Մեղքը և Ֆանտազիան (Երևակայությունը)

Հովհաննես Ռշտունի

Եկեք աղոթքով սկսենք:

Ամենազոր Աստված մեր երկնային Հայր, մենք Քեզ շնորհակալություն ենք հայտնում որ այս խնդիրներով լի աշխարհում ապրելով մենք մենակ չենք, Դու միշտ մեզ հետ ես ու մեզ օգնում ես:  Մենք քեզնից շնորհակալ ենք որ Հիսուս Քրիստոսը մեզ ավելի մոտ է քան մենք ինքներս ենք մեզ մոտ, որ Ինքը մեր կյանքն է, մեր փրկիչն ու փրկագնողն է, մեր Քահանան, Մարգարեն ու Թագավորն է, ու որ մենք Իրա անունով պիտի նվաճենք ու հաղթենք:  Մեզ օրհնիր այս օրը մինչ մենք սերտում ենք Քո խոսքը ու մեզ զորացրու Քո ծառայության մեջ, Հիսուսի անունով, ամեն: 

Աստվածաշնչի մեր սերտողությունը Ղուկասի առաջին գլխից է, Ղուկաս 1.46-55.

<<Եվ Մարիամը ասաց, իմ անձը փառավորում է Տիրոջը, և իմ հոգին ուրախացավ իմ փրկիչ Աստծովը:  Որովհետև Նա իր աղախնի խոնարհությունը հաշվի առավ (մտիկ տվավ), որովհետև ահա այսուհետև բոլոր ազգերը/սերունդները ինձ կանվանեն օրհնված(երանի կտան), որովհետև Ամենազորը մեծամեծ բաներ արեց ինձ համար և սուրբ է Նրա անունը:  Եվ Նրա ողորմությունը ազգից ազգ/սերնդից սերունդ նրանց վրա է ովքեր Նրանից վախենում են:  Նա իր բազուկովը զորություն ցույց տվեց և Նա ցվրեց հպարտներին (ամբարտավաններին) իրենց սրտի պատկերացումներումը(նրանց մտքի ֆանտազիաներումը):  Նա զորավորներին իրենց աթոռներից իջեցրեց և խոնարհներին բարձրացրեց:  Նա սովածներին բարիքներով լցրեց և հարուստներին դատարկ(աձեռ) ուղարկեց/արձակեց:  Նա Իր Իսրայել ծառային օգնեց իր ողորմությունը հիշելով:  Ինչպես մեր հայրերի հետ խոսեց, Աբրահամին և նրա զավակին, մինչև հավիտյան>>:

Մեր այսօրվա թեման է Մեղքը և Ֆանտազիան, ու մենք այստեղ մասնահատուկ ձևով հետաքրքրված ենք 51-րդ համարով, <<Նա հպարտներին ցվրեց իրենց սրտի պատկերացումներումը>>:  Հունարեն բնագրերի մեջ պատկերացում/մտածմունք բառը թարգմանվում է որպես խորհել, անկախ տրամաբանությամբ մտածել, տրամաբանել/մտածել առանց Աստծո, բոլորովին անկախ մտածելակերպ:  Այսպիսի տեսակի բոլոր մտածմունքը, տրամաբանությունը, տրամաբանելը Աստվածաշունչը կոչում է պատկերացում, պատկերացնել, ֆանտազիա (երազներով ապրել):  Ամբողջ աստվածաշնչի մեջ ոչ մի տեղ դրական բան չի ասվում ֆանտազիաների, երազներով մտածելու վերաբերյալ, օրինակ, Ծննդոց 6.5, 8.21, 2 Օրինաց 29.19-ում, 31.21, Երեմիա 23.17-ում, 1 Մնացորդաց 28.9, Հռոմ 1.21, 2 Մնացորդաց 10.5 համարներում:  Աստվածաշունչը պատկերացումների, երազներով շարժվելու մասին խոսում է որպես մի չարիք: 

Ես մի քանի առիթներով խոսացել եմ արձակ գրականության ու կինոների հանդեպ ժամանակակից մարդու ունեցած սիրո մասին:  (Արձակ նշանակում է հեքիաթ, ոչ իրական, շինծու, առասպելային:  Օրինակ, Սասունցի Դավիթ պատմութունը արձակ է, Ռաֆու <<Կայծերը>> կամ <<Սամվել>> վեպերը արձակ են, հորինված պատմություններ, Ձմեռ Պապին շինծու է, այդպիսի բան իրականում գոյություն չունի):  Ես ավելի մանրամասն սրա մասին գրել եմ իմ <<Ապստամբություն Հասունության Դեմ>> Գրքի մեջ: 

Ես մարդկանց ուշադրությունը այս թեմայի մասին գրածների մեջ հրավիրում եմ այն փաստի վրա որ մարդկության պատմության մեջ ոչ մի ժամանակահատվածում մարդը այդքան շատ ժամանակ չի անցկացրել իր միտքը ֆանտազիաներով/պատկերացումներով լցնելով քան թէ մեր ժամանակներում է արվում:  Կինոներ, Մուլտիկներ, Արձակ գրականություն, հեռուստացույց, անվերջ հիմար սերիալներ, ու ամենօրյա մտածելակերպ, բոլորը լցված են ֆանտազիաներով:  Ժամանակակից հումանիստական կրթությունը մարդու մտքի հողը պատրաստում է ֆանտազիաների աշխարհի համար, անիրական բաներ մտածելու համար, ու վաղ տարիքից երեխաների միտքը ֆանտազիաներով են լցնում, երազային կյանքի սիրով են լցնում:  Ուստի, պատկերացումը ժամանակակից մարդու համար շատ կարևոր բան է:  Որոշ եկեղեցիներում նույնիսկ քարոզիչներն են ժողովրդին հորդորում որ երազեն ապագայի համար, երազներով ապրեն:

Աստծո խոսքով չկառավարվող մարդը իրականությունով չի կառավարվում, քանի որ իրականությունը մարդու ստեղծագործությունը չէ:  Ամեն ինչ Աստված է ստեղծել ու իրականությունը հայտնում է Աստծո միտքը և ոչ թէ մարդու միտքը:  Արդյունքում, դա մեղքի էությունն է որ մարդուն հրում է երևակայությունների մեջ որպեսզի նա փախնի Աստծո օրենքի-աշխարհից, իրականությունից:  Ուստի, խնդիրը շատ հրատապ ու շատ գործնական է, հետևանքային է:  Մարդու կյանքի ամեն բնագավառը կառավարվում է պատկերացումներով, երևակայություններով, ֆանտազիաներով:  Սա հումանիզմի հիմնական բաներից է:  Ադամից ծնված բոլոր մարդիկ, ինչպես Ծննդոց 6.5-ում է ասում, Աստված տեսավ որ մարդու սրտի պատկերացումները միայն չարիք էին, շարունակաբար:  Այսօրվա ուսումը/կրթությունը պատկերացումների վրա է շեշտ դնում, իսկ պատկերացումները փոխարինում են իրականությանը:  Ավելին, պատկերացումը փորձում է իրականությանը կառավարել: 

Վերջին տարիներին ինձ ամենաշատը մտահոգել է այն փաստը որ շատ հաճախ իմ հանդիպած երիտասարդ նոր ամուսնացած զույգերը, 20-30 տարեկան, նրանց մոտ շատ արագ կերպով սեռական իմպոտենցիա է առաջանում, սեռական անկարողություն:  Նրանք, երբեմն ամուսնանալուց միանգամից հետո, գտնում են որ առանց ֆանտազիաների մեջ մտնելու նրանք անկարող են ունենալ որևէ սեռական հարաբերություն իրենց կնոջ հետ:  Ու շատ դեպքերում իրենց կինը շատ գեղեցիկ աղջիկ է:  Ինչու՞, ի՞նչն է պատճառը որ նրանք նախընտրում են սեռական ֆանտազիաների մասին մտածել:  Սրա պատճառն այն է որ պատկերացումների մեջ ֆանտազիաներով ստեղծված անձը ամբողջովին մարդու ստեղծած արարածն է, մինչդեռ իրական անձը Ամենազոր Աստծո ստեղծած արարածն է, իրենց կինը Աստծո ստեղծած արարածն է: 

Ժամանակակից մարդը գերադասում է այն աշխարհը, ինչքան էլ դա պակաս լինի իրական աշխարհից, որի մեջ նա իր պատկերացումներով է ստեղծում աշխարհը:  Իրական աշխարհը այս <<թերությունը>> ունի նրա մտքի մեջ, դա մի աշխարհ է որը ինքը չի ստեղծել:  Արդյունքում, ժամանակակից կյանքի ամեն բնագավառում մարդը շարունակաբար իրականությունից է փախնում, քանի որ իրականությունը Աստծո ստեղծածն է, ոչ թէ մարդու ստեղծածը:  Ավելին լուսաբանելով, մեր ժամանակներում Փլեյբոյի առեղծվածն է տարածված ամեն տեղ, չամուսնացած միայնակ տղամարդու գաղափարը (Փլեյբոյը, Playboy, Ամերիկյան ամսագիր է որը մերկ տղաների ու աղջիկների նկարներ է հրապարակում:  Այս ամսաթերթը ժամանակակից պոռնոգրաֆիայի հիմքն է եղել):  Ջորջ Գիլգերը հիանալի հետազոտություն է արել այս թեմայով, <<Տկլոր Թափառական>> գրքով:  Ջորջ Գիլգերը ցույց է տալիս որ չամուսնացած մենակ տղամարդը ուրախ ու ազատ լինելու փոխարեն իրականում նեռվայնացած ու լարված մի տղամարդ է, որը ամեն տեսակի հոգեբանական ու էմոցիոնալ/զգայական խնդիրներ ունի, մշտական դիպրեսիայի/անձկության մեջ է, մեծ մասամբ ալկոհոլիկ կամ թմրամոլ է, հոգեկան խանգարված վիճակի մեջ է, շատ լուրջ առողջական խնդիրներ ունի, կարճ ասած նա հասարակական միստիկ է, խառնված մարդ:  Իհարկե ժողովուրդը Գիլգերի նկարագրած իրականությունը այդքան չեն ընդունում ինչքան որ մշակույթի ստեղծած հեքիաթային միայնակ տղամարդու նկարագրած իրականությունն են ընդունում:  Մարդը գերադասում է ֆանտազիաների մեջ ապրի ոչ թէ իրականության: 

Ու այս նույն վիճակը տիրում է ֆանտազիաներով ապրող միայնակ աղջկա կյանքում, տարբերություն չկա:  (Ֆեյսբուկում մենք հաճախ ենք հանդիպում լիքը-սելֆիներ-անել սիրով տառապող աղջիկների, որոնք տարբեր անկյուններից ու տարբեր շորեր հագած լիքը նկարներ են դնում ֆեյսբուկի վրա փորձելով իրենք իրենց գովազդելով սպիտակ ձիու վրա նստած ասպետ որսան իրենց հորինած ֆանտազիաների աշխարհում:  Այս աղջիկները գաղափար չունեն թէ այդքան ինքնասիրահարված նկարներ գցելով ինչքան իդիոտական տպավորություն են թողնում իրական սոլիդնի տղաների վրա, նրանց վրա ովքեր աշխատասեր ու ընտանիքասեր ու ընտանիք-պահող տղերք են:  Իրանց արածը ուղղակի շատ անդուր բանա, դատարկություն:  Դրանով միայն ֆանտազիաների մեջ ընկած ցոփ ու շվայտ տղա կվորսաս: Ոսկե ձկնիկի տեղը գորտ են որսում, ու հետո փորձում են գորտին համբուրելով արքայազնի վերածել, որը միայն հեքիաթների մեջ է տեղի ունենում:  Իրական կյանքում գորտը գորտ ծնվում է ու գորտ էլ սատկում է):

Փլեյբոյի ու պոռնոգրաֆիայի աղջիկների նկարները միշտ ուրախ ու զվարթ դեմքերով են, բայց բազում հետազոտություններով պարզվել է որ այս աղջիկներից գրեթե բոլորին փոքր ժամանակ սեռական բռնաբարությունների են ենթարկել, հաճախ իրենց ընտանիքի մեջ իրենց հոր կամ եղբոր կամ բարեկամի տղայի կողմից, ու նրանցից շատերը շատ երիտասարդ տարիքում են մահանում, հաճախ ինքնասպանությունով կամ թմրադեղերի դոզաների տակ մնալով: 

Բայց չնայած բազում փաստերի մարդիկ ոչինչ չեն սովորում, հասարակությունը մշտապես այն առեղծվածն է առաջ տանում որ մեղքի մեջ ապրող երիտասարդները ուրախ են (մեր ժողովրդի մեջ մեծերը երիտասարդներին այս խոսքն են ասում <<քանի ջահել ես կյանքդ վայելիր>>, որը իհարկե ապուշ խոսք է:  Ես ամուսնանալուց հետո 1000 անգամ ավելի ուրախ ու բավարարված կյանքով եմ ապրել քան թէ չամուսնացած վիճակում, ու ամուսնանալուց հետո շատ ավելի փող եմ սկսել աշխատել քան թէ ամուսնանալուց առաջ): 

Մարդկանց ֆանտազիաների, պատկերացումների/երևակայությունների մեջ մեղքը պետք է ուրախ բան լինի: 

Մարդկային Ֆանտազիաներն ու պատկերացումները նաև օրենքի ու քաղաքականության մեջ են իշխում, ինչպես նաև տնտեսագիտության մեջ:  Օրինակ, երբ որ մեկը ժողովրդին առանց նրանց ապրելակերպը ու արժեքները փոխելու նրանց խոստանում է բարձր աշխատավարձեր ու արդարադատություն, սակագների իջեցում և այլ ցնդած հեքիաթներ:  (Վերջին տարիներին հայ ազգը այս դատարկ ֆանտազիաներին են մշտապես ենթարկվել, վերջում մնալով հիասթափված ու հուսալքված:  Կամ, որ մեզ հավատացնում էին այն ֆանտազիաներին որ մեր բանակը հզոր ու անպարտելի բանակ է ու կարող է հրաշքներ գործել:  Իհարկե հիմա էլ այդ հիմարների բազմությունը հավատում են մեկ այլ ֆանտազիայի, որ դա հայկական բանակը չէր որ թույլ ու անկարողունակ էր, որ 2020 թվի պարտության պատճառը եղել է այն որ հողերը ծախվել են կամ չգիտեմ ինչ հեքիաթներ:  Տաղանավոր հրամանատար Վովա Վարդանովը բազում անգամ այս առեղծվածը հերքել է փաստերով, որ մեր բանակը իր թույլ ու անմարտունակ վիճակով է պարտվել ոչ թէ ինչ որ մի դավադրության ու դավաճանության հետևանքով:  Մեկ այլ ֆանտազիայի էլ որ ժողովուրդը հավատում են այն է որ Թուրքիայի հետ պատերազմի դեպքում Ռուսները իրենց որդիների կյանքը վտանգի կդնեն որպեսզի հայերին պաշտպանեն, կամ, Ֆրանսիան կամ Ամերիկան կամ այսպես կոչված Համաշխարհային Հանրությունը թույլ չեն տա որ Թուրքերը Հայաստանը գրավեն ու հայերին բնաջինջ անեն:  Ֆանտազիա, երևակայություն:  Թուրքերը ուղղակի հարմար պահի են սպասում որ դա անեն, ու դրա դեմ միակ լուծումը ատոմային ռումբ կառուցելն է, որը մինչև հիմա չի արվել ու հույս էլ չկա որ որևէ մի խելքը գլխին իրատես հավատացյալ քրիստոնյա գա իշխանության գլուխ ու այս գործը նախաձեռնի շուտափույտ կերպով):

Ժողովուրդը մտածում են որ իրենք կարող են դեմոկրատիայով ու աշխատատեղեր ստեղծելով կյանքը բարելավել, երբ նրանք միևնույն ժամանակ Աստծո Խոսքն ու օրենքներն են ոտնահարում:  (Հայ ժողովուրդն էլ իր յուրահատուկ ֆանտազիաներն ունի ու իր երազներով է ապրում, հավատալով որ հայ ազգը շատ հինավուրց ազգ է ու շատ տաղանդավոր ստեղծագործող ազգ է ու աշխարհի ամենա առաջատար ազգն է, մինչդեռ վերջին 1000 տարվա մեր պատմությունը ամենևին հակառակ փաստերն է մեզ ներկայացնում:  Ու այս ֆանտազիաներն ու պատկերացումները ժողովրդին թույլ չեն տալիս որ իրենց ներկայի իրական հարցերը լուծեն ու առաջ շարժվեն:  Կյանքը իրարահաջորդ մշտական ձախորդությունների ու ողբերգությունների շարան է): 

Բայց ինչպես Մարիամն է ասում, այս բոլոր մարդկային ֆանտազիաները կործանվելու են:  <<Նա իր բազուկով զորություն է ցույց տալիս, Նա հպարտներին ցվրել է նրանց սրտի պատկերացումների/ֆանտազիաների մեջ>>:  Մարիամը ուրախանում է փառավոր պատմական գործընթացքի մեջ, որը մշտապես հանգել է գոռոզների ցվրվելուն ու անհետանալուն, իրենց սրտի ֆանտզիաների մեջ ապրող գոռոզների:  Առակաց 16.18-ն ասում է <<Հպարտությունը կործանումից առաջ է գնում, և գոռոզ հոգին էլ անկումից առաջ>>:  Հպարտությունը իրականությունից անջատված է: 

Հեթանոսությունը հպարտությանը մեծարել է:  Հին հունական փիլիսոփաները մեծ մասամբ հպարտությանը մեծարել են:  Արիստոտելն ասել է որ <<հպարտությունը մեծահոգի մարդու նշանն է>>, հեթանոս փիլիսոփաներն ու իմաստունները հպարտության չարիքը համարել են գերագույն առաքինություն:  Բայց մեր Տեր Հիսուս Քրիստոսը հպարտությանը դատապարտել է որպես չարիք:  Մարկոս 7.22-ում Հիսուսը հայտարարում է որ հպարտությունը այլասերված սրտի պտուղն է: 

Թագավորաց գրքում Աստված խոստանում է անսասան ուխտ պահել Դավիթի սերնդի/սերմի հետ, որի գահը պիտի հաստատվի հավիտենապես, ու Դավիթը շնորհակալություն է հայտնում Աստծոն այս խոստումի համար, <<Ո՞վ եմ ես ով Տեր, ու ի՞նչ է իմ տունը որ ինձ հաշվի ես առնում, ու Դու խոսք ես տալիս որ քո ծառայի տունը մեծ բաներ է ստանալու ապագայում>>, ու 1 Մնացորդաց 17.17-ում,  <<Դու Քո ծառայի տան մասին ես խոսացել որ մեծամեծ բաներ է ստանալու ապագայում երկար ժամանակ, ու ինձ հաշվի ես առել մեծ պաշտոն ունեցող մարդու պես>>:  Հուներեն բնագրերի մեջ այս համարը այսպես է թարգմանվում <<Եվ սա է մարդու օրենքի-կարգը>>, կամ, <<Դու ինձ հաշվի ես առել համաձայն բարձր տեղում բնակվող մարդու օրենքի/կարգի համաձայն>>, այստեղ օրենք-կարգի համար Թորա բառն է օգտագործվում, օրենք, կարգ:  Այլ կերպ ասած, Դավիթը ուզում է ասել որ մարդու օրենք-կարգը, վիճակը, Հիսուս Քրիստոսն է, ու Նրա մարգարեական/ուսուցողական խոսք-օրենքը:  Իրականությունը մարդուց չի սկզբնավորվում, այլ, Աստծուց:  Իրականությունը Աստծո մարմնավորված Խոսքի (Քրիստոսի) ու Նրա գրված Խոսքի, Աստվածաշնչի մեջ է:  Հիսուս Քրիստոսը կյանքը կարգավորում է Աստծո իրականության պայմաններով, մինչդեռ մարդու երևակայությունները փորձում են կյանքը կարգավորել մարդու չար ֆանտազիաներով, այն ֆանտազիաներով որ մարդը աստված է: 

Ու քանի որ մարդու ֆանտազիաները անձնական են, նրա ներսում են, մարդը չի կարողանում տեսնի դրանց վտանգավոր հետևանքները:  Բայց այսօրվա մարդու անձնական մտքերը վաղվա հասարակական գործերն ու քաղաքականությունն են դառնում, ու կյանքը կառավարվում է անիրականությունով:  Յուրաքանչյուր հասարակության մեջ որտեղ անիրականությունը, ֆանտազիան է իշխում/կառավարում կյանքը, դատաստանը անխուսափելի է դառնում:  Այս անձերն ու հասարակություններն ու ուսումնական հաստատություններն ու եկեղեցիներն ու վարած քաղաքականությունները բախման ուղու վրա են գտնում իրականության հետ:  Աշխարհը մարդու կողմից չի ստեղծվել, ու այն երբեք չի ծառայի մարդու ֆանտազիաներին, մարդու երևակայություններին:  Մարդու ֆանտազիաները չարիք են, մեղք են:

ՀԱՐՑԵՐ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ

ՀԱՐՑ:  Ի՞նչ կասեիք մարդուն օգնելու ժամանակակից հոգեբանության այն գործունեություններին երբ նրանք Նյուրոսիզ ու Պսիխոզիս են օգտագործում մարդուն օգնելու համար:  (սրանք այն բաներն են երբ հոգեբանները մարդու հետ խոսելուց փորձում են նրա մեջից այսպես կոչված <<բացասականությունը>> հանեն, երբեմն հիպնոզացնելով, նրանից մեղավոր ու հանցավոր զգացմունքները հեռացնեն դրանք ուրիշների ու ուրիշ բաների վրա բարդելով, որպեսզի այդ մարդը խաղաղություն գտնի ու <<բուժվի>>:  Բուժվել բառը չակերտների մեջ է դրվել քանի որ մենք չենք հավատում որ մարդու հանցավոր զգացումը հիվանդություն է, որ մարդու խենթ ու անշնորք պահվածքը հիվանդություն է, դրանք իրականում մեղք են որոնք պետք է խոստովանվեն որ Հիսուսին Ընունելով մարդ վերստին ծնունդ ստանա ու արդարացվի Աստծո առջև):

ՊԱՏԱՍԽԱՆ:  Ժամանակակից հոգեբանության լուծումները խաբեբայություն են, ու այդ լուծումները ժամանակ առ ժամանակ (ամեն 5 տարին մեկ) փոխվում են քանի որ դրանք չեն աշխատում:  Դոկտոր Թոմաս Զասը (Thomas Zasz), որը ի միջի այլոց հումանիստ է, շատ հիանալի գործեր է արել այս ուղղությամբ, ցուցադրելով որ հոգեկան հիվանդութունը հեքիաթ է, անիրական է, այդպիսի հիվանդություն գոյություն չունի:  Նա այսպիսի բաները համարում է դերասանություն որի մեջ մարդիկ են խրվում քանի որ գիտեն որ ուրիշների վրա դա կարող են վաճառեն, դրանով նրանք իրենց ներքին հանցանքն են ծածկում:  Սա պատասխանատվությունից փախնելու նրանց միջոցն է:  (1980-ականներին մի 30 տարեկան անձ հանդիպեցինք որը իրեն շատ տարօրինակ էր պահում:  Վարսավիրանոցում նստած շեմուշկա էր չրթում ու գետնի վրա թափում, իրա հեչ պետքը չէր որ ես այդ պահին ավել էի անում ու գետինն էի մաքրում, վարսավիրի աշակերտ էի:  Այս տղան բարձրաձայն գոռգոռալով էր խոսում ու մարդկանց ասում էր որ ինքը գիժա, որպեսզի ինչ անումա ոչ ոք իրան չասի սխալա անում:  Այս տղան %100-ով ռեցեդեվիստ հանցագործ էր որը մի քանի անգամ բանտ էր նստել ու դուրս եկել, մարդկանց դանակահար էր արել մի քանի անգամ, ու իրա մեղավոր ու զզվելի պահվածքը արդարացնելու համար իրան գիժ էր համարում ու մի հոգեբան էր գտել որը նրան օրենքով գիժ էր համարել ու նրան այդ թուղթն էր տվել, մեղք գործելու անցագիր էր տվել:  Այս մարդը հիվանդ չէր, այս մարդը հանցավոր մեղավոր անձ էր):