Վերջաբանությունն ու Աղոթքը (12)
Ինչու՞ Պիտի Աղոթենք Իշխանությունների Համար
Հովհաննես Ռշտունի
Շարք – <<Վերջաբանություն>>
Եկեք աղոթքով սկսենք: Ամբողջ փառքը լինի Քեզ Աստված, որը Իր շնորհով ու ողորմությամբ է ստեղծել ամեն ինչը, Քո նպատակների համար: Ու Դու մեզ կանչել ես որպեսզի մենք լինենք թագավորական ընտանիքի անդամներ, Աստծո թագավորության քաղաքացիներ: Մենք աղոթում ենք Հայր մեր որ ամեն ժամանակ մենք չմոռանանք թէ ինչպիսի հարուստ ժառանգություն ունենք Հիսուս Քրիստոսում, որ Նրանում մենք Քո շնորհով ու զորությամբ լինենք հաղթանակողներ և ավելին: Որ մենք լինենք Հոգով լցված ու Հոգով կառավարված, ու ամեն ինչում ցնծացող քանի որ մենք Քո ժողովուրդն ենք, հաղթանակի ժողովուրդը: Օրհնիր մեզ, մինչ մենք մեզ հիմա հանձնում ենք Քո խոսքի սերտողությանը: Հիսուսի անունով, ամեն:
Մեր այսօրվա Աստվածաշնչի համարները 1 Տիմոթեոս 2.1-4-ից է, իսկ մեր թեման է <<Վերջաբանությունն ու Աղոթքը>>: Եկեք ընթերցենք:
<<Ուստի ես ձեզ հորդորում/հրամայում եմ որ ամենից առաջ (Աստծուն) աղոթք ու խնդրանքներ/միջնորդություններ ու աղաչանքներ ու շնորհակալություններ հայտնեք բոլոր մարդկանց համար, թագավորների ու բոլոր իշխանավորների համար: Որպեսզի մենք խաղաղ ու հանդարտ կյանք վարենք ամենայն աստվածապաշտությամբ ու ազնվությամբ (/սրբությամբ): Քանի որ սա բարի և ընդունելի է մեր փրկիչ Աստծո առջև, Որը կամենում/ցանկանում է որ բոլոր մարդիկ փրկվեն և ճշմարտության գիտությանը գան>>:
Մենք արդեն մի քանի ամիս է որ սերտում ենք վերջաբանության վարդապետությունը, վերջին բաների վերջաբանությունը: Ու ինչպես արդեն նշել ենք, մեր ժամանակներում հավատացյալները ամբողջովին կենտրոնացած են վերջին ժամանակների վերջաբանության վրա, այսինքն, Քրիստոսի երկրորդ գալուստ, մահ, հարություն, վերջնական դատաստան, հավիտենական կյանք: Բայց վերջաբանությունը երկու տեսակի է, ոչ միան վերջին ժամանակների վերջաբանություն, այն նաև վերջնակետային վերջաբանություն: Երբ Աստված վերջնակետ է կիրարկում, ազդում է որ մի բան պատահի, տեղի ունենա, կամ երբ մենք Տիրոջմով աշխատելով մի բանը իր վերջավորությանն ենք հասցնում ժամանակի մեջ, պատմության մեջ, դա՛ է վերջնակետային վերջաբանությունը: Նոյան ջրհեղեղը, Բաբելոնի կամ Հռոմի կամ Երուսաղեմի կործանումները, սրանք վերջնակետային վերջաբանություններ են եղել, ու ավելի շատ այսպիսի օրինակներ:
Այսօրվա մեր քննարկվող հարցը Աղոթքն է, իսկ աղոթքը իր բնույթով վերջաբանական է: Ամեն անգամ աղոթելով մենք վկայություն ենք անում մեր վերջաբանության անձնական հավատքին: Եթե մեր աղոթքը ինքնա-կենտրոն է, ապա դրանով մենք ուզում ենք ասենք որ Աստծո գործողությունների վերջնական նպատակը պետք է մեզ հոգ տանելը լինի, դուրս թողնելով մնացած այլ բաները: Բայց մենք պետք է Քրիստոսի թագավորությունը ունենանք մեր առջև, պատկերի ամբողջականությունը: Մենք չպետք է հավատանք որ պատմության նպատակակետը մեր ինքնա-բավարար զգալն է, այլ, մենք սկզբում պետք է փափագենք Աստծո թագավորությունը և Նրա արդարությունը:
Պատարագային աղոթքի զորությունը այն է որ այն մեր ուշադրությունը դարձնում է ոչ միայն մեր վրա, այլ նաև մեզնից դուրս բաների վրա: Իսկ պատարագային աղոթքի թուլությունն այն է որ այն բավարար շեշտ չի դնում մեր անձնական կյանքի ու կարիքների վրա: Ավետարանչական / Բողոքական եկեղեցիներում հանպատրաստից (առանց նախնական պատրաստվածության) արված աղոթքների զորությունը կայանում է նրանում որ այդ տեսակի աղոթքները կենտրոնանում են անձի և անմիջական եկեղեցու անդամների կարիքների վրա, բայց շատ հաճախ այս աղոթքները չափից դուրս նեղ/կենտրոնացած են ու Աստծո թագավորությունը ու դրա կապակցված ազդեցություններն ու գործերը չեն տեսնում:
Հիմա եկեք նայենք Տիմոթեոսի գրքի մեր կարդացած համարներին այս փաստերի տեսակետից: Այստեղ ամենատխուր փաստը այն է որ հավատացյալների մոտ Տիմոթեոսի գրքի այս համարների իմաստը կորել է, հիմնականում 4-րդ համարի շուրջ առաջացած վիճաբանություների հետևանքով, մասնավորապես այդ բառերը, <<Որը/Աստված կամենում/ցանկանում է որ բոլոր մարդիկ փրկվեն>>: Շատերը հավատում են որ Աստծո նպատակը բոլոր մարդկանց փրկությունն է, ու սա նրանք նայում են որպես ամբողջական/Ունիվերսալ փրկության փաստ: Երբ որ Ունիվերսալիստ եկեղեցին Ամերիկայում որոշ տարածվածություն ուներ, նրանք այս համարը օգտագործելով ասում էին որ բոլոր մարդիկ վերջիվերջո փրկվելու են: Հակա-Կալվինիստները այս համարն են շատ օգտագործում հարձակվելու նախասահմանության վարդապետության վրա: Բայց այս անելով նրանք Աստվածաշնչի մի համարը օգտագործում են հարձակվելու այլ համարների վրա, մի համարը մյուսի դեմ հանելով: Աստվածաշունչը պարզ կերպով հայտարարում է որ Աստված աշխարհի ստեղծումից առաջ մարդկանց նախասահմանել է փրկության կամ կորստի/դժոխքի, ուստի մենք չենք կարող մի տեքստի հետ խաղ անել որպեսզի մեկ այլ տեքստի պարզ իմաստը հերքենք: Ուստի, մեզ համար շատ կարևոր է որ մենք ճիշտ հասկանանք այս համարի իմաստը:
Ջոն Գիլը այս համարի վրա մեկնաբանելով ասել է որ
<<բոլոր մարդիկ>> ասելով մենք չպետք է հասկանանք որ այս համարը խոսում է Ադամից սկսված մինչև աշխարհի վերջը ապրող յուրաքանչյուր անձի մասին, քանի որ Աստծո կամքը չէ որ բոլոր մարդիկ փրկվեն, քանի որ Աստծո կամքն է որ որոշ մարդիկ հավիտենական դժոխք գնան իրենց մեղքերի ու անօրենությունների համար, նրանց վրա Աստծո արդարադատությունը ցուցադրելու համար, ու սրանք այն անաստված մարդիկ են լինելու որոնք աշխարհի ստեղծումից նախասահմանվել են դժոխք գնալու (Հուդա 4), ում մասին գրված է <<հեռացեք դուք, անիծվածներ, դեպի հավիտենական կրակի մեջ>>: Ավելին, եթե Աստծո կամքը լիներ որ յուրաքանչյուր անձ փրկվեր ապա բոլորը կփրկվեին, քանի որ <<ո՞վ է կարող դիմադրել Աստծո կամքին>> (Հռոմեացի 9.19): Մի՞թէ Աստված չի անում Իր կամքը երկնքի զորքերի ու երկրի բնակիչների մեջ: Ճիշտ այդպես, մի՞թէ Նա չի գործում Իր սեփական կամքի խորհուրդով: Ուստի մենք կարող ենք համոզված լինել որ այդ իմաստով <<բոլոր մարդիկ>> փրկված չեն, չեն փրկվելու, քանզի որոշները կգնան հավիտենական պատիժների մեջ, իսկ արդարները (Քրիստոսի արդարությամբ արդարացվածները, Նրա արդարությունը ընդունողները) հավիտենական կյանքի մեջ են մտնելու>>:
Ջոն Գիլը հիամանալի ձևով է մեկնաբանում այս համարը: Իսկ Ջոն Կալվինը այս համարների մասին ասել է որ <<Այս համարը ընդհա՛նրապես ոչ մի կապ չունի մարդու հոգու հավիետանական փրկության հետ, ոչ մի կապ>>: Կալվինը ճիշտ է եղել:
Ի՞նչ է նշանակում երբ մենք կարդում ենք <<Որը կամենում/ցանկանում է որ բոլոր մարդիկ փրկվեն>>: Հուներեն բնագրերի մեջ <<փրկվել>> բառը ՍՈԹԵՆԱԻ (σωθῆναι, sōthēnai) կամ ՍՈԶՈ բառն է: Այս բառը կարող է նշանակել փրկություն, բայց ամեն անգամ չէ որ այս բառը հոգու փրկություն է նշանակում: Աստվածաշնչի տարբեր լեզուների թարգմանությունների ամենամեծ խնդիրն այն է որ երբեմն լեզուները աղքատ են: Օրինակ, հուներեն լեզվով <<սեր>> բառի համար երեք տարբեր բառեր կան, որոնցից երկուսը հաճախակի են օգտագործվում Նոր Կտակարանում, ու այս երկու բառերը երբեմն իրարից հսկայական տարբերություններ ունեն իրենց իմաստի մեջ: Փրկության համար մի քանի տարբեր բառեր են օգտագործվում, ու Տիմոթեոսի այս համարների մեջ օգտագործվող բառը միշտ չէ որ փրկություն է նշանակում: Օրինակ, այս բառը Գործք Առաքելոց 14.9-ում է օգտագործվում, Երբ Պողոս առաքյալը <<անդամալույծին նայելով տեսնում է որ նա հավատք ունի փրկվելու>>: Այստեղ փրկվել բառի իրական իմաստը <<բուժվել>> բառն է, սա չի նշանակում որ անդամալույծի հոգին իր բժշկությունով փրկվեց, նա պարզապես բուժվեց և վեր կացավ ու քայլեց: Կամ, այս նույն բառը իր արմատով Մաթևոս 8.25-ում է օգտագործվում, երբ Առաքյալները Հիսուսի հետ նավով ծովի մեջ են գտնվում ու մի մեծ փոթորիկ է սկսվում ու նրանք Հիսուսին զարթնացնելով ասում են <<Տե՛ր փրկիր մեզ, կորչում ենք>>: Մի՞թէ նրանք Հիսուսին ասում էին <<մեզ դժոխքից փրկիր որ դրախտ գնա՞նք>>, իհարկե ոչ: Նրանք ուզում էին ասել մեզ խորտակվելուց փրկիր: Տիմոթեոսի տեքստի մեջ փրկություն, փրկել բառի հիմնական իմաստը <<ապահով դարձնելն>> է, մի բանը ապահովելն է: Մեզ ապահովություն տուր: Եթե մենք սա ըմբռնենք, ապա Տիմոթեոսի այս համարը ամբողջովին ուրիշ իմաստ է ունենում: Մենք այս փրկություն բառը մի-միայն կարող ենք հոգու հավիտենական փրկություն հասկանալ այն դեպքում երբ տեքստը պարզ կերպով այդ իմաստն է արտահայտում, իսկ Տիմոթեոսի այս համարում այդ ձևով չի օգտագործվում:
Ուրեմն, այսքանը իմանալով, այս համարը ի՞նչ է նշանակում: Պողոսն ասում է որ ինքը պահանջում է որ մենք աղոթենք բոլոր մարդկանց համար, կամ, ոչ թէ աշխարհի բոլոր մարդկանց համար այլ բոլոր կատեգորիաների մարդկանց համար, ու այդ կատեգորիաներից մի քանիսն է թվարկում՝ թագավորներ, իշխաններ և այլն: Սա հրաման է: Իսկ ի՞նչն է որ հրաման է պահանջում: Պողոսը նրանց ասում է որ դա նրանց դուրը չի գա, ու որ նրանք այդ աղոթքները չպետք է զայրույթով անեն, ատելությամբ անեն, կասկածելով անեն:
Եկեք սրա մի բնագավառին նայենք: Աղոթքներ, միջնորդություններ, շնորհակալություններ արվեն բոլոր մարդկանց համար, թագավորների ու իշխանների համար: Հիմա, փորձիր ինքդ քեզ այդ ժամանակվա քրիստոնյաների տեղը դնես, ու հիշիր այն փաստը որ այդ ժամանակվա քրիստոնյաների մեծ մասը դարձի եկած հրեաներ էին, որը նշանակում է որ նրանք կրկնակի ատելությամբ էին լցված իշխանությունների հանդեպ: Որպես հրեա, նրանք գիտեին Հռոմի ու դրանից առաջ Հունաստանի բռնատիրական զորության մասին, ու որպես (հալածված) քրիստոնյաներ նրանք դա կրկնակի էին զգում իրենց մաշկի վրա: Նրանք չէին սիրում թագավորներին ու իշխանության պաշտոնյաներին, ու եթե նրանք նրանց համար աղոթեին ապա պետք է զայրույթով աղոթեին: Նրանք իրենց աղոթքի մեջ չէին ասի <<Տեր, օրհնին թագավորին, կամ կայսրին>>, նրանք մեծ հավանականությամբ աղոթելով կասեին <<Տեր, անիծիր կայսրին, նզովիր իշխանություններին>>: Այդ ժամանակվա եկեղեցին այս փաստի դեմ էր կանգնած: Նրանք թշնամաբար էին տրամադրված իշխանությունների հանդեպ, հիմնված նրանց դեմ արված բռնատիրությունների վրա: Ու այստեղ Պողոսը հրաման է տալիս որ հավատցյալները իշխանների ու պաշտոնյաների համար աղոթեն: Սա մեզ համար նշանակում է (սա 1981 թվի սերտողություն է) որ մենք պարտական ենք աղոթելու Պրեզիդենտ Ռեյգանի համար, ու նրանից առաջ պրեզիդենտներ Քարտերի ու Ֆորդի ու Նիքսոնի համար, կամ, պրեզիդենտ Ջոնսոնի ու Քենեդիի համար: Իհարկե այս պրեզիդենտների անունները լսելիս շատ հավատացյալների մոտ արդեն իսկ սրտխառնոց է առաջանում (Հայաստանում օրինակ, Պողոսը մարդկանց հրաման է տալիս որ աղոթեն Փաշինյանի, կամ իրենից առաջ Սարգսանի կամ Քոչարյանի համար): Պողոսը հենց սրա մասին էր գրում առաջին դարում: Նա ասում է որ մի՛ աղոթեք զայրույթով: Շատ եկեղեցիներ պրեզիդենտի համար աղոթք չեն անում: <<Ինչու՞ պետք է մենք աղոթենք մի մարդու համար որը Աստծո կամքը չի անում, որը չարիքներ է գործում: Բայց Պողոսը հրաման է տալիս որ մենք աղոթենք, նույնիսկ շնորհակալություն հայտնենք բոլոր մարդկանց համար, ներառյալ թագավորների ու իշխանների, որպեսզի մենք խաղաղ կյանք ունենանք ամեն աստվածապաշտությամբ ու ազնվությամբ: Այտեղ Պողոսը չի ասում որ մենք աղոթենք նրանց հոգիների փրկության համար, ուրիշ համարներում Պողոսը ասում է որ մենք աղոթենք մարդկանց հոգիների փրկության համար, բայց այս համարներում ուրիշ բան է ասում:
Աստվածաշունչը ամեն տեղ մի-միայն հավիտենական փրկության մասին չի խոսում, ինչքան էլ որ շատերը այդպես են ուզում հասկանան: Մեծ մասամբ Աստվածաշունչը ուրիշ բաների մասին է խոսում: Կշեռքներ, ուտեստեղեն, աշխատանք, կոչում, ամեն տեսակի օրենքների մասին, մեր պարտականությունները մեր ծնողների հանդեպ, մեկս մեկի հանդեպ, մեր պարտականությունները որպես տղամարդ կամ կին ամուսիններ: Աստվածաշունչը մեծ մասամբ ուրիշ բաների մասին է խոսում: Սա մարդու փրկության կարևորությունը չի նվազեցնում, այլ, փրկությունը մի ամբողջական պատկերի մի մասն է կազմում:
Պողոսը մեզ այս համարներում ասում է որ մենք պետք է աղոթենք որ բոլոր մարդիկ փրկվեն այն իմաստով որ նրանք ապահով լինեն, ապահով դառնան, ապահովացվեն: Ինչու՞: Որպեսզի մենք կարողանանք վարենք խաղաղ ու հանգիստ կյանքեր ամենայն աստվածապաշտությամբ ու ազնվությամբ: Պողոսն ասում է որ Աստված մեզնից պահանջում է որ մենք մեր շուրջը եղող բոլոր մարդկանց համար աղոթենք ու նրանց համար շնորհակալություն հայտնենք: Շնորհակալություն հայտնենք ինչի՞ համար: Օրինակ, մեր կյանքը ինչի՞ն կնմանվեր առանց էլեկտրիկների, առանց ավտոբուսի վարորդների, առանց մեխանիկների, առանց վադապռավոդչիկների, երբ որ նրանց կարիքն ենք զգում (պատկերացրու քո տան զուգարանը զասարենի ա եղել ու մասնագետ չկա որ գա կոյուղու խողովակները բացի, ու զուգարանը շատ արագ կերպով անփառավոր վիճակի է վերածվում): Այսինքն, մենք ապրում ենք փոխկապակցված մի աշխարհում, մեկս մեկից կախման մեջ ենք գտնվում: Ու Աստված ուզում է որ մենք դա գիտակցենք, որ եկեղեցում մենք մեկս մեկի անդամներն ենք, ու նաև եկեղեցուց դուրս, ընդհանուր աշխարհում մենք փոխկապակցված ենք, ու մենք պետք է աղոթենք, որպեսզի մենք վարենք աստվածապաշտ ու խաղաղ կյանք, ազնիվ կյանք, հանգիստ կյանք: Աղոթեք այս բոլոր մարդկանց համար երբ նրանք իրենց գործերն են անում, ու աղոթեք որպեսզի իշխանությունները մեզ տան այդ աստվածապաշտ, խաղաղ, հանգիստ, ազնիվ հասարակական կարգերը: Պողոսը սրա մասին է խոսում, որպեսզի Ավետարանը առաջ գնա, որի համար այդպիսի խաղաղ իրավիճակ է պահանջվում: Պողոսն ասում է որ մենք պարտականություն ունենք շնորհակալություն հայտնելու Աստծուն ու իշխանություններին հասրակական կարգերի համար, ու որ մենք օգտվում ենք այդ կարգերից ու խաղաղությունից ամեն օր, որ ամեն օր տանից դուրս գալուց մենք չպետք է անհանգստանանք որ ինչ որ մեկը պատի հետևը կացինով պախկված կլինի որ թռնի մեզ վրա ու մեզ հարվածի: Ուստի, մենք պարտականություն ունենք աղոթելու որ կյանքի կարգ ու կանոնությունը շարունակվի, ու Աստծուն շնորհակալ լինենք նրանց համար որոնք իրենց գործն են անում խաղաղ կյանքի շարունակման գործի մեջ: Պողոսը գիտեր որ իր ասածը իր ունկնդիրների ցանկությունների դեմ էր, դրա համար էլ նա ասում է որ <<հորդորում/հրամայում>> է, որ մարդիկ առանց կասկածի ու զայրույթի աղոթեն: Դու միգուցե իշխանություններին կամ վարչապետին չսիրես, ու շատ լավ պատճառ ունես նրանց չսիրելու, ու երբեմն հարկավոր է որ դու աղոթես որ Աստված նրանց վրա դատաստան բերի, բայց մենք նաև նրանց համար պետք է աղոթենք, որպեսզի Աստված նրանց կարողություն տա որպեսզի նրանք կարգ ու կանոն պահպանեն, քանի որ Առակաց գրքում ասում է որ Աստված կարողություն ունի թագավորի սիրտը կառավարի Իր կամքը կատարելու համար: Թագավորները/Վարչապետները որոնք չեն ուզում դա անեն, Աստված կարող է նրանց սիրտը փոխի որ նրանք Իր կամքը անեն: Ուստի մենք չպիտի կասկածենք: Աստված կարող է գործ անել Բրեժնեվի սրտի մեջ (սա 1980 թվի Սովետական Միության առաջնորդն էր) ու Ռեյգանի սրտի մեջ:
Մենք պիտի մի բան գիտակցենք, որ մեր ժամանակներում այս աղոթքները անտեսվում են: Եկեղեցու պատմությանը նայելով մենք տեսնում ենք որ այդ անտարբերությունը ամենաուժեղը մեր ժամանակներում է: Անցյալում իշխանությունների համար աղոթելը եկեղեցու պատարագակարգի ու ծառայության կարգի մի մասն են կազմել: Օրինակ, անգլերենում Ընդհանուր Աղոթքի Գրքի մեջ աղոթք կա պրեզիդենտի ու բոլոր քաղաքացիական իշխանությունների համար: Այդ աղոթքը այսպիսին էր:
<<Ով Տեր մեր երկնային Հայր, աշխարհի բարձր ու զորեղ իշխան, որ Իր գահից նայում է երկրի բոլոր բնակիչներին: Խորը սրտով ենք Քեզ աղաչում որ Քո բարեսրտությամբ օրհնես Ամերիկայի Միացյալ Նահանգների պրեզիդենտին ու նահանգապետներին ու բոլոր քաղաքացիական իշխանության պաշտոնյաներին, ու Նրանց վրա ցանես Քո Սուրբ Հոգու շնորհը, որպեսզի նրանք միշտ հակված լինեն կատարելու Քո կամքը ու քայլեն Քո ճանապարհներով, նրանց տուր առողջություն ու բարգավաճություն ու երկար կյանք, ու վերջում այս կյանքից հետո նրանք թող ստանան հավիտենական կյանք ու ուրախություն Հիսուս Քրիստոսում>>:
Սա լավ աղոթք է, թերևս որ այս աղոթքի մեջ Անգլիայի եկեղեցու Էրաստիանիզմի մասնիկներ կան: (Էրաստիանիզմը այն հավատքն է որ պետությունը իրավունք ունի իր քիթը խոթի եկեղեցական գործերի ու իշխանության մեջ):
Ջոն Կալվինը Ջենեվայի իր ծառայության մեջ իշխանությունների համար աղոթքի մասին է գրել ասելով
<<Թող որ իշխաններն ու թագավորները իշխեն Քո Սուրբ Հոգով, որպեսզի նրանք պատշաճ կերպով օգտագործեն իրենց տրված դատաստանի սուրը, որպեսզի նրանց տիրապետությունը չօգտագործվի բռնատիրությամբ ու դաժանությամբ ու անարդարությամբ, կամ որևէ այլ չար ու անսովոր կրքերով, բայց ամենայն արդարադատությամբ ու մաքրությամբ, ու մենք՝ նրանց ներքո ապրելով թող որ նրանց ցույց տանք հարգանք ու հնազանադություն, որպեսզի վարենք խաղաղ ու հանգիստ կյանք ամենայն աստվածապաշտությամբ ու ազնվությամբ>>:
Իր Ընդհանրական այս աղոթքի մեջ Ջոն Կալվինը 1 Տիմոթեոս 2.1-4-ից է մեջբերում արել, ու այդ համարների ճշմարիտ իմաստն է հասկացել: Ջոն Նաքսը նույնանման մի աղոթք է ունեցել Շոտլանդիայի եկեղեցում:
<<Ավելին, քանի որ իշխանների սրտերը Քո ձեռքի մեջ են, մենք Քեզ աղաչում ենք որ դու կառավարես բոլոր իշխանների ու թագավորների ու դատավորների սրտերը, նրանց ում որ Դու սուրն ես տվել: Մանավանդ Անգլիայի թագուհու ու իշխանների սրտերը, որ դու նրանց մաքուր ու պատվավոր պահես, որպեսզի Քո Սուրբ Հոգին կառավարի թագուհու սիրտը որպեսզի նա այնպես վարի իր պաշտոնը որ Քո կրոնը հասարակության մեջ մաքուր պահվի, որպեսզի մարդկանց պահվածքը ուղղվի ու մեղքը պատժվի, համաձայն Քո Սուրբ Խոսքի ճշգրիտ կանոնների>>:
Ինչպես տեսնում ենք Ջոն Նաքսի աղոթքն էլ է դիպչում Տիմոթեոսին գրված Պողոսի խոսքերին:
Պողոսը այս համարներում մտահոգված է հասարակական խաղաղության համար, որպեսզի Քրիստոսի արքայության տարածման համար խոչընդոտներ չլինեն, որպեսզի Աստծո արքայությունը բարենպաստ պայմաններում առաջ ընթանա: Բոլոր մարդիկ իրենց դերը ունեն կատարելու ու իրենց ներդնումը անելու ընդհանուր կարգ ու կանոնի ու խաղաղ կարգերի պահպանման համար: Ու մենք պետք է Աստծուց շնորհակալություն հայտնենք որ նրանք իրենց դերն են կատարում: Բայց սա չի նշանակում որ մենք չենք աղոթելու մարդկանց հոգիների փրկության համար: Տերունական աղոթքում մեզ ասվում է որ մենք պետք է աղոթենք որ <<Քո թագավորությունը գա ու Քո կամքը լինի երկրում ինչպես որ այն երկնքում է կատարվում>>: Որ մարդիկ ու ազգերը Աստծո թագավորության մեջ բերվեն: Որ հավատքով ու Սուրբ Հոգու գործով նրանք մեկ մարմին լինեն Նրանում: Տերունական աղոթքը սրան աստվածակենտրոն շեշտադրում է տալիս: Այսպիսով, երբ մենք մարդկանց համար ենք աղոթում մենք լոկ չպետք է աղոթենք որ Այսինչ Այսինչյանը դժոխքից փրկվի, բայց որ Այդինչ Ադինչյանը Տիրոջը ճանաչի ու Աստծուն ծառայի ու Նրան փառաբանի որպես Աստծո հասարակության փրկված անդամ: Այստեղ տարբերություն կա: (20-21-րդ դարում հավատացյալները հակված են ամեն ինչ միայն անձնապես հասկանալու՝ անձնական հավատք, անձնական փրկություն, անձնական մկրտություն և այլն):
Ու ինչպես նախապես ասեցի, 1 Տիմոթեոս 2.1-4-ը չի բացառում որ մենք նաև աղոթենք որ Աստված դատաստան բերի իշխանների ու վարչապետի վրա: Ու հաճախ հարկավոր է որ մենք այդպես աղոթենք: Մենք պարտավորված ենք որ աղոթենք որ Աստված Իր դատաստանը բերի իշխանների վրա երբ նրանք Աստծուց հեռանում են: Բայց ինչի մասին որ Պողոսն է այստեղ խոսում կապված է մեր ընդհանուր կյանքի հետ, քանի որ հասարակական անարխիան մեր գործին խոչընդոտում է: Ավելին, ինչ որ Պողոսն է այստեղ գրում նորություն չէ Աստվածաշնչում (մեր ժամանակի հավատացյալները հավատում են որ Նոր Կտակարանում գրված բաները մեծ մասամբ նոր բաներ են, բայց կարելի է ասել ամեն ինչ որ Նոր Կտակարանում է գրվել իր նախադեպը ունի Հին Կտակարանում, ուղղակի մարդիկ Հին Կտակարանին անծանոթ են):
Օրինակ, երբ Բաբելոնը Հուդայի երկիրը (Իսրայելը) գրավեց ու նրանց տեղահան անելով Բաբելոն տարավ, Երեմիան հրեա ազգին հրամայում է որ նրանք Բաբելոնի խաղաղության համար աղոթեն: Մենք այս համարների մասին մոռանում ենք, քանի որ մենք հակված ենք Աստվածաշնչի մեջ մտնենք ու մի-միայն այնպիսի համարներ գտնենք թէ Աստվածաշունչը ի՞նչ է ասում իմ անձնական կյանքի վերաբերյալ: Բայց, այն ժամանակ երբ Երեմիան Բաբելոնի կատարած հրեաների ստրկության պատմության ահավոր դեպքի մանրամասնություններն է նկարագրում, Երեմիան նաև ասում է որ այս դատաստանը Հուդայի երկրի ու Երուսաղեմի վրա եկավ նրանց մեղքերի պատճառով: Ու հիմա նրանք Բաբելոն են աքսորվելու, ու եթե նրանք ուզում են Աստծո ժողովուրդը լինեն ապա նրանք պետք է Բաբելոնի խաղաղության համար աղոթեն: Օրինակ, Երեմիա 29.7-ում նա ասում է, <<Փափագեք այն քաղաքի խաղաղությունը, որը ձեզ գերի է տարել, ու Աստծուն աղոթեք այդ քաղաքի համար, քանի որ դուք նրանց խաղաղությունով եք խաղաղություն ունենալու: Մի պահ կանգ առեք ու դա փորձեք պատկերացնել: Երեմիան հրեա գերեվարվածներին իրենց գերեվարության ընթացքում ասում է <<Աղոթեք այս մարդկանց համար, որոնք ձեր սիրելիներից շատերին սպանել են, ու ձեզ էլ հիմա գերի են տանում դեպի Բաբելոն>>: Աղոթեք Բաբելոնի խաղաղության համար: Աղոթքի վերջաբանության էությունն այն է որ մենք Աստծո վերջնակետն ունենանք որպես մեր նպատակակետ, այն մեր մտքի մեջ ունենանք: Մենք չպետք է էգոկենտրոն լինենք, էգոիստ լինենք, քանի որ նույնիսկ մարդու զայրույթն է փառաբանելու Աստծուն, ասում է Սաղմոս 76.10-ը: Ուստի, մենք պետք է Աստծուն շնորհակալություն հայտնենք մեր շուրջի կարգ ու կանոնի համար: Ու մենք վայելում ենք այդ կարգ ու կանոնները, ինչքան էլ որ դրանք թերություններով լի լինեն: Աշխարհի ուրիշ վայրերում մարդկանց վիճակը շատ ավելի ծանր է: Ու մենք Աստծուն շնորհակալ ենք կարգ ու կանոնի համար, ու նրանց համար ովքեր այդ կարգ ու կանոններն են պահպանում: Ու Աստված մեզ կօրհնի երբ մենք կատարենք Նրա կամքը: Աստված մեզնից պահանջում է որ բոլոր մարդկանց համար աղոթենք, վեր բարձրացնելով սուրբ ձեռքեր, առանց զայրույթի ու կասկածամտության, որպեսզի մենք վարենք հանգիստ ու խաղաղ կյանքեր, ամենայն աստվածապաշտությամբ ու ազնվությամբ, քանի որ սա ընդունելի է մեր փրկիչ Աստծո առջև: Եկեք աղոթենք:
Մեր Տեր ու մեր Աստված մենք Քեզ շնորհակալ ենք որ Քո խոսքը մեզ հիշեցնում է մեր պարտականությունները: Մենք շնորհակալ ենք բոլոր մարդկանց համար ովքեր կարգ ու կանոնը պահելու գործի մեջ իրենց ավանդն են ներդնում: Մենք շնորհակալ ենք Քեզ նրանց համար ովքեր մեր իշխաններն են ու իրենց գործով հասարակական կարգ ու կանոնն են պահպանում: Ու մենք Քեզնից շնորհակալ ենք որ Դու կարողություն ունես փոխելու սրտերը պրեզիդենտների, վարչապետների, մարզպետների, քաղաքապետերի ու գյուղապետերի, որպեսզի նրանց Քո ծառաները դարձնես: Ուստի մեզ շնորհ տուր Քո կամքը կատարելու, առանց զայրույթի ու կասկածամտությամբ: Որպեսզի ուրախ լինենք այն կարգ ու կանոնի համար որ Դու ես տալիս մեզ, ու որ մենք էլ մեր գործերը անենք այդ կարգ ու կանոնը պահպանելու համար, որպեսզի դրանք ծառայեն Քո Թագավորությանը, այս աշխարհում տարածվելու համար, որպեսզի այս աշխարհի թագավորությունները վերջիվերջո դառնան Մեր Տեր Հիսուս Քրիստոսի թագավորությունը, ում անունով էլ մենք աղոթում ենք, Ամեն:
ՀԱՐՑԵՐ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ
ՀԱՐՑ: Կարծում ե՞ք որ 1 Տիմոթեոս 2.15-ում երբ ասում է որ կանայք երեխա ունենալով են փրկվելու, այս համարը նույն իմաստով է գրված ինչպես որ մեր այսօրվա սերտած համարն է նշում:
ՊԱՏԱՍԽԱՆ: Ճիշտ այդպես, դա հենց սրա մասին է խոսում: Կանայք երեխա ունենալով հավիտենական փրկություն չեն ստանում իհարկե, դա դրա մասին չի խոսում: Այս երկու համարներում նույն <<փրկվել>> բառն է օգտագործում նույն իմաստով: Երկու համարներում էլ հավիտենական փրկության մասին չի խոսում: Այստեղ հասարակական կարգ ու կանոնի պահպանման մասին է խոսում, ու որ մենք դրա մեջ կօրհնվենք եթե այն պահպանվի ու շարունակվի ու մենք էլ մեր դերը կատարենք դրա շարունակման մեջ, քանի որ սա Աստծո կամքն է: (կարելի է ասել որ երեխա ունենալով մարդիկ ավելի քիչ եսասեր են դառնում, ավելի ծառայողներ են դառնում):
ՀԱՐՑ: Կարող ե՞ք բացատրել 6-րդ համարը, որտեղ գրված է որ Նա Իր կյանքը փրկագին տվեց բոլորի համար:
ՊԱՏԱՍԽԱՆ: Այո, 3-րդ համարում ասում է որ << սա բարի և ընդունելի է մեր փրկիչ Աստծո առջև, Որը կամենում/ցանկանում է որ բոլոր մարդիկ փրկվեն և ճշմարտության գան>>: Այնուհետև Պողոսը խոսում է նրա մասին որ Աստված և Քրիստոսը մեկ են, որ Քրիստոս Աստված է ու մարդու և Աստծո միջև միջնորդ է, ու Նա նաև մարդ է, Քրիստոս մարդը, որը Ինքն Իրեն փրկագին տվեց ու ճիշտ ժամանակին վկայություն արեց, ու <<ես էլ կարգվել եմ որպես Նրա քարոզիչ>>: Սա այն համարներից մեկն է որտեղ Աստված և Քրիստոսը ճանաչվում են որպես մեկ, մեկություն: Պողոսն ասում է որ սա Հայտ Աստծո կամքն է, ու Աստված նաև Որդի Աստվածն է: Նա՝ ով որ այս բաներն է արել, այս բաներն է հրամայել:
ՀԱՐՑ: Իսկ ի՞նչ կասեիք <<բոլոր>> բառի մասին:
ՊԱՏԱՍԽԱՆ: Այո, բայց <<բոլոր>> բառը այստեղ չի վերաբերում բոլոր ապրող մարդկանց: (ինչպես արդեն նշեցինք, Պողոսը <<բոլոր>> ասելով հիմնականում նկատի ունի <<բոլոր կատեգորիաների մարդիկ>>,ամեն տեսակի մարդիկ, ու ոչ թէ համայն մարդկությունը: Համայն մարդկությունը չի փրկվում, չի փրկվելու: Քրիստոսը միայն Աստծո ընտրած մարդկանց համար է Իր կյանքը տվել, փրկագին արել: Քրիստոսի արած քավությունը անսահման արժեք ունի, բավարար է որպեսզի բոլոր մարդկանց փրկի Ադամից ու Եվայից սկսված մինչև աշխարհի վերջին մարդը, բայց այդ քավությունը միայն կիրարկվում է(արդյունավետ է) Աստծո ընտրյալների համար, նրանց համար ում Աստված ընտրել է որ փրկի, ապաշխարության առաջնորդի, վերստին ծնունդ տա, աշխարհի ստեղծումից առաջ: Եփեսացի 1.4-ը սա շատ պարզ կերպով է հայտարարում:
ՀԱՐՑ: Միգուցե <<բոլոր>> ասելով այն տեսակետից է ասում որ Քրիստոսը զոհաբերվեց որպեսզի բոլորի համար փրկությունը հավանական դարձներ:
ՊԱՏԱՍԽԱՆ: Այո, դա մեկնաբանության մի տարբերակ է որին շատերն են հավատում: Այս հասկացությունը մանավանդ կալվինիստների մեջ է տարածված: Դա է տարբերությունը Ունիվերսալ (համամարդկային) Քավության և Սահմանափակ Քավության հավատքների միջև: Կալվինիստները հավատում են Սահմանափակ Քավությանը: Սահմանափակ Քավության հավատքը ասում է որ Քրիստոսի զոհաբերությունը հավիտենականությունից էր արվել(ու խաչի ժամանակ կատարվել, ու քավութունը մարդու ապաշխարության/դարձի գալու ժամանակ է նրա վրա կիրարկվում, ապաշխարողը դատական ձևով Աստծո առջև արդարանում է երբ Քրիստոսի քավությունը նրա վրա է կիրարկվում) նրանց բոլորի համար ովքեր կհավատային, ում որ Աստված հավիտենականությունից ընտրել է որոնց հավատք տա որ հավատան, իսկ Ունիվերսալ Քավության հավատացողներն ասում են որ Քրիստոսի քավությունը բոլորի համար է արվել, ու ով որ ընտրում է որ փրկվի այդ պահին Քրիստոսի քավությունը նրա վրա է կիրարկվում: Ես հավատում եմ Սահմանափակ Քավությանը: Քրիստոսի քավությունը արդյունավետ է բոլոր նրանց ում համար որ դա նախատեսված է եղել հավիտենականությունից որ արդյունավետ լինի:
ՀԱՐՑ: Այստեղ <<բոլոր>> ասելով չի ասու՞մ որ բոլոր ազգերի բոլոր մարդկանց է դա վերաբերվում:
ՊԱՏԱՍԽԱՆ: Ճիշտ այդպես, ուրիշ տեղերում էլ է այս <<բոլոր>> բառը օգտագործվում որը բոլոր ազգերի բոլոր մարդկանց չի վերաբերվում, ու այդ տեքստերում շատ ավելի պարզ կերպով է այն ասվում:
Ուզում եմ մի բան նշեմ այստեղ: Ջոն Կալվինից հետո առաջացած կալվինիստական հավատքը Կալվինից մի քայլ այն կողմ գնաց հենց այս հարցի շուրջ: Ջոն Կալվինը Սահմանափակ Քավությանը չի հավատացել, բայց Կալվինից հետո Կալվինիզմը այս հավատքը զարգացրեց շատ արագ կերպով:
ՀԱՐՑ: Ես մի հարց ունեմ 14-15 համարներից, որտեղ ասվում է որ <<Ադամը չխաբվեց այլ կինը խաբվելով մեղք գործեց>>: Այս համարներից կարող ե՞նք հասկանալ որ Ադամը այդ պահին ամբողջովին հասկանում էր որ սխալ գործ էր անում, այսինքն, առանց խաբնվելու մեղք գործեց, ու դրա հետևանքների մասին գիտե՞ր:
ՊԱՏԱՍԽԱՆ: Այո, ճիշտ այդպես: Եկեք մի պահ դրա հետևանքներին նայենք, քանի որ դու շատ կարևոր կետ ես մեջտեղ բերում: Ադամը ստեղծվել էր որպեսզի Տիրապետություն աներ, իշխանություն գործադրեր, ու Ադամի առջև շատ դժվար առաջադրանք էր դրվել: Նա Աստծո կողմից իրեն տրված նախագիծ ուներ Եդեմի Պարտեզում: Նա պետք է Եդեմի Պարտեզին հոգ տաներ, մշակեր: Նա պետք է մի բնակվելու տեղ կառուցեր իր համար, ու դրա շուրջը ցանկապատ կառուցեր որպեսզի վայրի կենդանի անասունները չգային քայլեին իր տան պարտեզի մեջ ու բանջարեղենները ոտնահարեին ու փչացնեին: Մենք մեր շրջանում գիտենք թէ եղնիկը ինչ է կարող անել պտուղի ծառին: Ու այդ ամենը անելու համար Ադամը ոչ մի գործիք չուներ: Ադամի մի կատարյալ իրավիճակի մեջ էր, կատարելության մեջ էր, այն առումով որ առանց մեղքի էր ապրում, բայց Եդեմի Պարտեզի մեջ ամեն ինչ պրիմիտիվ էր, հասունացած չէր: Սա Ադամի համար տքնաջան աշխատանք էր: Ամենա-առաջին բանը որ նա պետք է աներ դա գործիքներ կառուցելն էր, որպեսզի նա կարողանար դրանցով աշխատեր: Օրինակ, Եդեմի Պարտեզի հենց առաջին գիշերը մեզ ասվում է որ ջրի թանձր ցող էր վերևից թափվում Պարտեզի վրա ամեն գիշեր: Այն օրերում գիշերային ցողն էր ջրում երկիրը քանի որ անձրև չկար: Պատկերացրու բացօթյա տեղում ես գտնվում ու այդ ծանր ցողն է գիշերով վերևից թափվում գլխիդ: Այս պահին Ադամը առաջին բանը որ պետք է աներ խրճիթանման մի կառույց սարքելն էր, որ գլխի վերևը կտուր ունենար ու այդ ցողից պաշտպանվեր: Ու իհարկե երբ Եվան ստեղծվեց արդեն այդ փոքրիկ խրճիթը նրանց համար բավարար բնակության վայր չէր լինի, ու Ադամը պետք է ավելի մի մեծ տուն կառուցեր (ոնց որ որոշ զարգացած եկեղեցիների հայ աղջիկներն են ասում, <<մի հատ տղա եմ փնտրում որ այս կամ այն պայմանները ապահովի ինձ համար նոր հետո հետը ամուսնանամ>>, ու շատ աղջիկներ ցավոք սրտի այս պատճառով տունն են մնում, թթվում են, գնալով դախանում ու ավելի քիչ ցանկանլի են դառնում հավանական թեկնածուների համար): Սա շատ դժվար տքնաջան աշխատանք էր: Իսկ կենդանի անասունները կենդանի անասուններ էին, թերևս որ Եդեմի Պարտեզի մեջ դեռ մեղք չկար դա չի նշանակում որ այս կենդանի անասունները խելացի էին ու գիտեին որ այս գազարը կամ վարունգը կամ խնձորը մարդուն էր պատկանում ու այն վարունգը ընդհանուր պարտեզի մեջի վարունգ էր որ կարող էին ուտեին: Նրանք քայլելով կգային ու Ադամի տնկած բանջարեղենների վրայով կքայլեին՝ կործանելով դրանք, ուստի Ադամը պետք է ցանկապատ սարքեր դրանք ապահովելու համար, Ադամը ահագին տարածքի համար պետք է ցանկապատ կառուցեր, ու դա հսկայական դժվար գործ էր նրա համար: Երբ Սատանան եկավ Ադամի ու Եվայի հետ խոսելու, ու այդ պահին Ադամն էլ էր ներկա(թերևս որ շատերը սրա մասին չգիտեն, ասում է որ Եվան կերավ ու տվեց Ադամին, որը հենց այդտեղ էր կանգնած), բայց երբ Սատանան եկավ նրանց հետ խոսելու, Ադամը առանց խաբնվելու մեղք գործեց, Ադամը ուղղակի հոգնած էր իրեն տված պատասխանատվություններից, իշխանություն գործադրելուց: Ու Եվան սկսել էր առաջնորդությունը իր ձեռքը վերցներ, ու գայթակղիչը ուղղակի Եվայի մոտ գնաց ու սկսեց նրա հետ խոսել: Եվան սկսել էր մտածել որ ինքը ավելի ճիշտ ձևով կաներ ամենը, ու Ադամն էլ առաջնորդություն անելուց հոգնել էր, դրա համար Սատանայի ու Եվայի զրույցի ընթացքում Ադամը ոչ մի բառ չասաց: Ուստի, Ադամը չխաբնվեց, նա ուղղակի հոգնած էր, հոգնել էր իշխանություն գործադրելուց, առաջնորդելուց: Խնդիրն այդտեղ դա էր, ու Պողոսը Տիմոթեոսի գրքի մեջ հենց դրա մասին է խոսում (այն եկեղեցիներում որտեղ կինը երկրպագություն է առաջնորդում կամ քարոզ է անում, այսինքն առաջնորդություն է անում, այս եկեղեցիները Ադամի և Եվայի ապստամբությանն են միանում, այս եկեղեցիներում տղամարդիկ հոգնած են առաջնորդություն անելուց, ուստի կանայք են սկսում առաջնորդի դեր տանել, Աստծո պատվիրանի հակառակ: Այսպիսի բառադի եկեղեցիներ վերջերս սկսել են շատ ծլել այստեղ-այնտեղ: Ու այս եկեղեցիներում մեծացած աղջիկները ամուսնանալով հսկայական խնդիր ունեն իրենց ամուսնուն ենթարկվելու, իրենք են ուզում լինեն ընտանիքի գլուխը, ինչպես որ հաճախ եկեղեցին է փորձում լինել Քրիստոսի մարմնի գլուխը):
Մեր ժամանակը վերջացավ այսօր, եկեք գլուխներս կախենք աղոթքի համար:
Տեր, մենք Քեզ շնորհակալություն ենք հայտնում որ Դու մեզ Քոնն ես սարքել: Դու մեզ գործ ես տվել անելու ու գործի մեջ ուրախություն: Թող որ հիշենք բոլոր նրանց ովքեր Քո ստեղծագործության մի մասն են կազմում: Որ մենք գոհունակ լինենք նրանց արած գործերի համար հասարակության մեջ, ու որ նրանք Քո կարիքը զգան, ու որ մենք միշտ նրանց մեր աղոթքների մեջ պահենք: Մեզ տուն ուղարկիր այսօր Քո օրհնությամբ ու մեզ օր առ օր օրհնիր Քո ծառայության մեջ Քո փառքի ու գովաբանության համար, Հիսուսի անունով: Ամեն:
ՀԳ
Փակագծերի մեջ արված նշումները թարգմանչի նշումներն են: