվածություն ունեն լքել իրենց մասնահատուկ մեղքերը քան թէ մեղքի սկզբունքը:
Մարդը շատ հաճախ ընդունում է որ մասնահատուկ մեղքերը՝ հարբեցողությունը, թղթամոլությունը, թմրամոլությունը, պոռնկություննը, և նպանատիպ մեղքերը խնդիրներ են առաջացնում: Այս պատճառով մարդը պատրաստ է մերժի մասնահատուկ մեղքերը, քան թէ մեղքի սկզբունքը՝ ինքն իր աստվածը լինելու մեղքը:
Ուստի, Ադամն ու Եվան ծառի պտուղը քաղելով պտուղը չէին ցանկանում ունենալ, այլ, նրանք ցանկանում էին Աստծուց ինքնավարություն, անկախություն ունենալ: Արդյո՞ք հարկավոր է Աստծուն ենթարկվել, մի՞թէ Աստված է կյանքի սկզբունքը: Մի՞թէ ձեզ այդ ծառից արգելոլով Աստված չի ուզում ասել որ դուք Նրա ենթականերն եք, մինչդեռ դուք իրավու՛նք ունեք որպեսզի ձեր անձնական աստվածները լինեք: Ես չեմ հավատում որ Եվան ու Ադամը այնքան սոված էին որ եթե այդ պտուղը չուտեին նրանք սովամահ կլինեին: Երբ նրանք այդ գայթակղությանը հանձնվեցին, դա նրանից էր որ նրանք ԱՐԴԵՆ սկսել էին Աստծուց անկախ լինելու սկզբունքը հաստատել իրենց մտքի մեջ: Նրանք արդեն այն զգացողությունը ունեին որ իրենք իրավունք ունեին իրենց աստվածը լինելու: Մասնահատուկ մեղքը ուստի նրանց ներքին մեղքի արտահայտությունն էր: Ներքին մեղքը Աստծուց անկախ լինելու ցանկությունն էր:
Վերջերս մի գիրք էր գրվել շնության թեմայի մասին: Նրանք ովքեր այս բառին ծանոթ չեն, Շնությունը ամուսնությունից դուրս սեռական հարաբերություն ունենալն է: Գրքի հեղինակը այս մեղքի կողմն էր ու այն միտքն էր առաջ տանում որ յուրաքանչյուր մարդ իրավունք ունի շնություն-պոռնկություն գործել: Նա այս նոր բարոյականության ջատագովներից էր: Բայց նա իր գրքի մեջ մի քանի անգամ շնության մեղքի մի հետաքրքիր բնագավառ էր նշում: Նա նշում էր որ շնության (ամուսնությունից դուրս սեռական հարաբերություն) մեջ ամուսնացած մարդը կամ կինը գրեթէ միշտ մեկին էին ընտրում որը ամեն ինչով ցածր էր իրենց զույգից: Ամուսնությունից դուրս նրանց ընտրած այդ անձը ոչ գրավիչ է, ոչ սեռականորեն հաճելի, ոչ էլ նորմալ բնավորության տեր մի անձ: Այդ իրենց ընտրած սիրածը պարզ կերպով ցածր է իրենց զույգից: Ուստի նրանց ընտրածը ավելի լավ զույգ չէ, այլ, նրանց ընտրածը մեղքն է, նրանք մեղքն են ընտրում: Այն գաղափարը՝ որ նրանք ազատություն ու կարողություն ունեն անելու այն ինչը որ ցանկանում են: Նրանք իրենց աստվածներն են լինում, ու իրենք իրենց հսկայական ցավերի ու խնդիրների մեջ են գցում: Այս փաստը բերելով այս հեղինակը ինքն իր հավատքի դեմ էր վկայություն տալիս: Փաստորեն ազատություն պահանջելով, շնություն գործելու ազատություն պահանջելով, նա ասում էր որ այդ ազատությունը շատ դժվար ու ցավալի բան է, մարդուն նվաստացնող բան է: Ուստի նրա գրքի վերջավորությունը հակասում էր նրա արած հայտարարություններին ու նրա տված խորհուրդին:
Այս հեղինակը իր գրքի մեջ Աստծուց ինքնավար լինելու սկզբունքն էր ուզում հաստատել: Ու նա պատրաստ էր ինքնավար լինելու շահի համար զգալի տխրության ու վշտի գին վճարեր, զգալի տհաճության գին վճարեր, որպեսզի կարողանար ասեր <<ես եմ իմ աստվածը>>:
Արդ, Աստվածաշունչը Սաղմոս 104:16-ում հայտարարում է որ <<Տիրոջ ծառերը կուշտ են (կշտանում են)>>: Սա ի՞նչ է նշանակում: Աստծո ծառերը Աստծո մարդիկ են, հավատացյալներն են, Նրան ենթարկվողներն են, ովքեր գետերի ջրերի մոտ են արմատակալած, Աստծո՝ կյանք տվող առվի մեջ են արմատակալած, նրանք են որ կյանքով են լցված, որ կենդանի են ու առույգ են, նրանք են որ բարգավաճում են:
Մարդը՝ սկզբնապես բարի ստեղծված լինելով, առանց մահվան տուգանք ստանալու, առանց տանջանգի տուգանք ստանալու չի կարող խոտորվել այդ արդարությունից, բարությունից, որը Աստված է նրանից պահանջում:
Մենք նաև պետք է նշենք, որ Աստծո խոսքի համաձայն մարդը շատ բարի էր ստեղծվել: Նրանք ովքեր մեղքին նայում են որպես փրկված մարդու կյանքի մեջ մշտապես հզոր ու անխուսափելի մի գործոն, այս մարդիկ Աստվածաշունչը սխալ հասկանալու հանցավորության մեջ են ընկած: Ժամանակ առ ժամանակ ես ռադիոյով այս կամ այն քարոզիչին եմ լսում որը Հռոմեացիների գրքի 7-րդ գլուխն է ուսուցում: Նրանք հայտարարում են որ այս լարվածության վիճակը, այս կոնֆլիկը որը ընկած (բնական) մարդու և փրկված մարդու միջև է, որ սա անվերջ կոլֆիկտային, լարված վիճակ է: Նրանցից մեկը նույնիսկ մի անգամ ասաց <<նույնիսկ քո մահվան օրը դու մեղքի այս հզոր ազդեցությունն ես ունենալու քո մեջ, որը քո դեմ է կռվելու>>, ուստի, համաձայն նրանց հասկացության, սա անվերջ պատերազմ է մի հզոր ու հսկա թշնամու դեմ, մեղքի դեմ: Սա անհեթեթություն է, անիմաստ միտք, ու սա շատ լուրջ անարդարություն է անում Աստվածաշնչի դեմ: Ինչու՞:
Առաջին հերթին, իմ մեջի ընկած մեղավոր մարդը անհամեմատելի է այն նոր մարդուն՝ որը Հիսուս Քրիստոսն է իմ մեջ: Հիսուսը մեր մեջի հզոր մարդն է:
Երկրորդ հերթին, շատ պարզ կերպով, մինչ մենք հասունանում ու զորանում ենք շնորհի մեջ, սրբագործության մեջ, ու Աստծո օրենքի հանդեպ մեր հնազանդության մեջ, մենք մեռցնում ենք այն հին մարդուն որը մեր մեջ է: Մենք մեռցնում ենք ընկած-մեղավոր մարդուն, այնպես որ նա գնալով ավելի ու ավելի է թուլանում: Արմատական սխալ է փրկված մարդուն (որը շնորհով ու հնազանդությամբ է աճում) ներկայացնել այնպես որ կարծես թէ նա մշտապես պայքարում է որ հանկարծ մարդասպանության մեղք չգործի, շնություն չգործի, սուտ վկայություն չտա: Ընդհակառակը, փրկված մարդը աճում է Աստծուն ենթարկվելու իր ցանկությունով, նրա համար գնալով հեշտանում է Աստծո օրենքին ենթարկվելը, իր հարևանին սիրելը, հարևանի տունն ու ունեցվածքը հարգելը: Ու աստիճանաբան գնալով նա ավելի ու ավելի է անհանգստանում երբ նա հանկարծ ձախողվում է իր սրբագործության զարգացման մեջ: Քրիստոնյա լինելը սա է, դու գնալով հնազնադությամբ ես աճում: Ինչպես որ հիվանդ մարդու վերականգնումն է նշանակում հիվանդության կամ վարակի նվազում ու նահանջում մեր մեջ, այդպես էլ Հիսուս Քրիստոսում մարդու վերստին ծնվելն ու սրբագործությունն են նշանակում իր սրտում մեղքի աստիճանաբար նվազում ու նահանջում: Մեր սրբացումը այս կյանքում ամբողջովին չի կատարելանալու, բայց այն աճող է, զարգացող ու հզորացող է:
Ինչպես արդեն տեսանք, մարդու սկզբնական վիճակը արդարություն էր, արդար էր: Մեղքը դեֆորմացիա ու աղավաղում է, մահ է:
Աստված մարդուն ստեղծել է Իր գերիշխան նպատակի համար, ու մարդը մի-միայն կենդանի ու ազատ է երբ նա Աստծու օրենքներին հնազանդ է: Երբ մարդը Աստծուց առանձնանում է նա մեռած է իր անօրենությունների ու մեղքերի մեջ: Կարճ ասած, կյանքը արդարություն է, մեղքը մահ է, qանի որ արդարությունն է մարդու օրիգինալ բնության հիմքը: Երբ մարդը արդարությունից հեռանում է նա անբնական վիճակի մեջ է, մեռնող վիճակի մեջ է: Ուստի մենք չենք կարող մարդու հոգեբանությունը ոչ մի ձևով հասկանալ այն փաստից դուրս որ մարդը ստեղծվել է որպեսզի Աստծուն ծառայի ու Նրան փառաբանի գիտելիքով, արդարությունով, սրբությունով, և տիրապետությունով: Ուստի (վերստին ծնված) մարդու համար էական է որ նա կիրարկի գիտելիք, արդարություն, սրբություն և տիրապետություն:
Այս պատճառով է որ քրիստոնեական կրթական համակարգի մեջ ուսումը շատ ավելի գերազանց է քան թէ ոչ քրիստոնեական կրթական համակարգի մեջ: Քանի որ քրիստոնեական կրթության մեջ ուսուցիչը որոշ ձևով ծանոթ է երեխայի մարդկային բնության վարդապետությանը: Երեխան Աստծո պատկերով է ստեղծվել որպեսզի ուսուցվի, ուստի սովորելու բաղձանքը աստիճանաբար վերականգնվում է նրա մեջ, երբ երեխան տանը, դպրոցում, և եկեղեցում շփվում է Քրիստոնեական կարգերի հետ: Նրանք ովքեր երեխա ունեն ծանոթ են այն փաստին թէ երեխան ինչքան բաղձանք ունի հետաքրքրասեր լինելու, նոր բան սովորելու, սովորելու որպեսզի գնալով տիրապետություն գործադրել իմանա, որպեսզի երկրին տիրի, ինչպես Տերն է հրամայել Ծննդոցում: Երեխան այս բաների մեջ աճում է, քանի որ թերևս մարդը ընկած-մեղավոր է ու ամբողջապես փչացած է, բայցևայնպես մարդու բնությունը, ինչպես որ Աստված էր նրան ստեղծել, ամբողջովին բարի էր, ու Աստված մարդուն Աստծո պատկերի մեջ ստեղծեց այն առումով որ մարդը ունենա գիտելիք, արդարություն, սրբություն և տիրապետություն:
Ուստի, երբ այս բաները մարդու մեջ զրկվում են, մարդը անխուսափելիորեն թառամում է, լճանում է, բայց երբ այս բաները քաջալերվում են, նա անխուսափելիորեն ծաղկում է, հզորանում է: Ու միայն Քրիստոսում են կարող այս բաները քաջալերվել ու ծաղկել: Քանի որ միայն Քրիստոսում է մարդը վերականգնվում Աստծո պատկերի մեջ, որը գիտելիք, արդարություն, սրբություն և տիրապետություն է: Ուստի, երբ մարդը մերժում է Աստծուն ու իրեն հղված Աստծո կանչը, նա մերժում է կյանքը ու ընտրում է մահը, նա մերժում է իր գոյության ամեն մասնիկը ու իր բնության ամեն տաղանդը: Քանի որ ինչպես մեր Տերն է հայտարարում, << Նա ով որ Իմ դեմ է մեղանչում, վնասում է իր հոգին: Բոլոր Ինձ ատողները մահն են սիրում>> (Առակ 8:36): Ուստի մեղքը անխուսափելիորեն մահվան է տանում, քանի որ մեղքը մարդու բնության խախտում է: Ինչքան էլ որ մարդու բնությունը ամբողջապես փչացված լինի ու ինչքան էլ որ այն ընկած-մեղավոր լինի, այն ամբողջովին բարի էր ստեղծվել, ու մարդը չի կարող ապրել եթե այդ քաղցկեղային մեղքը նրա վրա իշխում է ու նրա մեջ հաղթանակում է: Աստված ասած, <<այն օրը որ դուք դրանից ուտեք, դուք կմեռնեք>>: Այստեղ Երբայերեն բնագրերը այն են արտահայտում որ այդտեղ մահվան սկզբունքն էր սկսելու գործել: Դու ի մահ տանող հիվանդություն ես ստացել, որից փախուստ չկա, բացառությամբ Քրիստոսի միջոցով: Ուստի, մարդը ի մահ տանող հիվանդություն ունի, ու մարդու բնական (հումանիստական) բարի լինելու մեջ ոչ մի հավատք չի կարող բուժել նրանց անհույս իրավիճակը: Ու մյուս կողմից էլ նաև մեզ համար չի կարող որևէ իրական հույս լինի եթե մենք հավատանք որ մարդկային փչացվածությունը, ամբողջական փչացվածությունը անխուսափելի է, քանի որ մարդու բարի բնությունը Քրիստոսում պետք է վերականգնվի, ու որի պայմաններով պետք է պատմությունը շարժվի ու ապագան ձևավորվի:
Եկեք աղոթենք:
Ամենազոր Աստված մեր երկնային հայր, մենք Քեզ շնորհակալություն ենք հայտնում որ մարդուն սկզբնապես բարի ես ստեղծել և մեզ վերականգնում ես Քո պատկերին Հիսուս Քրիստոսում, և օր առ օր մենք մեռցնում ու ավելի ու ավելի ենք ատում մեղքի սկզբունքը, մեր էության քաղցկեղը, ու մենք Քեզ շնորհակալություն ենք հայտնում այն հույսի համար որ մերն է: Ու Քեզ շնորհակալություն ենք հայտնում որ մենք աճում ենք գիտելիքով, արդարությամբ, սրբությամբ, և տիրապետությամբ: Այնպես արա որ մենք ծաղկենք ու բարգավաճենք ու հզորանանք, որպեսզի ամեն ինչը Քրիստոսին ենթարկենք: Ու թող ուրախանանք այն ազատությամբ որ մերն է Քրիստոսում: Այս նպատակների համար մեզ օրհնիր, Հիսուսի անունով,
Ամեն:
ՀԳ
Երբ Ռշտունին ասում է որ << քրիստոնեական կրթական համակարգի մեջ ուսումը շատ ավելի գերազանց է քան թէ ոչ քրիստոնեական կրթական համակարգի մեջ>> նա Ամերիկայի մասին է խոսում, որտեղ կան քրիստոնեական դպրոցներ ու շատ քրիստոնյա հավատացյալներ իրենց երեխաներին տնային կրթություն են տալիս: Հայաստանում պետական աթեիստական ոչ-քրիստոնեական կրթական համակարգից բացի ոչինչ գոյություն չունի ուստի այս մասը միգուցե որոշ մարդկանց համար դժվար լինի ընկալել: