Երեխաների Դաստիարակություն Մաս 2
(Աստվածաշնչական Տարբերակը)
Մենք այս թեմայի սերտողության երկրորդ մասը սկսելու ենք կարդալով Գաղաթացի 4.1-7-ը:
<<Ես ուզում եմ ասել, որ այնքան ժամանակ որ ժառանգը անչափահաս երեխա է, նա ծառայից ոչնչով չի տարբերվում, թերևս որ նա ամեն բանի տերն է (այսինքն ընտանիքի հարստության տերն է): Ժառանգը ենթակա է վերակացուներին ու տնտեսներին/մենեջերներին մինչև այն ժամանակ որ իր հայրն է որոշել: Նույն ձևով, երբ մե՛նք էինք անչափահաս, մենք աշխարհի տարրական (հոգևոր ուժերի) սկզբունքների ծառայության մեջ էինք: Բայց երբ նշանակված ժամանակը ամբողջովին եկավ, Աստված Իր Որդուն ուղարկեց, որը կնոջից էր ծնվել, օրենքի տակ էր ծնվել, որպեսզի փրկի նրանց ովքեր օրենքի տակ են, որպեսզի մենք որդեգրվենք: Ու քանի որ դուք Նրա որդինե՛րն եք, Աստված Իր Որդու Հոգին ուղարկեց մեր սրտերի մեջ, Հոգին որը աղաղակում է Աբբա, Հա՛յր: Ուստի դուք այլևս ծառա չէք, այլ Աստծո զավակը, ու քանի որ դուք Նրա զավակն եք, Աստված ձեզ ժառանգ է դարձրել>>:
Մենք երեխա մեծացնելու ընդհանուր աստվածաշնչական սկզբունքների ենք նայելու: Սա մի թեմա է որ մեզնից շատերի համար ահագին տրտմություն ու զայրույթ է առաջացրել, քանի որ կյանքի յուրաքանչյուր գործընթաց անեծքի տակ է գտնվում, ու սրա մեջ մտնում է երեխա մեծացնելը: Թերևս որ երեխաները ուրախություն են, նրանք նաև մեծ ցավ են: Նրանք ոտի փուշ են, ինչպես Աստվածաշունչն է նկարագրում: Հողը փուշ ու տատասկ է աճեցնում, ինչպես նաև ծառեր: Կայենը առաջին փուշն էր որը հողը աճեցրեց երբ Աստված հողը անիծեց: Ծննդոցի այս անեծքի խոսքերը մարդկանց են վերաբերվում, փուշ ու տատասկները: Մեր երեխաները հաճախ փշոտ են, ու երբեմն վիշտ են առաջացնում իրենց մայրերի ու հայրերի համար:
Բայց, Աստծո ուխտի խոստումն այն է որ Աստված կարող է փուշը ծառ դարձնի, ու Աստված այդ ցավերն ու վշտերը ուրախության է վերածելու, երբ մենք Նրան հավատարիմ լինենք: Խոստումն այն է որ Աստված մեր բացերը, պակասությունները լրացնելու է:
Ու մենք խոսեցինք երկու վկաների սկզբունքի մասին, թէ ինչպես են տղամարդիկ ու կանայք իրարից տարբեր, ու Աստվածաշնչի մեջ տղամարդու ու կնոջ տարբերությունները ամեն ինչի մեջ է նկատվում: Աստվածաշնչի մեջ մենք կին մարգարե չենք հանդիպում, մենք մարգարեուհի ենք հանդիպում, սրանց մեջ տարբերություններ կան: Մարգարեուհին հարսի մեջ է կանգնում ու եկեղեցու հետ է խոսում, իսկ Մարգարեն հարսից դուրս է կանգնում, հարսի դեմ, ու փեսային է ներկայացնում հարսի առջև: Աստվածաշնչի մեջ կին թագավոր չկա, կա թագուհի: Կին դատավոր չկա, կան դատավորուհիներ: Քահանաուհիներ չկան, քանի որ քահանան փեսային է ներկայացնում հարսի առջև:
Ընտանիքի մեջ էլ, երեխաների հետ շփվելով մայրերը ուրիշ ձևով են վարվում ու հայրերը ուրիշ ձևով, ու դրա մեջ ոչ մի սխալ բան չկա, դա հենց այդպես էլ պիտի լինի: Կանայք խոնարհվում երեխաների աստիճանին են հասնում նրանց հետ խոսելու համար, հայրերը կանգնած հստակ իշխանություն են ցուցադրում երեխաների վրա: Կանայք ահագին ժամանակ են անցկացնում երեխաների հետ, կապված են, ու երբեմն պիտի հեռու պահվեն երեխաներից կապվածությունը կամաց կամաց կտրելու համար, իսկ հայրերը իշխանական հրամաններ են տալիս երեխաներին: Հայրերը երեխաներին սովորաբար ավելի ուժեղ պատժի են ենթարկում, մայրերը սովորաբար ավելի թույլ պատիժ են գործադրում: Այս տարբերությունները Աստված է ստեղծել, որպեսզի երկու տարբեր վկաների վկայություն/ծառայություն լինի:
Ուրեմն, խոսեցինք Աստծո Խոստումի մասին որ Աստված մեր սխալները կուղղի ու խոսեցինք երկու վկաների սկզբունքի մասին: Հայրերն ու մայրերը նույն ճշմարտությունն են մատուցում երեխաներին, բայց տարբեր ձևերով:
Ու մեկ այլ փաստ էլ կա, որ անձնավորությունների/անձերի բազմազանություն կա, Իմ երեխան իմ նման է դառնալու ու քո երեխան քո նման, ու մարդիկ տարբեր ձևերով են երեխա մեծացնում: Ես իմ երեխային ավելի լավ եմ հասկանում, ու դու էլ քո երեխային: Ես ավելի լավ եմ հասկանում թէ իմ երեխան անհնազանդ է լինու՞մ թէ ուղղակի չափից դուրս ոգևորված է: Եթե իմ երեխան մի բան է կոտրում դա միգուցե նրանից է որ չափից դուրս ոգևորված է, դիտավորյալ չի անում դա:
Տարբեր ընտանիքներում մարդիկ տարբեր ձևով են երեխա մեծացնում ու իրանք տարբեր անձնավորություններ ունեն, ուստի, մենք պիտի մեկս մեկին հանգիստ թողնենք այս բնագավառում որպեսզի ամեն մեկս մեզ համար ահով ու դողով գործադրենք մեր անձերի փրկության գործը, Փիլիպեցի 2.12:
Մենք Գաղաթացի 4-ից կարդացինք որ Աստված Հին Կտակարանում անապատով քայլող Իսրայելին վերաբերվել է որպես երեխաների: Օրինակ, եթե մենք Իսրայելի պատմության նայենք Եգիպտոսից սկսած ու շարունակվելով մինչև Նոր Կտակարանը, մենք կնկատենք որ սա այն էտապներն են, այն աստիճաններն են որի միջով մեր երեխաներն են անցնում:
Սրա պատճառն այն է որ համընդհանուր մարդկությունը նույն ձևով ա մարդկություն ինչպես որ անհատական մարդկությունն է: Հասարակությունները կյանքի շրջան ունեն որոնք երեխայի կամ մարդու/անհատի կյանքի շրջանին են նման: Ընդհանուր ժողովրդի կյանքի շրջանը անհատ մարդու կյանքի շրջանին է նման:
Հիմա մենք կնայենք թէ Աստված Հին Կտակարանում եկեղեցու հետ ինչպե՛ս էր վարվում ու դրանից կարող ենք դասեր քաղել թէ մե՛նք ինչպես են կարող վերաբերվել մեր փոքրիկ երեխաների հետ:
Առաջին հերթին Աստված Իր երեխաների հետ շփվելով, Նա նրանց Տերն է, ու Իր երեխաների վրա իր Տերությունը Աստված 3 տարբեր ու մասնահատուկ ձևերով է գործադրում, ու այս երեքը մեկ են:
Առաջին հերթին, Աստված մեր կյանքը Կառավարում է, վերահսկում է, կամ ղեկավարում է, Կոնտռոլ է անում, կառավարություն, կոնտռոլ ունի մեր կյանքի վրա: Այսինքն, Աստված մեր կյանքերը մեզ համար կազմակերպում է: 1 Կորնթ 10.13 -ում ասում է որ ձեզ ոչ մի փորձություն կամ գայթակղություն չի պատահել որը արտասովոր է, այսինքն, որը սովորական չէ, ինչ ձեզ պատահում է ու կպատահի դրանց միջով բոլորն են անցնում: Ու Աստված հավատարիմ է ու թույլ չի տա որ ձեր կարողություններից վեր փորձվեք, Նա միշտ փախուստի ճանապարհ կտրամադրի փորձության հետ մեկտեղ, որ դուք դիմանաք, դիմակայեք: Սա նշանակում է որ Աստված երբեք թույլ չի տա որ դու մի փորձության ենթարկվես որի հետևանքով քո հավատքը կարող ես կորցնել: Մարդիկ երբեմն մտածում են թէ իրենք ինչ կանեն եթե անհավատները գան իրենց բռնեն տանեն ու բանտ նետեն ու տանջեն, իրենց եղունգները քաշեն հանեն, իրենց կաշին սկսեն քերթել որպեսզի նրանք իրենց հավատքը ուրանան: Մարդիկ կան որ միշտ այս բաների մասին անհանգստանում են: Օրինակ մարդ կա մտածում է թէ ինչ կլինի եթե մեկը իր կնոջն ու երեխաներին իր աչքերի առջև տանջամահ անի ու պահանջի որ նա իր հավատքը ուրանա: Դու պիտի գիտակցես սիրելիս որ Աստված երբեք երբեք դա թույլ չի տա որ կատարվի, եթե Աստված իմանա որ այդ փորձությունը քո ուժերից վեր է: Աստված Կորնթացիների այս համարների մեջ խոսք է տալիս որ այդպիսի բան չի թույլ տա: Մեր կյանքերը Աստված է ղեկավարում ու Ինքը երբեք թույլ չի տա որ քո կյանքում այնպիսի մի բան գա որին դու չկարողանաս դիմակայես, քո հավատքի պահպանման ու ուրացման տեսակետից: Ու կան բաներ, կան չարչարանքներ որ եթե քո կյանքի մեջ գային քո հավատքը կկործանեին, իմ հավատքը կկործանեին, բայց աստված իմ կյանքը այնպես է կառավարում որ թույլ չի տալիս ու երբեք թույլ չի տա որ այդպիսի բաները իմ կյանքի մեջ գան, մինչև ես բավականին հասունացած ու պատրաստ լինեմ դրանց համար: Քեզ երբեք ոչ մի փորձություն չի պատահել որին դու չէիր կարող դիմանալ, Աստված ամեն ինչ է ղեկավարում, քո շրջապատն է ղեկավարում, կոնտռոլ անում, ամեն ինչը: Աստված մեզ հետ այսպես է վերաբերվում, գործում, ու մենք էլ մեր երեխաների հետ պիտի վերաբերվենք այսպես, մենք իրենց շրջապատն ենք ղեկավարում: Սա կոչվում է Աստծո նախասահմանությունը, ոչինչ Աստծո ղեկավարությունից դուրս չի պատահում:
Սա առաջին բանն է, մենք սրան քիչ հետո էլի կանրադառնանք:
Աստված իր գերիշխանությունն ու տերությունը երկրորդ ձեվով ցուցադրում է քեզ ասելով թէ ինչ պիտի անես ու ինչ պիտի չանես, Նա հրամաններ է տալիս, պատվիրաններ է տալիս: Սա կոչվում է իշխանություն, առաջինը Ղեկավարություն էր, կոնտռոլը, երկրորդը Իշխանություն է: Աստված իշխանություն է ցուցադրում ասելով <<մի սպանիր, մի գողացիր>>, կամ, <<ուլիկին իր մոր կաթի մեջ չեփես>>, Աստված ասում է եթե դու ինձ անհնազանդես ես ապա քեզ կպատժեմ, եթե հնազանդես ապա ես քեզ կպարգևատրեմ: Աստված իշխանություն է ցուցարում: Սա երկրորդ ձևն է որով Աստված Տերություն է ցուցադրում մեր հանդեպ, ու դուք էլ ձե՛ր երեխաների հանդեպ պիտի այսպիսի տերություն գործադրեք: երեխային ասում ես, <<փողոց չգնաս>>, ու եթե նրանք անհազանդ են ու գնում են փողոց ապա նրանց պիտի պատժես: Կամ ասում ես <<գնա մամային օգնի ամանները լվա>>, ու եթե հնազանդվում անում են ապա նրանց պարգևես ես տալիս, միգուցե կանֆետ կամ մի ուրիշ լավ բան:
Երրորդ ձեվը որով Աստված Իր Տերությունն է գործադրում կոչվում է Ներկայություն: Ուրեմն, առաջինը ղեկավարությունն է, կոնտռոլ, երկրորդը Իշխանությունն է, իսկ երրորդը Ներկայությունն է: Սա մի քիչ դժվար է հասկանալ, Ներկայությունը, բայց մի քանի օրինակներ բերելով ավելի հեշտ կլինի հասկանալ: Սա հիմնականում նշանակում է որ Աստված մեզ հետ է ամեն ժամանակ: Աստված մեզ հենց այնպես չի ասում, <<արա այսպես>> ու հետո ասելուց հետո անհետանում է: Նա քո կողքն է մնում, Աստված քե’զ ավելի մոտ է քան թէ դու ես ինքդ քեզ մոտ, ինչպես Ռշտունին է ասում, ու Աստված քեզ օգնում է որ դա անես, ինչը քեզ պատվիրում է: Դու ինքդ քեզ այդքան լավ չես հասկանում, բայց Աստված քեզ կատարելապես ու ամբողջապես է հասկանում: Ես ինքս ինձ այդքան լավ չեմ հասկանում, բայց տարիներ անցնելով ես հասունանում եմ ու ինքս ինձ ավելի ու ավելի լավ եմ հասկանում, բայց Աստված ինձ ամբողջապես է հասկանում, ինձ ավելի լավ է հասկանում քան ես ինքս ինձ եմ հասկանում: Աստված ինձ ավելի մոտ է քան ես եմ ինքս ինձ մոտ, ու Ինքը միշտ իմ կողքին է, ինձ օգնում է, ինձ քաջալերում է, հրեշտակներ է ուղարկում ինձ պաշտպանելու համար: Աստված միշտ Ներկա է մեզ հետ, ու քանի որ Աստված ներկա է մեզ հետ օրվա մեջ ընդհանուր առմամբ ու հաց ուտելու ժամանակ մա՛սնավորապես, Մե՛նք էլ մե՛ր երեխաների հետ պիտի օրվա մեջ ընդահանրապես ներկա լինենք ու հաց ուտելուց մա՛սնավորապես ներկա լինենք: Հայրերը ինչքան կարող են պիտի տանը լինեն հաց ուտելու ժամանակ, ինչքան որ հնարավորություն ունեն:
Հաց ուտելը հաղորդություն է, ընտանեկան հաղորդություն: Եկեղեցում հաղորդությունը մենք անում ենք ուտելով ու խմելով, հաց ուտելով ու գինի խմելով: Կան մարդիկ որոնք ասում են որ հաղորդությունը լոկ հիշողություն է, մենք ուղղակի Հիսուսին ենք հիշում հաղորդությունով: Սա իհարկե աբսուրդություն է: Հաղորդությունը հիշողությունից ավելին է, հաղորդության ժամանակ Հիսուսը մասնահատուկ ձևով է ներկա գտնվում հավատացյալների մեջ: Ինչպես որ մեկն է ասել, կերուխումը ինչ կերուխում կլիներ եթե դա ուղղակի մի բացակա բարեկամին հիշելը լիներ:
Գիտեք, Եդեմի պարտեզում երբ Ադամն ու Եվան այդ պտուղը կերան, նրանք հաղորդություն ունեցան, նրանք Սատանայի հետ հաղորդություն արեցին: Սա մի քիչ թեմայից դուրս է, բայց օրինակ, արևելյան երկրներում իրար հետ հաց ուտելը լուրջ գործ է, թերևս մարդիկ չեն հասկանում թէ դա որտեղից է եկել: Մարդիկ օրինակ ասում են <<ես այդ մարդու հետ աղ ու հաց եմ կերել, չեմ կարա իրա մասին վատ բան ասեմ>>: Կամ, եթե հիշում եք Կոմս Մոնտե Քրիստոյի գրքի մեջ, երբ Դանգլարը Ֆերնանդ Մոնդեգոյին Մոնտե Քրիստոի մասին է զգուշացնում, ասում է որ եթե նկատեցիր մեր հետ սեղան նստելուց նա հաց չկերավ, քանի որ նա մեր դեմ թշնամություն ունի, ու հետո ասում է որ դա արևելան սովորույթ է: Ալեքսանդր Դյումասը սա շատ հետաքրքիր ձևով է ներկայացնում: Մոնտե Քրիստոն իրեն ներկայացրել էր որպես արևելքից եկած մի մարդ, որպեսի իր օրիգինալ էդմոն Դանթեսի անձնավորությունը թաքցներ մինչև վրեժ լուծելը: Շատ չշեղվելով, անցնենք առաջ ասելով որ
Հիսուսը մեզ հետ է ու մենք էլ մե՛ր երեխաների հետ պիտի լինենք, Նա միշտ մեզ հետ ներկա է: Աստված մեր շրջապատն է կառավարում, մեզ հրամաններ է տալիս, ու մեզ հետ միշտ Ներկա է: Այս երեք բնագավառներով է Աստված Իր Տերությունը ցուցադրում մեզ վրա:
Հիմա եկեք տեսնենք թէ Աստված Իսրայելի հետ ինչպես վերաբերվեց Հին Կտակարանում: Առաջին հերթին ղեկավարելը, նրանց կոնտռոլ անելը: Երբ Իսրայելը Եգիպտոսից որպես ազգ դուրս եկավ Աստված Իսրայելի շրջապատը ղեկավարեց: Իսրայելը նորածին էր անապատի մեջ Աստված սահմանափակեց նրանց, թէ նրանք ինչքան շատ բաների հետ կարային շփվեին: Նրանք շատ բաների հետ շփման մեջ չմտան: Նրանց առջև շատ քիչ բարոյական որոշումներ էր դրվել:
(Այստեղ ես մտածում եմ այն ծնողների մասին որոնք ինձ ու կնոջս քննադատում են որ մեր երեխաներին մանկապատեզ չենք տանում, մեզ ասում են որ երեխան պիտի շփվի ուրիշ երեխաների հետ, ուրիշ ընտանիքներից դուրս եկած երեխաների հետ հահահա: Մանկապարտեզ կամ միջնակարգ դպրոց հաճախող շատ երեխաներ ահավոր կոտրված ընտանիքների մեջ են ապրում որտեղ ծնողները ամեն օր իրար հետ պատերազմի մեջ են, կամ ծնողը թմրամոլ կամ հարբեցող է, կամ կեխտոտ խոսքերով խոսացող մարդ է, երեխեքի մոտ քֆուրներով խոսացող, կամ, այդ ընտանիքում նորմալ բան է որ ծնողներից մեկը կամ երկուսը կողքից սիրածներ են պահում ու շնությամբ են զբաղվում: Ես չեմ թույլ տա որ իմ երեխան այդ կեխտոտ ընտանիքների մեջ ապրող երեխայի հետ ամեն օր շփվի ու այդ երեխաների խանգարվածությունը իմ երեխայի մեջ մտնի: )
Բայց անապատի մեջ Աստված Իսրայելին շատ պարզ որոշումների առջև էր դրել, Մանանա հավաքել թէ չհավաքել, աղոթել թէ չաղոթել, առավոտը զարթնել ու ավանակներով ու գառներով զբաղվել, ու այդքան բան, այստեղ բարդ որոշումներ չկային: Իսրայելը, լինելով նորածին, այդքան շատ մշակութային բարդ որոշումների առջև չէր կանգնած, այս հեռուստացույցի շոուն դիտենք թէ չդիտենք, այս կինոն նայենք թէ չնայենք, որոշենք թէ այս Բաղամի սուտ աստծո տաճարը վառենք թէ չվառենք, այդպիսի բաներ չկային անապատի մեջ: Նրանք այդքան որոշումների ընտրություններ չունեին, Աստված նրանց շրջապատը մաքրել էր, ամայացրել էր: Աստված բարդ խնդիրներ լուծելը հետոյվա վրա էր թողել երբ նրանք հասունանային: Իհարկե Իսրայելի պատմության հետագա դարերում Աստված ավելի ու ավելի ծանր խնդիրներ է նրանց առջև դնում: Օրինակ, այն դժվար որոշումները որ Մակաբեյացիները պիտի կայացնեին, <<եթե Անտիոքուս Եպիֆանես գենեռալը մեզ վրա Տիրոջ շաբաթ օրը հարձակվի, արդյո՞ք մենք իրավունք ունենք կռվելու Շաբաթ օրով>>: Անապատի մեջ նորածին Իսրայելը այդպիսի բարդ որոշումներ կայացնելու կարիք չուներ: Նրանց վրա շաբաթ օրով ոչ ոք չէր հարձակվում, Աստված նրանց շրջապատը ամբողջովին կառավարում էր: Երբ մարդիկ երեխա են ունենում ի՞նչ է կատարվում, երախան սկսում է չոչ անել, սողալ, գնումա մի հատ վազը վերցնումա ու գետնի վրայա փշրում: մի քանի ամսեկան երեխան եթե այդպիս բան է անում, ի՞նչ պիտի արվի, նրան գավազանով պատժե՞լ, կամ ճիպոտով խփե՞լ: Իհարկե ոչ, դա հիմարություն է: Իմ խորհուրդով, երբ երեխան սկսումա չոչ անել ապա դու էլ հետը պիտի չոչ անես ու սենյակից սենյակ գնաս այդպես ու տեսնես թէ քո ձեռքը որտեղ է հասնում որ նրանց ձեռքն էլ է կարող հասնի, ու այդ բոլոր բաները պիտի տեղից շարժես, եթե չես ուզում որ այդ բաները կոտրվեն:
Կամ, ծնողը կարող է ռեզինից կամ պլաստիկից չկոտրվող բաներ դնի գետնի վրա ու երեխային դրանցով սովորացնի որ երեխան այդ բաներին չդիպչի: Երբ երեխան սկսումա չոչ անի այդ դեպքում երկար կախված սեղանի շոր չպիտի դնես, վրան էլ աման չաման, որ երեխան չգա քաշի ու ամեն ինչ կոտրի: Աստված անապատի միջով քայլող նորածին Իսրայելի մոտ իջավ ու սկսեց նրանց հետ քայլել, նրանց շուրջը ցանկապատ դրեց որպեսզի նրանք բակից դուրս չգան ու գնան մեքենայի տակ ընկնեն, կամ գնան ու աթեիստ կամ Քրիստոս ատող մանկապարտեզի դայակներից բարոյականություն ստանան: Աստված նրանց ասաց որ Սինա սարին չդիպչեք, թէ չէ ձեզ քարկոծելով կսպանեն:
Երեխային գավազանով պատժելը բավարար չէ, ծնողը նաև պիտի երեխայի շրջապատը կառավարի, սահմանափակի:
Հիմա խոսենք մի քանի ընդհանուր բաների մասին որը ինձ է օգնել մեր երեխաների կյանքի մեջ: Հին Կտակարանում Իսրայելի համար արած բաներից մեկը որ Աստված արեց այն էր որ Աստված նրանց համար ժամանակը կանոնակարգեց: Երեխաների համար ժամանակը պիտի կարգավորես, հաստատես, ոնց որ ասում են իրանց կյանքում ժամ ու պատարագ դնես, իհարկե կատարյալ ու անսխալակամ չես կարող լինել այս գործում, բայց Աստված քո բացերը կլրացնի:
Մեր կարդացած Գաղաթացի 4-րդ գլխում ասում է թէ ինչքան կարևոր է երեխաների համար ժամանակը կարգավորել, կանոնավորել: 8-րդ համարում ասում է, <<բայցևայնպես, այդ ժամանակ երբ դուք Աստծուն չէիք ճանաչում, դուք ստրուկ էիք այն բաներին որոնք իրենց բնույթով աստված չեն: Ու հիմա որ դուք Աստծուն ճանաչում եք, կամ ավելի ճիշտ Աստծո կողմից ճանաչվել եք, ինչպե՞ս է որ դուք դառնում եք թույլ և անարժան բաներին, այսինքն, այդ բաները զորություն ու արժեք չունեն, տարրական բաներին եք դառնում ու ցանկանում եք դրանցով նորից ստրկանալ: Դու՛ք պահում եք օրերն ու ամիսներն ու տարիները: Ու սա Հին Կտակարանի տոների մասին է խոսում ու դրանք կոչում է տարրական բաներ, մանկական բաներ: Արդյո՞ք սխալ էր Հին Կտակարանում որ Իսրայելացիները պահեին այդ տոները, նշէին այդ տոները, նրանցից պահանջվում էր որ նրանք դա անեին: Նրանք տարբեր տոներ ունեին, օրինակ, մենք ամեն յոթ օրը մեկ ենք երկրպագություն անում, բայց նրանք ամեն յոթ օրը մեկ ու գումարած ամեն ամսվա առաջին օրն էին երկրպագություն անում: ԻՆչպես տեսնում եք Աստված նրանց համար իրենց ժամանակը մանրակրկիտ ձևով կանոնավորել էր: Բայց հիմա Գաղաթացիների գրքի մեջ մեզ ասվում է որ մենք այլևս մանուկ երեխաներ չենք, դուք այլևս ծառա չեք, վերահսկիչների տակ չեք:
Այն ժամանակը որ Հայրն էր նշանակել եկել հասել է ու դուք այլևս երեխաներ չեք, այս տարրական մանկական բաների ներքո չեք, աշխարհի տարրական սկզբունքների ներքո չեք, երբ դուք փոքր երեխաներ էիք: Հիմա դուք աճել հասունացել եք, չափահաս եք դարձել, Հիսուսն ասում է որ Մարդու Որդին, այսինքն ինքը, Շաբաթի տերն է: Դու՛ք եք որոշում թէ ինչ եք անում, ժամանակի նրբություններն ու ընթացքը դու՛ք վերցրեք ձեր վերահսկողության ու որոշման ներքո:
Եթե դուք տանը փոքր երեխաներ ունեք դուք չեք կարող նրանց թույլ տաք որ իրենք որոշեն թէ երբ գիշերը գնան քնելու: Եթե այդ որոշումը իրենց տաք ապա նրանք կսկսեն հիվանդանալ, մրսել, խախտվել: Նրանք պիտի ամեն գիշեր նույն ժամի գնան քնելու, դա դուք եք որոշում: Դու՛ք պիտի ձեր երեխաների ժամանակը կանոնավորեք: Մարդ կա իրենց տանը որոշված է որ իր երեխաները ամեն գիշեր 8.30 գնան քնելու, ուրիշ ընտանիքում 11-ին են գնում քնելու, դա նոռմալ բան է, ուղղակի ամեն գիշեր նույն հաստատուն ժամանակը պիտի լինի: Ոչ թէ մի օր 8.30 ու մյուս օրը 11.30: Երեխաները սովորաբար իրենց ներքին ժամացույցից այդքան զգոն չեն, եթե դուք մեկի տանն եք հյուր ու երեխաներիդ քնելու ժամից 30 րոպե անցել է քո երեխաները դա չեն զգում, իրանք ուզում են շարունակեն խաղան, բայց էդ պահին պիտի որոշում կայացնես որ պիտի տուն գնաք, ու իհարկե քո որոշումը իրանք չեն սիրի, բայց պիտի անես այն ինչը պիտի անես:
Ես ու դու չափահաս ենք ու մենք կարող ենք այս հարցում ճկուն լինենք, կարիք չունենք ամեն գիշեր նույն ժամի գնալ քնելու ու նույն ժամի զարթնելու, թերևս որ դա միգուցե լավ բան կլինի, բայց դու կարող ես մի օր ուշ գնալ ու մի օր շուտ: Բայց երեխաները կարիք ունեն որ դու՛ իրենց համար այդ որոշումները կայացնես, ինչպես որ Աստվա՛ծ էր հին կտակարանում Իսրայելի համար այդ որոշումները կայացնում: Բայց նոր կտակարանում հավատացյլաներին ասում է, <<դու՛ որոշիր այդ ամենը քանի որ դու հասուն ես հիմա>>, հիմա ավելի շատ գիտելիք ունենք, ավելի շատ հայտնություն: Դու՛ք որոշեք թէ երբ եք խնջույքներ ու տոներ ունենում: Մարդիկ կան որոշել են Սուրբ Ծնունդին, Նոր Տարվա նախօրեի գիշերը, ու զատիկին նշեն տոներ ու խնջույքներ անեն, մարդ էլ կա որոշել ա ընդհանրապես ոչ մի տոն չանի, դա նորմալ բանա:
Մյուս բանը երաժշտությունն է, թէ ինչպես ես դա կանոնակարգելու: Իմ իմացած հասուն հավատացյալ ընտանիքներում մեծ մասամբ դասական երաժշտություն են լսում իրենց տանը, դա ավելի խաղաղ մթնոլորտ է ստեղծում: Ուրիշները կարողա որոշեն Արամ Ասատրյան կան չգիտեմ ինչ դնեն, դա իրանց գործն ա: Բայց Երաժշտությունը շատ կարևոր բանա ու այս թեմայով ահագին աստվածաբանություն կա Աստվածաշնչի մեջ: Մեր տանը այս պահին ոչ մի երաժշտություն չենք դնում քանի որ իմ գլխի մեջ ահագին աղմուկ ու ձայներ կան, իմ գործի առումով, ինչքան կարողանում եմ փորձում եմ լռություն ունենալ:
Հեռուստացույց դիտելը …. Դուք պիտի որոշեք թէ ձեր երեխաները ինչքան հեռուստացույց են դիտում ամեն օր: Մենք մեր տանը հեռուստացույց չունենք այս վերջին 6 տարին: Երեխեքի համար iPad ենք առել որ մեկ մեկ մուլտիկ նայեն, ու որոշ շինարարական ու ռեյս անելու ֆիլմեր, ու մի հատ ուրիշ էկրան էլ առել ենք որոնց վրա խաղեր կան, շենք են կառուցում, կամ ավազ են թափում բեռնատարով, կամ մաթեմի հարցեր են լուծում, և այլն: Բայց փորձում ենք օրը 3 ժամից ավել թույլ չտանք որ էկրան նայեն, էս վերջերս համարյա ընդհանրապես հետաքրքրությունները կորցրել են էկրան նայելու:
Բայց քո երեխաների շրջապատը դու պիտի վերահսկես ու կառուցես ու կանոնավորես իրենց համար, ոչ մի դեպքում չպիտի թողնես որ դա իրանք անեն: Եթե երեխաներին թույլ տաս որ շատ էկրան նայեն դա նրանց գերակտիվ կդարձնի, ու դժվար է դառնում նրանց կառավարելը:
Աստված Իսրայելի շրջապատը կառուցելով այն շատ մաքուր սարքեց, հազար ու մի օրենքներ տվեց մաքրության ու անմաքրության, փնթիության դեմ: Արդյունքը այն եղավ որ նրանք շատ մաքուր հասարակություն էին դարձել: Քո տունը պիտի մաքուր պահես, եթե քո սենյակը մաքուր պահես ապա երեխան էլ կսովորի որ ի՛ր սենյակը մաքուր պահի:
Աստված շահագռգռված էր իր երեխա Իսրայելի շրջապատը մաքուր պահելու գործի մեջ:
Եկեք երկրորդ բանին նայենք, Իշխանություն, Աստված իշխանություն է գործադրում, օրենք տվողն է, Աստված ոչ միայն Իսրայելի ամբողջ շրջապատն ու իրավիճակն է վերահսկում, կոնտռոլ անում, Աստված նաև նրանց օրենք է տալիս, նրանց ասում է թէ ինչ անեն, ու այս Օրենքները ուժի մեջ է դնում պատժամիջոցներով կամ պարգևներով, սանկցիաներով: Այսպես արա ու կապրես, եթե այսպես չանես կմեռնես: Սանկցիաները իրենց աստիճանով տարբերվում են, երբեմն ժողովուրդը ահավոր մեղք էին գործում ու Աստված նրանցից մի մեծ խմբի սպանում էր, երբեմն նրանք թեթև մեղք էին գործում, ու Աստված նրանց թեթև ձևով էր պատժում: Պատիժներն ու Պարգևները տարբեր չափերի են, տարբեր ուժգնության էին:
Երեխաների վրա օրենք դնողը հայրն է, հայրն է խստություն ցույց տալիս, այսպես չանես ծեծ կուտես, այսպես անես նվեր կստանաս: Մայրը սովորաբար այս կողմից թույլ է, բայց մայրը Ներկայության կողմից է ուժեղ, նրանց կյանքում միշտ ներկա է: Սրանք երկուսն էլ հարկավոր են, Օրենք և Ներկայություն, իհարկե ծնողները կարող են այս երկու բաները շատ սխալ ու փչացրած ձևով գործադրեն, բայց այս բաները հարկավոր են, իրենց ճիշտ ձևով:
Ու այստեղ մի կարևոր փաստ կա որ պիտի հաշվի առնենք: Երեխաների հետ վերաբերվելու տարբերությունները կապված է նրանց տարիքի հետ քանի որ փոքր երեխաները ժամանակի զգացողություն չունեն: Օրինակ, երբ փոքր երեխան Նոր Տարվան է սպասում որ տոնածառ դնեն ու լավ բաներ ուտեն, կարծես թէ Նոր Տարին երբեք չի մոտենում, միշտ հեռու է, բայց որ հիմա մեծացել ենք այս տոները թվում է թէ շատ արագ են գալիս, միգուցե պատճառը այն է որ այդ տոների ուտել խմելու համար ես եմ փողերը մուծում դրա համար է ինձ թվում թէ ժամանակը արագ է անցնում, բայց երբ մենք երեխա էինք ժամանակը շատ դանդաղ էր անցնում: Երեխաները երկար հիշողություն չունեն, երկար ժամանակ չեն կարողանում մի բանի վրա կենտրոնանան, նրանց միտքը թռիչքային է: Աստված էլ Իսրայելի հետ էր անապատի մեջ այդպես վարվում, երբ նրանց Լոր էր ուղարկում որ ուտեին, թռչունի միս, ու ասում էր ոնց ուտեն ու ոնց չուտեն, ու որ Աստծո ասածով չէին անում Աստված տեղում նրանց հարվածում էր, չեր սպասում որ հետո պատժեր: Օրինակ, եթե բարձր աթոռի վրա փոքր երեխադ է նստած ու ուտելիքը վերցնում ու գետնի վրա է շպրտում, դու պիտի տեղում նրա ձեռքին թեթև հարվածես ու զայրացած դեմքով իրեն նայես, ոչ թէ սպասես հետո պատժես: Հետո այդ երեխան չի հիշի որ գետնի վրա ուտելիքա նետել: Իհարկե եթե դու չես ուզում նրա ձեռքին հարվածես ու վրեն զայրանաս դա քո որոշումն է, միգուցե դու որոշես որ մի 20 անգամ իրար հետևից երեխուն ասես <<սիրելիս այդպես մի արա>>, ինչպես որ իմ կինն է անում, ու վերջիվերջո կնոջս կոկորդը վիրահատեցինք, կոկորդի վրա ուռուցք էր առաջացել շատ խոսալուց ու գոռալուց: Բայց ինչպես էլ վերաբերվես մի բան պիտի անես, քանի որ եթե ոչինչ չանես որոշ ժամանակ հետո ամեն ինչ անտանելի կդառնա: Երբ երեխաները մի քիչ մեծանում են արդեն իրենց հիշողություններն է երկարում, բայց մանուկ ժամանակ մի րոպեի հիշողություն ունեն, միգուցե վայրկյանների, դրա համար պատիժը պիտի անմիջապես լինի: Իսրայելի պատմությանը նայելով անապատի մեջ պատիժը անմիջապես էր բերում Աստված նրանց վրա, հետագայում, Դատավորաց գրքի մեջ, երբ Իսրայելը մեղք էր գործում պատիժը Աստված մի քանի տարի հետո էր բերում նրանց վրա, ու հետո փրկիչ էր ուղարկում մի 3-4 տարուց, հետո նորից էին մեղք գործում ու նրանց պատժում էր ու փրկում էր մի 15 տարի հետո, այնուհետև 30 տարի: Երբ Իսրայելը գնալով հասունանում է ժամանակներն էլ են երկարում, ու երբ Հյուսիսային ու Հարավային Իսրայելի պատմությանն ենք հասնում, նրանք մի 200-300 տարի են մեղքի մեջ ապրում առանց պատժի, ու այնուհետև Աստված նրանց աքսորում է դեպի Բաբելոն 70 տարով, որպես պատիժ: Հանցանքի ու պատժի մեջ մեծ ժամանակահատված է անցնում, ամեն ինչ հետաձգվում է, բայց երբ նրանք երեխա են անապատի մեջ պատիժը անմիջապես է լինում: Սա մեզ համար պիտի որպես սկզբունք լինի, երեխա մեծացնելու սկզբունք:
Մեկ այլ բան, երբ երեխադ մեծանում է կարող ես նրանց պատիժը հետաձգել երբ դու նրանց միաժամանակ զգուշացնում ես, քանի որ երեխայի մեծանալով նրա հիշողությունն ու ուշադրությունը երկարանում է, ժամանակի նրանց զգացողությունը ուժեղանում է: Ու երբեմն նաև պիտի թողնես որ երեխան իրա արածի հետևանքներից սովորի, նրան իրա արածի համար չես պատժում որպեսզի նա հետևանքները զգա իրա սխալ արածի: Բայց փոքր երեխաները հետևանքներից չեն սովորում, նրանք ժամանակի զգացողություն չունեն:
Եկեք մի օրինակ բերենք — երբ փոքր երեխան չի կարող սովորի իր արածի հետևանքներից բայց մեծ երեխան կարող է: Պատկերացրու մի հատ պատանի երեխա ունես, մոտ 12 կամ 14 տարեկան ու ինքը իր ամբողջ կյանքի ընթացքում փոստային նամականիշների կոլեկցիա է հավաքել, ասենք, վերջին 100 տարվա փոստային նամականիշների կոլեկցիա, ծրարի մառկաներ, որը մոտ 500 հազար դրամ արժե շուկայում ու դա գնալով թանկանում է քանի որ գնալով ավելի է հնանում: Ու պատկերացրու քո այդ պատանի երեխան ուզում է իր ամբողջ կյանքի ընթացքում հավաքած այդ կոլեկցիան վաճառի ու երեխաների մոտոցիկլետ գնի քանի որ իրա ընկերներից մի քանիսը մոտոցիկլետ են գնել: Դու փորձում ես իրան բացատրել որ դա սխալ գործ է, բայց ինքը չի լսում քեզ ու դու իրան դրա համար չես պատժում, թողնում ես որ անի իր մտածածը: Բայց իր թանկարժեք ու դժվար ճարվող մառկաների կոլեկցիան վաճառելուց ու մոտոցիկլետ գնելուց հետո շատ կարճ ժամանակ հետո նա ձանձրանում է այդ մոտոցիկլետից, բայց այլևս այդ մառկաների կոլեկցիան չի կարող հետ բերի: Այստեղ քո պատանի երեխան ահավոր փոշնամում է իր արածից: ԲԱՅՑ, եթե այս նմանատիպ մի իրավիճակը քո 2-3 տարեկանի մոտ լինի ապա քո մանուկ երեխան փոշմանելու զգացմունքը չի զգա քանի որ փոշմանելը հասունության հետ է գալիս: Փոշմանանքը պահանջում է ժամանակի և արժեվորման զգացողությունը, որոնք փոքր երեխաները չունեն: Մանուկ երեխաները ամեն ինչ անվճար են ստանում դրա համար նրանք արժեքի զգացմունք չունեն:
Իսրայելի պատմության մեջ ինչպես արդեն նշեցինք, երբ Իսրայելը նորածին էր, անապատի մեջ էր, աստված նրանց անմիջապես էր պատժում առանց հետաձգելու, բայց երբ Իսրայելը հասունացել էր Աստված նրանց պատիժը հետաձգում էր, ու երբեմն այնպես էր անում որ նրանք իրենց փորձառությունից սովորեին: Օրինակ, Դավիթ թագավորը: Նա գնում է ու մի խումբ կանանց է հավաքում որպես իր կանայք ու հարճեր, չնայած որ Աստծո Օրենքը Ղևտացի 18.18-ում դա պարզ կերպով արգելում էր, բազմակնությունը արգելում էր: Աստված թողեց որ Դավիթը այդպիսի հիմարություն աներ, բազմակնություն, ու ի՞նչն էր հետևանքները Դավիթի բազմակնության: Ինքը էնքան էր սովորել որ ինչի ուզում էր տիրանար ու օրերից մի օր Բերսաբեին է նայում ու նրան է վերցնում ու հետը սեռական հարաբերություն ունենում: Հետո, երեխան է մահանում, ու հետո մյուս երեխան է մահանում, ու հետո մյուս երեխան: Դավիթի որդի Ամնոնը ի՞նչ է անում, իր կիսաքրոջն է բռնաբարում, Թամարին, <<եթե պապան ինչ ուզումա վերցնումա ապա ես էլ ինչ ուզեմ կվերցնեմ>>, ու Թամարի իսկական եղբայր Աբիսողոմը իր կես եղբայր Ամնոնին է սպանում, ու հետո էլ Աբիսողոմը Դավիթի վրա է կատաղում ու քաղաքացիական պատերազմ սկսում Դավիթի դեմ: Այս ամենը կանանց հարցում Դավիթի ինքնակառավարման բացակայությունից է առաջանում:
Աստված Դավիթին միանգամից չի պատժում, բայց թողնում է որ նա հետևանքների միջով անցնի ու հետևանքներից սովորի:
Բայց փոքր երեխաները հետևանքներից չեն սովորում, նրանք համեմատություններ չեն կարողանում անեն, ժամանակի զգացողություն չունեն: Իսկ մեծ երեխաների դեպքում էլ նույնիսկ երբեմն պիտի զգույշ լինես թէ ինչի համար նրանց չես պատժում որպեսզի նրանք իրենց արածների վատ հետևանքներից սովորեն: Օրինակ, երկար տարիներ առաջ, չեմ հիշում 19-20 տարեկան էինք, ընկերներիցս մեկը որոշես մի հատ թազա Մերսեդես մեքենա գնի վարկով: Այս տղայի հայրը մոտ 40-50 տարեկան մարդ էր ու տղային ոչինչ չասաց, չասաց որ տղա չան ինչու էս այսպիսի ապուշ բան անում: Այդ մեքենայի համար նա ամիսը 1000 դոլար փող էր մուծում իր ամեն ինչով, պարտքը մուծելով ու ապահովագրությունը մուծելով ու ռեգիստրացիան մուծելով ամիսը այդքան էր նստում իրա վրա, հինգ տարվա մեջ նա մոտ 55 հազար դոլար մուծեց այդ մեքենայի համար, ու երբ ամենավերջին ամսվա պարտքը մուծեց այդ մեքենայի գինը 16 հազար դոլար էր դարձել: Գիտեք, մեքենան, ժեշտը, գնալով գինը կորցնում է, բայց եթե նա անշարժ գույք առներ այդքան փողով, տուն առներ, նա մոտ 700 հազար փող կունենար, ոչ թէ 16 հազար: Ու տարիներ հետո իրա հայրը իրեն ասել էր որ ինքը գիտեր որ դա վատ որոշում էր, բայց թողել էր որ ինքը այդ որոշումը աներ ու հետևանքներից սովորեր: Ես չգիտեմ թէ դա ինչքանով իմաստուն բան էր, այդքան թանկ դաս սովորացնել երեխային: Ու կարամ ասեմ որ այդ տղան դրանից հետո էլ դասեր չսովորեց, նորից շարունակում էր թանկ ու անիմաստ բաներ գնել: Միգուցե իրա հայրը ճիշտ էր չգիտեմ, մարդ իրա երեխային ավելի լավ է ճանաչում քան թէ ուրիշներն են ճանաչում:
Երբեմն ճիշտ բան է երբ երեխաներին շատ խաղալիքներ չես տալիս, քանի որ այդպիսով եթե նրանք մի բան են ուզում ու մի քիչ երկար են սպասում դրա համար նրանք դա ավելի լավ են արժեվորում: Մի հատ մեծահարուստ հավատացյալ մարդ գիտեմ որ իրա երեխաներին ամիսը ընդհամենը 50 դոլար է տալիս, իրա երեխաները 10-12 տարեկան են, 50 դոլարը նրանք ովքեր չգիտեն, ամերիկայում այդ փողով շատ բան չես կարող գնել: Ու եթե իրա երեխաները ուզում են իրենց հավաքած փողերով մի թանկ բան գնեն, օրինակ, 100 դոլարից ավել արժեցող մի բան գնեն, այս մարդը մի կանոն է դրել, նրանք պիտի 2 օր սպասեն հետո գնեն այդ թանկ բանը, քանի որ շատ անգամներ երեխայի մեջ վայրկյանական ինքնաբուխ ցանկություն է առաջանում մի թանկ բան գնելու, բայց եթե նրանք 2 օրով այդ բանը գնելու որոշումը հետաձգում են նրանք իրենց միտքը փոխում են, իրենց ցանկությունը փոխվում է: Այս սկզբունքը նաև չափահասներին է վերաբերում: Եթե մեկը ուզում է ձեզ վրա շատ արագ կերպով մի բան վաճառի ու ձեզ վախեցնում է որ ինքը լիքը առնողներ ունի, եթե դու հիմա չառնես կարողա այդ ապրանքը այլևս չլինի, երբեք չվռազես, մանավանդ որ եթե դա մի քանի հարյուր հազար դրամանոց մի ապրանք է: Այդպիսի գնումների դեպքում պիտի շատ դանդաղ շարժվես:
Բայց ինչ վերաբերում է ապրանք գնելու երեխաների ցանկությանը, ավելի լավ է որ երբեմն նրանց ցանկությունը հետաձգես, ուշացնես, նրանց հիասթափացնես, իրենց ցանկությունը խափանես: Հիասթափեցնելը լավ բան է, քանի որ երբ նրանք մեծանան նրանք կիմանան թէ ինչպես հիասթափվեն, թէ ինչպես հիասթափվեն ու արագ առաջ շարժվեն: Օրինակ, հիասթափությանը սովոր երեխան եթե մեծանա, ասենք, 20-25 տարեկան դառնա ու մեկի վրա սիրահարվի, բայց էտ դիմացինը իրան մերժի, քո երեխան չի կործանվի, գիտեք երբ սխալ մեծացրած երեխաները հիմար բաներ են ասում, <<եթե իրա հետ չամուսնանամ ուրեմն ոչ մեկի հետ չեմ ամուսնանա>>, կամ, որոշները նույնիսկ դիմացինին են այդպիսի բաներով սպառնում <<եթե իմ հետ չամուսնանաս ապա ես նենց կանեմ որ ուրիշի հետ չես ամուսնանաս>>, այս խոսքերը երեխա մնացածի խոսքերն են, լակոտի խոսքերն են, չհասունացածների խոսքերն են: Ժամանակին ծնողների կողմից Հիասթափության ենթարկած երեխան գիտե որ կյանքում ամեն ինչ փոխարինելի է, նույնիսկ մարդիկ են փոխարինելի: Երբեք աղջկա կամ տղայի հետևից մի վազի, քեզ մի ստորացրու: Իմ անձնական կյանքի փորձառությունից կարամ վկայություն տամ: Երբ 20 տարեկան էի, կամ այդ տարիքի ժամանակներում, ինչ որ ուզում էի անեի կարծես թէ ամեն ինչ ձախողվում էր, ամեն դուռ Աստված ինձ համար փակում ու հիասթափացնում էր: Բայց հիմա որ հետ եմ նայում այդ ժամանակներին ես Աստծուն շնորհակալություն եմ հայտնում այդ ձախողությունների համար, դրանք ինձ հասունացնելու Աստծո ժամանակներն էին: Օրինակ, 27-28 տարեկան էի ու մի հատ աղջիկ էի հավանել, ուզում էի իրա հետ ամուսնանայի: Մի քանի ամիս իրա հետ դուրս էի գնում ու խոսում էինք, ու նույն եկեղեցին էինք գնում, նույն սերտողության խումբն էինք գնում: Ու օրերից մի օր էտ աղջիկը ինձ զանգեց ու ասեց որ չի ուզում այլևս հարաբերությունը շարունակի, հենց այդպես, ու պատճառ էլ չտվեց թէ ինչու, բայց ես հասկացա քանի որ աղջիկներին թվում էր թէ ես շատ ծայրահեղական տղա եմ: Ես էլ իրան ասեցի որ հարգում եմ իրա որոշումը ու ցանկանում եմ որ մի հատ շատ լավ տղա հանդիպի ու ամուսնանա:
Ես իհարկե տխրեցի, շատ տխրեցի, մոտ 45 րոպե, ու առաջ անցա: Ինչու՞: Քանի որ ես գիտեի որ կյանքում ամեն մարդ փոխարինելի է: Ու Աստված այնպես էր ինձ արել որ էնքան բաներից ու էնքան անգամներ էի հիասփաթվել որ ինձ համար արդեն հեշտ էր այդ բաները տանելը, մերժումը ընդունելը: Մանավանդ որ մի 14 հատ աղջիկ քո առաջարկությունները մերժում են արդեն ամեն ինչ հեշտա դառնում, ա նամ վսեռավնո: Խոսքը մեր մեջ, էտ աղջիկն էլ որ ինձ մերժեց մնաց տունը թթվեց, հիմա 44 տարեկանա մինչև հիմա տունն ա մնացել, հազար ու մի հոգեբանական խնդիրներով որ մենակությունն ա առաջացնում: Բայց ես իրան ոչ մի վատ բան չեմ ցանկացել:
Բայց մեր թեմայից շատ չշեղվենք:
Ինչպես ասացինք, երբ հարցը վերաբերում է երեխային պատժելուն, մանուկ երեխաները ժամանակի զգացում չունեն, նրանց պատիժը պիտի անմիջապես լինի: Բայց, օրինակ եթե 3-րդ դասարանի տարիքի երեխա ունես ու մի հատ ահավոր բանա անում, իրա պատիժը կարողա լինի մեկ ամիս տունը մնալ, ոչ մի տեղ չգնալ, ոչ մի խաղ չխաղալ: Այդ երեխան մեկ ամիս ամեն օր այդ ցավը կզգա, իրա արածի հետևաքները կզգա: Բայց եթե այդ պատիժը ուզում ես 4 տարեկանին տաս այդ տարիքի երեխան իրա արածը շուտ մոռանումա, մի օր պատիժ ստանալուց հետո մոռանումա ինչա արել, ու դրանից հետո ամեն օր իրա պատիժը ահավոր դաժանություն կլինի, այդպես չի կարելի մանուկների հետ անել:
Ուրեմն, այս բաները որ մենք քննարկեցինք Իշխանություն ցուցադրելու բնագավառի բաներ են:
Հիմա եկեք խոսենք զայրույթի մասին, զայրացած բարձր ձայնով խոսելու մասին: Գոռալ, որոտալ: Աստված որոտացող ձայնով է խոսում, զայրույթի ձայնով է խոսում հաճախ: Դրա մեջ վատ բան չկա: Հաճախ հայրերն են որոտալից ձայնով խոսում: Երբ Իսրայելը երեխա էր Աստված նրանց սովորեցնում էր որ իրենից վախենան, նրանց հետ գոռալով էր խոսում, <<այս սարին չդիպչեք, այլապես այդ սարը ձեզ վրա կպայթի>>, Հայրիկին անհնազանդ մի եղիր թէ չէ պապան քո վրա կպայթի: Մենք ամեն անգամ չենք գոռում գոչում երեխաների վրա, բայց կան պահեր որ Սինա սարի պահեր են:
Եկեք հիմա խոսենք երրորդ բնագավառի մասին, Ներկայության մասին: Մենք խոսել ենք նրա մասին թէ Աստված ինչպես է վերահսկում երեխայի տարածքը, ու Աստված ինչպես է ցուցադրում Իր իշխանությունը, հիմա խոսենք Ներկայության սկզբունքի մասին: Սուրբ Հոգին մեզ ավելի մոտ է քան մենք ենք մեզ մոտ, քանի որ մենք այնքան անտեղյակ ենք մեզնից:
Սա այն բնագավառն է որով մայրերն են ավելի զորեղ ու հայրերը մի քիչ թույլ են: Անցյալ 4 տարում ես շատ սխալ որոշումներ եմ կայացրել որոնք Աստված իհարկե ծածկել է, երբ ես մեր երեխաներից մեկին պատժել եմ առանց իրավիճակը հասկանալու, քանի որ իմ կինը իրավիճակը ավելի ճիշտ է հասկացել քան թէ ես քանի որ ինքը Ավելի շատ Ներկայություն ունի իրենց կյանքի մեջ քան թէ ես, երբ կինս բացատրել է որ երեխան ընդհանրապես ուրիշ բան է ուզում ասի կամ արտահայտվի ու ես ուրիշ բան եմ հասկացել: Այն հայրերը որոնք իրենց կանանց հետ չեն խորհրդակցում հիմար են: Ու մենք ժամանակ առ ժամանակ հիմար բաներ ենք արել:
Ու ընդհանրապես երբ ուզում ես մի իրավիճակի մեջ միջամտես պիտի ներկա լինես այդ մարդկանց մեջ որպեսզի ամբողջովին հասկանաս թէ ինչ է կատարվում: Հայրերը այս բնագավառում թուլն են, իրենց երեխաների հետ ժամանակ անցկացնելու առումով: Օրինակ, երբ ես իմ էրեխեքի հետ մի սենյակում եմ նստած ես սովորաբար գիրք կարդալով կամ հոդված գրելով եմ զբաղվում, մի սովորություն որը երևի պիտի փոխեմ: Ես իմ էրեխեքի հետ երբեմն խաղեր եմ խաղում, բռնոցի-պաղկվոցի ու ուրիշ խաղեր: Ու կարևոր ա որ երեխեքի համար գիրք կարդաս, երեխեքին հասանելի պատմություններ կամ թեմաներ: Ժամանակ ծախսի երեխաներիդ հետ հետները դուրս գնա, այստեղ այնտեղ, միգուցե կինո կամ թատրոն նայելու
Աստված մեզ հետ էլ է այդպես վարվում, Նա մեզ միայն չոր հրամաններ չի տալիս, Նրա ներկայութունը միշտ մեզ հետ է, մեզ հետ ժամանակ է անցկացնում: Սովորաբար էրեխու կյանքում մայրը մոտ %75 ժամանակ է անցկացնում իսկ հայրը մոտ %25 ժամանակ: Աստված այսպես է դասավորել:
Ու մենք անհատ ենք ու չենք սիրում որ մեկը մեր կյանքը միջամտի, ու քանի որ երեխաները փուշ ու տատասկ են նրանք մեզ կարող են ահավոր հոգնեցնել ու հյուծել: Երբեմն հարկավոր է որ մարդ մենակ ժամանակ ունենա, միգուցե մեկին գտեք որ ձեր երեխեքին նայի ու մի քանի ժամով զույգով դուրս գնացեք: Որոշ մայրեր այս հարցում իրենց աստծո տեղ են դնում ու ասում են որ իրանք երբեք իրանց երեխուն ուրիշի հետ չեն թողնի, իրանք ուզում են բացարձակ կերպով օրը 24 ժամ իրանց երեխու կյանքում ներկայություն ունենան: Սա սխալ բան է, երբ մայրը այս բանը բացարձակացնում է: <<իմ երեխան ՄԻՇՏ իմ կարիքը ունի>>, ոչ ոչ ոչ, քո երեխան միշտ Աստծո կարիքը ունի ոչ թէ քո: Այսպիսի հիստերիկ մայրեր երբեմն հանդիպում ենք այստեղ այնտեղ: Բայց, երբ մայրը երբեմն իր էրեխուն ուրիշի մոտ է թողնում երեխան սկսում է գիտակցել որ ամբողջ աշխարհը իրենց մոր շուրջը չի պտտվում, կամ, իրենց շուրջը չի պտտվում:
Եկեք մեր սերտողությունը եզրափակենք խոսելով
Հաց Ուտելու Ժամանակի Մասին
Կյանքը ունի իր ընդհանուր շրջանները ու նաև իր մասնահատուկ շրջանները: Եկեղեցու մեջ էլ գոյություն ունի Ընդհանուր Երկրպագություն ու Մասնահատուկ Երկրպագություն: Աստված Իր Տերությունը դրսևորում է երբ Նա մասնահատուկ ձևով ներկա է լինում եկեղեցու հաղորդության ժամանակ, երբ եկեղեցու անդամները հաղորդութուն են անում, ու ի միջի այլոց ես իմ դավանանքով Երեցական եկեղեցու հավատացյալ եմ, ու Երեցական – Պրեսբիտերական եկեղեցում ամեն կիրակի հաղորդություն են անում, ամեն կիրակի, իմ կարծիքով դա ամենաճիշտ ձևն է: Ու այս եկեղեցու հաղորդության պատկերը մեր տան մեջ է նաև, հաց ուտելու ժամանակ: Մեզնից քանի՞սը հատուկ կանոնակարգված ու կազմակերպված հաց ուտելու ժամանակ են ունենում: Իմ կարծիքով Սատանան մեզ վրա այս տեղում հարձակում է գործում, քանի որ հաց ուտելու ժամանակը այնքան կարևոր ժամանակ է: Որոշ եկեղեցիների նայեք, տարին մեկ են հաղորդություն ունենում, կամ երեք ամիսը մեկ: Աստված ուզում է որ հավատացյալները Իր հետ նստեն հաց ուտեն, հաղորդություն անեն ամենաքիչը շաբաթը մեկ անգամ: Շատ հեշտա ոչ պաշտոնական հաց ուտել ընտանիքով, խոհանոցից գթալ պատառաքաղ ու ափսե վերցնելն ու արագ արագ սեղանի վրա դնել ու սկսել ուտել: Բայց փորձեք գոնէ շաբաթը մեկ տանը պաշտոնական ձևով անել ամեն ինչ, սեղանը հատուկ ձևով դնելով, ափսեներն ու մնացած ամեն ինչը կառուցվածքային, կազմակերպված ձևով դնելով, այնպես անելով որ կարծես թէ այդ հաց ուտելը մի շատ կարևոր լուրջ մի բան է: Այդ հաց ուտելուց առաջ ոչ մի ուրիշ բան չպետք է ուտվի, աղոթք անելուց առաջ ոչ ոք իրավունք չունի որևէ մի ուտելիքի ձեռք տա կամ բաժակը վերցնի ջուրը կամ հյութը խմի: Շատ հաճախ, սա երևի ամեն տնում է կատարվում, երբ բոլորը նստում են հաց ուտելու ու մեկ էլ ահա, աղն ենք մոռացել կամ այս կամ այն ենք մոռացել ու սեղանից մարդիկ հելնում ու գնում են խոհանոց: Հացը խախտվում է այստեղ: Կամ, երբեմն բոլորը նստած հաց են ուտում ու մաման դեռ խահանոցում է: Իմ կարծիքով արժէ որ ժամանակ առ ժամանակ հաց ուտելու ամբողջ գործը կազմակերպել, կառուցել, որ սեղանին բոլորը նստած լինեն ու բոլորը իրար հետ աղոթեն ու բոլորը սկսեն իրար հետ հաց ուտել ու ոչ ոք սեղանից վեր չկենա մինչև հաց ուտել վերջացնելը: Սա վերահսկողության հետ կապ ունի ինչպես որ նոր ասացինք:
Երկրորդը, Իշխանությունը: Հաց ուտելու ժամանակ ամենահաճախակի խնդիրներից մեկը այն է երբ երեխաները սկսում են ուտելիքից բողոքել, ու ցավոք սրտի երբեմն տղամարդիկ են սկսում ուտելիքից բողոքել: ԵՐԲԵՔ ԵՐԲԵՔ ԵՐԲԵՔ այդպիսի բան չանեք, քանի որ դա ուտելիքը կործանում է: Երբ Իսրայելացիները անապատի մեջ ուտելիքից բողոքեցին Աստծուն ասելով, <<մենք արդեն զզվել ենք այս մանանան ուտելով>>, Աստված ինչպե՞ս վերաբերվեց նրանց հետ: Աստված այդ բողոքող սերնդից ահագինին սպանեց, ոչնչացրեց: Երբեք ուտելիքից մի բողոքի նույնիսկ երբ ուտելիքից ժավելի համ է գալիս, ու թույլ մի տուր որ երեխաները բողոքեն ուտելիքից: Երբ մարդիկ արագ արագ ճեպընթացային ուտելիք են ուզում ուտեն թափթփված ձևով ու հետո էլ սկսում են ուտելիքից բողոքել, սրանով նրանք ամեն մի Աստվածաշնչային սկզբունք են սկսում խախտել: Անցյալում մի ծանոթ ընտանիք ունեինք որոնք մեր երեխաների տարիքի երեխաներ ունեին, սրանց հետ գնում գալիս էինք, բայց շատ արագ կերպով մի լուրջ խնդիր առաջացավ: Մեր տունը հաց ուտելուց այս ընտանիքի մայրը զզվելով էր նայում մեր ուտելիքին ու դեմը ինչ դնում էինք մերժում էր ուտել, ու իրա 3 տարեկան երեխան էլ մոր նման էր վարվում: Ու շատ արագ մեր երեխաները սկսեցին այդ նույն բաները անել, <<ես էս ուտելիքը չեմ սիրում>> էին ասում ու ուտելիքը հետ էին բռթում: Ես այդպիսի ապշեցուցիչ բան դեռ չէի տեսել որ մեր երեխաներն անեին: Ու գիտեք, հենց իրենց տանն էլ իրենց երեխան հաճախ այդպիսի բաներ էր անում հենց իրենց ուտելիքի հանդեպ: Իհարկե, ես շատ արագ կերպով մեր ընտանեկան կապերը կտրեցի, որպեսզի մեր երեխաները չփչանային:
Եկեղեցում հաց ուտելը, հաղորդություն անելը շատ կարևոր մի երևույթ է, ու շատ լուրջ մի երևույթ է, շատ պաշտոնական մի երևույթ է: Հիսուսը Իր մասնահատուկ ներկայությամբ է այդ պահին ներկա կգտնվում եկեղեցու մեջ, նրանց հետ հաց է ուտում:
Բայց մի բան ասեմ: Ամենահզոր Քրիստոնյա Հավատացյալների տանը որ եղել եմ, իրենց ընտանիքի հետ երբ հաց եմ կերել ամեն անգամ մի բան եմ նկատել: Հաց ուտելուց առաջ էս մարդիկ կամ Աստվածաշունչ են կարդում մի 30 րոպա կամ էլ մի Քրիստոնեական գիրք են կարդում ու քննարկում, ու հետո են հաց ուտում:
Երրորդ բնագավառը Ներկայության բնագավառն է: Ամեն անգամ երբ հաց ուտելուց ուտում վերջացնում եմ ես ցանկություն ունեմ որ միանգամից սեղանից վեր կենամ, բայց սա իհարկե սխալ բան է, երբ կինդ ու երեխաներդ դեռ հաց են ուտում ու դու վերջացրել ու սեղանից վեր ես կենում: Սա Ներկայությունը խախտում է: Ավելի լավ է սեղանին նստած մնաս մինչև բոլորը վերջացնեն հաց ուտելը:
Այսքանով մենք կեզրափակենք մեր սերտողությունը: Ես վստահ եմ որ շատ ավելի լավ քրիստոնյա հավատացյալներ ավելի լավ սերտողություններ են արել այս թեմայով, ու վստահ եմ որ ես կատարյալ ծնող չեմ ու այս սերտողությունը կատարյալ ձևով չեմ պատրաստել, բայց փորձել եմ իմ լավագույնը, ինչքան որ գրքեր եմ կարդացել ու քարոզներ լսել ու դրանք համատեղելով իմ անձնական կյանքի փորձառության հետ: Ու հույսով եմ որ ամեն մեկն էլ իր սերտողությունը կփորձի անել տեսնելով թէ Աստված ինպես է վերաբերվում իր երեխաների հետ ու դա օգտագործելով կիրարկեն իրենց երեխաներին մեծացնելու գործի մեջ, ու ինչ թերություններ ու բացթողումներ էլ ունենք կարող եք վստահ լինել որ Աստված այդ բացերը կլրացնի քանի որ Նա խոսք է տվել որ լրացնի: