Հովհաննես Ռշտունի
Շարք – <<Վերջաբանություն>>
Եկեք աղոթքով սկսենք:
Ամենազոր Աստված մեր երկնային Հայր, մեծ ու հրաշալի են Քո ճանապարհները: Դու ամեն ինչ ստեղծել ես որպեսզի դրանցով Քո նպատակները իրագործես: Ուստի մեզ ուսուցիր որ օր առ օր քայլենք վստահ ու հաստատուն հավատքով, իմանալով որ այն ինչը որ Դու սկսել ես Դու էլ ավարտին ես հասցնելու: Աշխարհի ծայրերը Քեզ փառաբանելու են, Քո սուրբ անունը մեծացնելով ու փառավորելով: Քո Հոգու միջոցով մեզ գիտելիք տուր Քո խոսքից, որպեսզի մենք Քեզ ավելի հավատարմորեն ծառայենք, Քեզնում ուրախանանք, ու մեր բոլոր ճանապարհներում Քո առջև լինենք սուրբ և ընդունելի: Մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով, Ամեն:
Այսօրվա մեր սերտողությունը Ծննդոց 15 գլխից է ու մեր ուսուցման թեման է Վերջաբանությունը և Ուխտը: Ծննդոց 15
<<1 Այս բաներից հետո տեսիլքում Եհովայի խոսքը Աբրամին եկավ ասելով. Մի՛ վախեցիր, Աբրամ, Ես քեզ համար վահան եմ, քո վարձքը խիստ շատ է։ 2 և Աբրամն ասաց. Ով Տէր Եհովա, ի՞նչ ես կարող տալ ինձ, քանի որ առանց զավակի եմ մնացել, և իմ տան տիրողն (ժառանգորդը) ահա Դամասկացի Եղիազարն է։ 3 Նաև ասաց Աբրամը, Որովհետև ինձ սերունդ չտվեցիր, ահա իմ տան ծառան իմ ունեցվածքի ժառանգը կլինի։ 4 և ահա Եհովայի խոսքը եղավ դեպի նրան ասելով, Նա չի լինի քո ժառանգը. Այլ նա որ քո մէջքիցը դուրս կգայ, նա կլինի քո ժառանգը։ 5 և նա դուրս հանեց նրան և ասաց. Դեպի երկինքը նայիր, և աստղերը հաշվիր, եթէ որ կարող ես նրանց հաշվել. և ասաց նրան. Այսպէս կլինի քո սերունդը։ 6 և նա հավատաց Եհովային, և նա նրա համար արդարություն համարեց այս։
7 և ասաց նրան. Ես եմ Եհովան, որ քեզ Քաղդէացոց Ուր քաղաքիցը հանեցի այս երկիրը քեզ տալու համար։ 8 և նա ասաց. Ով Տէր Եհովայ, ի՞նչով գիտենամ թէ ես նրան կժառանգեմ։ 9 և նա ասաց նրան. Ինձ համար մի երեք տարեկան երինջ, և մի երեք տարեկան այծ, և մի երեք տարեկան խոյ, և մի տատրակ, և մի աղավնու ձագ բեր։ 10 և նա այս բոլորն բերեց նրա համար, և նրանց մէջտեղիցը կտրտեց, և ամեն մէկ կտորը մյուս կտորի դէմ առ դէմ դրեց. Բայց թռչունները չկտրեց։ 11 և կտրած դիերի վրա գիշատիչ թռչուններ իջան, բայց Աբրամը հեռու քշեց նրանց։ 12 և երբ որ արևը մայր էր մտնում, Աբրամի վրա մի խոր քուն եկավ, և ահա նրա վրա մի մեծ խավարի սոսկում (սարսափ) ընկավ։ 13 և Եհովան ասաց Աբրամին. Հաստատ պիտի գիտենաս, որ քո սերունդը մի երկրում, որ իրանցը չէ, պանդուխտ կլինի, և ստրուկ կլինեն, և նրանց չորս հարյուր տարի կչարչարեն։ 14 Բայց այն ազգն էլ, որին արդէն կծառայեն, ես կդատեմ. և նրանցից հետո մեծ ունեցվածքով դուրս կգան։ 15 և դու խաղաղությամբ քո հայրերի մոտ կգնաս. Լավ ծերացած կթաղվես։ 16 և չորրորդ սերնդից հետո այստեղ կդառնան, որովհետև Ամօրհացիների անօրէնությունը դեռ կատարյալ չէ։ 17 և եղավ երբ որ արևը մայր մտավ, և խավար եղավ, ահա մի մեծ ծուխի հնոց և մի կրակի բոց այն կտորների մէջտեղովն անցավ։ 18 Այդ նույն օրը Եհովան Աբրամի հետ ուխտ դրավ ասելով, Քո սերնդին տվեցի այս երկիրը Եգիպտոսի գետիցը մինչև մեծ գետը, այսինքն Եփրատ գետը. 19 Կենեցիները, և Կենեզացիները, և Կեդմոնացիները, 20 և Քետացիները, և Փերեզացիները, և Ռափայիմները, 21 և Ամօրհացիները, և Քանանացիները, և Գերգեսացիները, և Յեբուսացիները>>։
Վերջին մի քանի շաբաթների ընթացքում մենք սերտել ու շարունակում ենք սերտել Վերջաբանության և դրա իմաստի վարդապետությունը: Ու մենք տեսանք որ վերջաբանությունը նշանակում է վերջին բաներ: Սա կարող է նշանակել Աստծո Վերջին Կետը, ՎերջնաԿետը, որը պատմության մեջ Նրա արած դատաստանների ու օրհնությունների գագաթնակետերն են: Եվ դա նաև կարող է նշանակի Վերջին Ժամանակներ, այսինքն աշխարհի վերջը: Բնականաբար մեր սերտողության մեջ մենք աստվածաշնչում պատմության մեջ տեղի ունեցած ու ունեցող վերջնակետերի մասին ենք խոսելու, ու հետո վերջին ժամանակների մասին:
Նախքան Ծննդոցի այս գլուխը սերտելը մի բան եմ ուզում հպանցիկ ձևով նշել: Տեսիլքների մեր ժամանակակից հասկացությունը շատ տարօրինակ մի հասկացություն է: Ես հավատում եմ որ այն մեծ մասամբ վերցվել է հեթանոսությունից, որտեղ մարդիկ իրենք իրենց ճիպոտներով հարվածում ու ցավերի մեջ են մտնում որպեսզի տրանսների մեջ տեսիլքներ տեսնեն, որոնք թունդ էմոցիոնալ/զգացմունքային ու աննորմալ երևույթներ են: Բայց երբ մենք Աստվածաշնչում մարդկանց տեսիլքների պատմություններն ենք կարդում, մարդիկ (որպես կանոն) այսպիսի փորձառությունների միջով չեն անցնում: Այստեղ Աբրահամը Աստծո հետ է խոսում, տեսիլքի մեջ է գտնվում, ու տեսիլքից շարժվելով սկսում է ֆիզիկական բաներ անել, առանց տեսիլքի փորձառության շարունակականությունը խախտելու, առանց ընդմիջումի: Այլ կերպ ասած, Աստվածաշնչի մեջ տեսիլքը մարդու տեսողության երկարացումն (ընդլայնումն) է իր բնական տեսողությունից այն կողմ: Վստահ եմ որ մեզնից գրեթե բոլորը հեռադիտակով նայել են, ու մի բանը որը հեռվում էր գտնվում ու մենք դա չէինք տեսնում, հանկարծ հեռադիտակով տեսանելի է դառնում իր մանրամասնություններով: Հենց սա՛ է Աստվածաշնչի տեսիլքի էությունը: Աստված միանգամից տեսողությունը երկարացնում է, մարդու տեսադաշտը ընդլայնում է: Տեսիլքը մի բան չէ որը անհատին ու անհատի մեջ է պատահում, այլ, դա Աստված է մի բան անում որով անհատի տեսողությունը ընդարծակում է: Ի տարբերություն դրա, բոլոր ոչ-աստվածաշնչական հումանիստական տեսիլքների տարբերակների մեջ էականը այն է թէ անձի՛ն ինչ է պատահում ու թէ ի՛նքը իրեն ինչ է անում, որպեսզի այդ իր ասած տեսիլքի փորձառության միջով անցնի: Բայց աստվածաշնչի մեջ դա Աստված է որ մի բան է անում որը հանկարծակի մարդու տեսողությունը ընդարձակում է, ընկալման խորությունը շատանում է:
Մեր այսօրվա թեման է Վերջաբանությունը և Ուխտը: Ուխտի վարդապետությունը աստվածաշնչի մեջ կենտրոնական է, ու այն նաև կենտրոնական է Աստծո հետ մարդու ունեցած հարաբերության համար (Ամբողջ Աստվածաշունչը ուխտերի շուրջ է պտտվում, ուստի ուխտերը սերտած հավատացյալը շատ ավելին է կարող հասկանալ Աստծո Խոսքից քան թէ ուխտերը չսերտած հավատացյալը: Մենք մեր գրքերի թարգմանությունների ցանկի մեջ Աստվածաշնչի ուխտերի սերտողության երկու գրքեր ունենք որոնք մոտական ապագայում պիտի թարգմանենք մեր ունկնդիրների համար: Դրանք բոլորը մեր կայքի վրա անվճար են լինելու): Կյանքում մարդիկ կամ ուխտ պահող են կամ էլ ուխտ խախտող են: Երբ Աստված մարդու հետ ուխտ է կնքում, օրենքի պայմանագրի մեջ է մտնում, դա Աստծո կողմից շնորհի գործ է: Ուստի, Աստվածաշնի մեջ ամեն ուխտ շնորհի ուխտ է ու օրենքի ուխտ է: Ուխտը ապագայի հանդեպ կանխատեսական է, ուստի այն վերջաբանական է: Ուխտը գործ ունի ՎերջնաԿետերի ու Վերջին ժամանակների հետ: Ուխտերը միշտ իրենց մեջ ընդգրկում են օրհնանքներ և անեծքներ, որոնք կանխատեսական են: Ուխտ պահելը վերջաբանական կանխատեսումների հետ է կապված, Վերջնակետի ու վերջին ժամանակի կանխատեսումների: Ինչպես օրինակ, Ծննդոց 2.16-17-ը ու նաև 9-րդ համարում, որտեղ Աստված Ադամին ու Եվային ասում է թէ իրենց անհնազանդության հետևանքները ինչ էին լինելու (Այստեղ <<ուխտ>> բառը չի օգտագործվում, բայց Աստված Ադամի ու Եվայի հետ ուխտի մեջ էր մտել, սա կոչվում է Ադամական Ուխտը, կամ Ստեղծագործական Ոխտը, կամ Սկզբնական Ուխտը): Աբրահամին էլ հանձնարարվեց որ նա ուխտ <<կտրեր>>, բառացի <<կտրել>> բառն է օգտագործվում, որով Աբրահամը կենդանի անասուններին պիտի կտրեր կիսեր մեջտեղից, ու այդ կտրած մասերի մեջտեղով քայլեր: Ու երբ Աբրահամը քայլեց, երեկոյան ծխացող հնոց ու կրակե լամպ մեջտեղից անցան, որը Աստվածաշնչի այլ համարներում նշանավորում է Աստծո ներկայությունը: Աբրահամն ու Աստված դրանց մեջտեղով անցան: Ուխտը կտրելու ու այդ սպանված կենդանի անասունների միջոցով երկուսով անցնելու իմաստն այն էր որ նրանք դրանով ասում էին որ <<եթե մենք հավատարիմ չմնանք ուխտին, ապա թող մենք այսպես կտրվենք ու սպանվենք, ու թող դատաստանը գա մեզ վրա, ու եթե մենք հավատարիմ ենք ապա օրհնություն պիտի գա մեզ վրա>>: Կենդանի անասուններին սպանելու կարևորությունը ուխտ կնքելու այս և մնացած այլ դեպքերի իմաստն ու նշանակությունը սա է: Ու այս ուխտը կնքելուց հետո Աստված հայտարարություն է անում ապագայի համար: Աստված անզավակ Աբրահամին խոստանում է որ նա այնքան շատ ժառանգներ կունենա որ նրանց թիվը երկնքի աստղերի նման բազում կլինի, անթիվ անհամար: Այսպիսով Աբրահամը Տիրոջը հավատաց ու Նա դա արդարություն հաշվեց Աբրահամի համար: Այստեղ <<հավատալ>> բառը անսովոր բառ է որը շատ քիչ է օգտագործվում Աստվածաշնչում, սա բառացիորեն մեր Ամեն բառն է, Աբրահամը Աստծուն ասած <<Ամեն>>: Ամեն նշանակում է <<թող այդպես էլ լինի>> , կամ <<Թող Քո կամքը լինի>>: Աբրահամը Աստծուն ասաց Ամեն ու Աստված դա արդարություն համարեց/հաշվեց Աբրահամի համար: Ավելին, մենք այստեղ վերջաբանություն ենք տեսնում նրանով որ Աստված գալիս Աբրահամին ասում է <<մի վախեցիր Աբրահամ, Ես քո վահանն ու քո խիստ շատ վարձքն(պարգևն) եմ>>: Սա է օրհնանքը, որ Աստված Աբրահամին ասում է որ Նա միշտ Աբրահամի հետ կլինի ու երբեք նրան չի լքի: Ու մենք էլ ենք կարող ասել Աստված է իմ օգնականը, ես չեմ վախենա թէ մարդիկ ինչ կանեն ինձ: Ուխտը վերջաբանական է, քանի որ այսօր և վաղը Աստծով են որոշվում, իսկ ապագան գերբնական փաստի (ուխտի) բնական զարգացումն է: Ապագան ՄԻ՛ՇՏ է գերբնական փաստի բնական զարգացումը, քանի որ ամեն ինչ ստեղծած Աստվածն է կառավարում ու կարգում ամեն ինչ: Այս պահին Աբրահամը բնական կանխատեսում է անում ապագայի համար, ասելով <<Տեր, ես անզավակ եմ, ու իմ տանը ծնված Եղիազարն է իմ ժառանգը>>: Սա բնական կանխատեսում է, մարդկային տեսակետից ասված: Մարդկային տեսակետից Սառան ու Աբրահամը չափից դուրս ծերացած էին երեխա ունենալու համար: Բայց Աստված մասնահատուկ ձևով ասում է որ դա այդպես չի լինի: Աստված այստեղ գերբնական հայտարարություն է անում: Քեզնից ծնված երեխան է դառնալու քո ժառանգը: Աստված է որոշում ու գերիշխում ամբողջ պատմությունը: Հավատքը գերբնական բան է, Աստծո խոստումներին հավատալ է: Հավատքով մարդ ապագային նայում է այնպես ինչպես որ Աստված է նայում ապագային: Այսպիսով, հավատքն էլ է վերջաբանական, քանի որ հավատքով մենք քայլում ենք այն ապագայի պայմաններով որը մենք չենք կարող տեսնել, որը Աստված է հռչակում որ լինելու է: Պողոսը Եբրայեցիների գրքում մեզ ասում է որ հավատքը անտեսանելի բաների էությունն է, այնպես որ հավատքով քայլելով մենք վերջաբանականորեն ենք քայլում, մենք վստահում ենք որ Աստծո վերջնակետն ու վերջին ժամանակները ճշմարիտ են: Պողոսն ասում է որ մենք սրան հավատում ենք նույնիսկ երբ մենք հալածվում ենք: Մենք գիտենք որ մենք հաղթանակող և ավելին ենք: Սա՛ է այն հաղթանակը որը աշխարհին պարտության է մատնում, մեր հավատքը: Այստեղ մի համար կա որ մեզ համար շատ կարևոր է հասկանալ: Գրված է որ Աբրահամը Աստծուն Ամեն ասաց, հավատաց, ու Աստված դա արդարություն համարեց Աբրահամի համար: Աստված ասաց, Ես եմ այն Աստվածը որը քեզ Քաղդեացիների Ուր քաղաքից դուրս բերեց, ու քեզ այս երկիրն եմ տալիս ժառանգելու, ու Աբրահամը Աստծուն հարցնում է թէ Տեր Աստված, ինչո՞վ եմ կարող ես իմանալ որ սա ժառանգելու եմ: Արդյո՞ք Աբրահամը միանգամից կասկածամիտ դարձավ այստեղ: Արդյո՞ք Աբրահամի հավատքը այստեղ տկարացավ: Ես չեմ հավատում որ այս համարների իմաստը դա է, քանի որ դրանից անմիջապես հետո Աստված նրան հրամայում է որ նա ուխտը կտրի: Աբրահամի հարցը նման էր նրա մի քիչ հետո տված հարցին, <<Մի՞թէ ամբողջ երկրի դատավորը ճիշտ չի անի>>, Աբրահամը իհարկե գիտեր որ ամբողջ երկրի դատավորը ճիշտ կաներ, նա ուղղակի ուզում էր իմանար թէ Աստված ԻՆՉՊԵ՞Ս պետք է այդ ճիշտը աներ: Այնպես որ երբ Աբրահամը հարցնում է թէ ինքը ինչպե՞ս է կարող իմանա որ ինքը ժառանգելու է, Աբրահամը դրանով չի ասում <<ես չեմ հավատում որ ժառանգելու եմ, այլ, ես ուզում եմ իմանամ թէ ԻՆՉՊԵ՞Ս եմ ժառանգելու, ինչպես է դա պատահելու>>: Այդպիսով, Աստված նրան պատվիրում է որ նա ուխտ կտրի: Կենդանի անասունները սպանվում ու երկու մասի են բաժանվում: Մահ է գալիս նրան ով որ ուխտը խախտում է: Սա ապագայի կանխատեսում է: Աստված մասնահատուկ կանխատեսում է անում ասելով որ ժամանակը կգա ու քո հետնորդները/ժառանգները ստրկության են գնալու Եգիպտոսում 400 տարի, քանի որ այս հողերի վրա ապրող Քանանացիների ու Ամորացիների անօրենությունները ամբողջությամբ դեռ չի լցվել: Բայց նրանք հարստացած վերադառնալու ու հողին/երկրին են տիրանալու: Բայց Աբրահամն ասում է թէ ես ինչպե՞ս եմ կարող իմանամ որ ժառանգելու եմ: Աստվածաշունչը մեզ մարնամասնությունների մասին չի պատմում, բայց մեզ ասում է որ դա ուխտի միջոցով է եղել: Աստված Աբրահամին պատվիրում է որպեսզի ուխտ կտրի, ուստի Աբրահամի հարցի պատասխանը ուխտն է: Իսկ դա ի՞նչ է նշանակում, ուխտի կատարումը ի՞նչ է նշանակում: Սա այն է որ մարդիկ մեռնում են ուխտը խախտելու համար, մեղք գործելու համար, բոլորը մահանում են, բայց Աստված ինքն իրեն է տրամադրում (Հիսուս Քրիստոսի միջոցով) որպես մարդու փոխարինող, ինքն է մեռնում մարդու տեղը: Քրիստոսը գալիս է մարդու համար մեռնելու: Մենք հավատում ենք որ Աբրահամը այս տեսիլքի մեջ տեսավ թէ ապագայում Աստված ինչպես էր իրականացնելու նրան տված խոստումը, Քրիստոսում, ու թէ ինչպես էին իր սերունդները/սերմերը աստղերի չափ անթիվ անհամար լինելու, ինչպես որ Պողոսն է ասում Գաղաթացի 3:9-ում, <<Նրանք ովքեր հավատքի մեջ են օրհնված են հավատարիմ Աբրահամի պես, ու մենք բոլորս ովքեր հավատում ենք Աբրահամի զավակներն ենք, խոստումի ժառանգները, ամբողջ ստեղծագործության ժառանգները: Ես հավատում եմ որ Աբրահամը այս բոլորը տեսավ, ու իրա առաջին վերաբերմունքը այն էր որ նա զարհուրանքի մեջ ընկավ, կատարյալ սարսափած վիճակում էր, երբ նա տեսիլքով տեսավ որ Աստծո որդին պիտի մահանար իր մարդկանց մեղքերի համար: Ու այստեղ նաև կարող ենք Պետրոսի զուգահեռ վերաբերմունքը տեսնել, երբ Հիսուսը նրանց ասաց որ Նա գնալու է Երուսաղեմ որպեսզի Իր կյանքը որպես վարձահատույց տա, մահանալով, ու Պետրոսը սարսափեց ասելով <<Քեզնից հեռու լինի դա Տեր>>, բայց հետագայում մեզ ասվում է որ Պետրոսը Քրիստոսի Խաչով հիանում էր, խաչը վայելում էր: Մեր Տեր Հիսուսը պարզ կերպով Հովհաննեսի ավետարանի մեջ մասնավորապես ասում է որ <<Աբրահամը Իմ օրը տեսավ, և ուրախացավ>>, այնպես որ, ինչպես Պետրոսը սկզբում զարհուրեց Քրիստոսի մեռնելու մասին տեղեկանալով, ու հետո Պետրոսը խաչով ուրախանում էր, երբ դրա ամբողջական իմաստը հասկացավ, այդպես էլ Աբրահամը, երբ նա առաջին անգամ խաչը տեսիլքով տեսնելով սարսափեց, բայց հետագայում երբ նա սկսեց դա ամբողջապես հասկանալ նա դրանով ուրախացավ:
Ուխտի սիրտը սա է, որ Աբրահամին եկած Աստծո խոսքը, ու հետագայում ասված խոսքը, թէ <<Մի՞թէ Ես Աբրահամից պիտի թաքցնեմ այն բանը որը Ես անում եմ>>: Այսպիսով, ուխտը վերջաբանական է, այն վերջին կետի ու վերջին ժամանակի հետ է կապված, որովհետև Աստված ասում է որ Ես չեմ թաքցնի իմ ուխտած մարդուց այն ինչը որ Ես պիտի անեմ ապագայում: Ու սա մեզ Աստվածաշունչը շարունակ ու շարունակ ասում է, օրինակ, մենք կարդում ենք Սաղմոս 25:8-14-ում Դավիթի այս խոսքերը, << 8 Բարի և ուղիղ է Տէրը. Ուստի Նա մեղավորներին սովորեցնում է ճանապարհը։ 9 Նա առաջնորդում է հեզահոգիներին դատաստանի (իրավունքի) մէջ (հեզահոգիները այստեղ նրանք են ում Աստված խրատել է). և սովորեցնում է հեզահոգիներին իր ճանապարհը։ 10 Տիրոջ բոլոր ճանապարհները ողորմություն են և ճշմարտություն՝ նրա ուխտն ու վկայությունը պահողների համար։ 11 Ով Տէր, քո անունի համար ներիր իմ անօրէնությունը, որ շատ է։ 12 Ո՞վ է այն մարդը՝ որ վախենում է Տիրոջից. ահա Աստված կսովորեցնէ նրան այն ճանապարհը, որ ընտրել է։ 13 Նրա անձը բարութեան մէջ կբնակվի. և նրա սերունդը երկիրը կժառանգի։ 14 Տիրոջ մտերմությունը նրանց հետ է, ովքեր վախենում են նրանից. և ԻՐ ՈՒԽՏԸ ՍՈՎՈՐԵՑՆՈՒՄ Է ՆՐԱՆՑ>>: Այսպիսով, Դավիթն ասում է որ ուխտը վերջաբանական փաստ է: Նրանք ովքեր Տիրոջից են կիմանան Աստծո գաղտնի բաները, նրանք կիմանան այն բաները որոնք ապագայում են: Ուխտը մեզ համար է բացվում, Աստծո վերջնակետը ու վերջին ժամանակը, Աստված ուխտ պահողներից չի թաքցնում այն բանը որը Նա պետք է անի (Այստեղ ուխտ պահելը վերաբերում է Աստծո օրենքները պահելուն, Աստծո պատվիրաններին ենթարվելուն, ոչ թէ Խոր Վիրապ գնալուն կամ նորածին տղա երեխայի մազերը մի քանի տարի չկտրելուն կամ այլ անիմաստություններ անելուն): Ուստի, ուխտը շատ կարևոր մաս է զբաղեցնում մեր վերջաբանության մեջ, ինչպես նաև մեր հավատքին վերաբերող ամեն ինչի մեջ:
Եկեք Աղոթենք:
Մեր Տեր ու մեր Աստված մենք Քեզ շնորհակալություն ենք հայտնում որ Դու մեզնից չես թաքցնում այն բաները որոնք Դու պիտի անես: Ու երբ մենք հավատքով ենք քայլում Դու մեր հավատքին աչքեր ես տալիս, որպեսզի մենք քայլենք տեսնելով անտեսանելին: Օրհնիր մեզ օր առ օր, ու մեզ շնորհ տուր Տեր որպեսզի մենք ինքներս մեզ չվստահենք ու մեր սեփական հասկացողության վրա չհիմնվենք, բայց վստահենք Քո խոսքին ու Քո խոստումներին: Օրհնիր մեզ այս նպատակի համար մենք Քեզ աղերսում ենք, Հիսուսի անունով, ամեն:
ՀԱՐՑ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ:
Հարց: Դուք խոսեցիք ուխտ անելու մասին, այդ բանը մշակութայի՞ն մի գործ էր թէ Աստված էր մասնավորապես ու մանրամասնորեն հրամայել որ այդպես արվեր, ուխտ կնքվեր:
Պատասխան: Այո, մենք ուխտ կտրելու գործունեության փաստեր ենք տեսնում ամբողջ աշխարհով մեկ տարբեր մշակույթներում: Ինչու՞ չէ, սա Նոյից է եկել, երբ Աստված Իր նախաձեռնությամբ Նոյի հետ ուխտ կնքեց, ու Նոյի հետնորդները վստահ եմ որ սրա մասին գիտեին: Երբ Նոյը տապանից դուրս եկավ Աստված նրա հետ անմիջապես ուխտ կնքեց, ու մենք գիտենք որ ամբողջ մարդկությունն ու ազգերը Նոյից ու իր ընտանիքից են բազմացել ու այս բանը նրանց է անցել: Աշխարհում կարելի է ասել ամեն տեղ ուխտական գործունեություն է տեղի ունենում, բայց Աստվածաշնչական կրոնից դուրս ամեն տեղ ուխտ կնքելը հումանիստական է եղել: Հումանիստների դեպքում նրա՛նք են Աստծո հետ ուխտ կնքում, բայց Աստվածաշնչի մեջ Աստված է մարդու հետ ուխտ կնքում Իր նախաձեռնությամբ, Աստված է որոշում ուխտի պայմանները: Հումանիստական ուխտերի մեջ մարդն է ասում որ <<աստված, ես կանեմ այսպես կամ այնպես, ու դու պիտի դրանով ուրախ լինես քանի որ քեզ լավություն եմ անում>>:
Հարց: Կենդանիներին մեջտեղից կիսելու գործով Աստված ուզում էր Աբրահամի մտքի մեջ դրանով ինչ որ մի բան տպավորե՞ր կամ մի բան սովորեցնե՞ր, թէ դա ուղղակի մի մշակութային մի բան էր այդ ժամանեկների համար:
Պատասխան: Ես չեմ հիշում թէ դա աշխարհի տարբեր մասերում ինչքան է տարածված: Բայց շատ վայրերում կենդանի անասուններին մեջտեղից չեն կտրում: Ու ժամանակի ընթացքում ուխտը ավելի տպավորիչ դարձնելու համար շատ մշակույթների մեջ մարդկանց էին զոհաբերում ուխտ անելու համար: Դրանով նրանք ուզում էին ասել <<տես աստված, կամ, տեսեք աստվածներ, մենք այսքան լուրջ ենք վերաբերվում այս ամենին, ու դուք աստվածներով հիմա ստիպված եք մեզ լուրջ ընդունել>>
Հարց: Առաջին ուխտը Ադամից է՞ սկսվել Եդեմի պարտեզում երբ Աստված Ադամի ու Եվայի մեղքի մեջ ընկնելուց հետո նրանց համար կենդանի անասուն զոհաբերեց որպեսզի նրանց համար կաշվից շորեր պատրաստեր:
Պատասխան: Ճիշտն ասած շատ աստվածաբաններ, ու ես էլ նրանց հետ, հավատում ենք որ դրանից նույնիսկ շատ առաջ, ստեղծագործության հենց սկզբում, Աստված մարդու/ադամի հետ ուխտ կնքեց ու նրանց բացատրեց որ իրենք Իր հետ պայմանագրի մեջ են մտնում, որ ուխտը/պայմանագիրը խախտելը ինչ հետևանքներ կունենար ու դա պահելը ինչ արդյունքների կտաներ: Ես հավատում եմ որ Աստված նրանց het այդ ուխտը/պայմանագիրը կնքեց ու նրանց ամեն ինչ մանրամասնորեն բացատրեց հենց սկզբից:
Հարց: Ես մի բան չեմ հասկանում թէ Հին Կտակարանի ժամանակներում մարդ քանի՞ հատ օրինական կին էր կարող ունենալ: Սա մի բան է որ միշտ ինձ համար մութ է մնացել:
Պատասխան: Աստվածաշնչի մեջ ամենահիմնական հաստատությունը ընտանիքն է, պետությունը չէ, եկեղեցին չէ, այլ ընտանիքն է: Այս պատճառով է որ Աստվածաշնչի մեջ շնության համար մահապատիժ է պահանջվում, քանի որ արտ-ամուսնական սեռական հարաբերությունը (շնությունը) հասարակության ամենահիմնական հաստատության դեմ դավաճանություն է: Երբ որ մի հաստատություն կենտրոնական է դառնում, դրա դեմ կատարվող որևէ անհավատարմությունը մահապատիժ է պահանջում (Թուրքիայում և որոշ այլ երկրներում ամուսնությունից դուրս սեռական հարաբերություն ունենալը մահապատժի չի ենթարկվում, բայց պետության կամ պրեզիդենտի դեմ դավաճանություն անելը մահապատժի է ենթարկվում, որը ցույց է տալիս որ Թուրքիայում պետությունն է հանդիսանում կենտրոնական հաստատությունը, ոչ թէ ընտանիքը): Միջին դարերի եկեղեցին ինքն իրեն կենտրոնական էր դարձրել, ու այդ պատճառով էր որ եկեղեցուն անհավատարիմ լինողներից մահապատիժ էին պահանջում: Ժամանակակից պետությունը ինքը իրեն հասարակության կենտրոնական հաստատություն է համարում, ուստի պետության դեմ որևէ դավաճանության համար մահապատիժ են պահանջում: Հին ժամանակներում, երբ պետությունը դեռ հասարակության կենտրոնական հաստատությունը չեր դարձել, մի գենեռալ մի քանի անգամ իր հավատարմությունը փոխում էր, ու ոչ ոք դա մեծ միջադեպ չէր համարում, դա դավաճանություն չէր համարվում, դա ուղղակի նրա ընտրությունն էր: Ուստի, ընտանիքը հիմնական հաստատությունն էր ու շնությունը մահապատժով էր պատժվում, ու, Աստվածաշնչի տեսակետից, բազմակին ընտանիքը դեֆեկտային, թերի ընտանիք էր, բայցևայնպես օրինական ընտանիք էր, այնպես որ դա հանդուրժվում էր: Իհարկե իդեալական ընտանիքը/ամուսնությունը այն է որը Եդեմի պարտեզում էր հիմնադրվել, մի տղամարդ մի կին, ու ինչպես որ օրենքն է մասնավորապես ասում Ղևտացի 18.18-ում, <<18 և մի կնիկ իր քրոջ հետ (որպես մրցակից կին) չառնես կնոջդ կենդանության ժամանակ որպեսզի սեռական հարաբերություն ունենաս նրա հետ երբ քո կինը դեռ կենդանի է>>: Շատերը այս համարը վերցնում ու հասկանում են թէ մարդ չի կարող իր կնոջ քրոջ հետ ամուսնանա իր կնոջ կենդանության ժամանակ, բայց ուրիշ կնոջ հետ կարող էր ամուսնանալ: Բայց Եբրայերեն բնագրերի մեջ բառացի ասում է <<չվերցնես մի կին մյուսին>>, այսինքն մեկից ավելի կին չունենաս, կնոջդ չավելացնես ուրիշ մի կին, այստեղ Աստծո օրենքը բազմակնությունը արգելում է: Բազմակնությունը ամուսնության նորմալ ձև չի համարվել, այլ աննոռմալ մի ձև, թերի, դեֆեկտային: Բայց մի փաստ ասեմ, որևէ հասարակության մեջ որտեղ որ բազմակնություն է եղել ու կա, սա նաև վերաբերում է մուսուլմանական հասարակության մեջ, բազմակնությունը 500 ամուսնություններից մեկում է լինում, այսինքն այդքան տարածված չի եղել Հին Կտակարանի ժամանակներում ու նաև մեր ժամանակների իսլամական մշակույթերի մեջ: Սա պատմության մեջ շատ փոքր մի երևույթ է եղել, հակառակ տարածում գտած կարծիքների: Առաջին հերթին, այդքան շատ տղամարդ չկա որ մեկից ավելի կին կարողանան պահեն, (ցանկությունը ունեն հնարավորությունը չունեն), սա բազմակնությունը արգելող տնտեսական փաստն է, քանի որ միայն ավելնորդ կնոջ ծախսերը չեն որ տղամարդը պիտի հոգա, դրա հետ մեկտեղ այդ ավելնորդ կնոջ երեխաների ծախսերն են: Ուրեմն, թերևս որ Աստվածաշնչում բազմակնությունը արգելվել է, այն ինչ որ ձևով հանդուրժվել է որպես ամուսնության թերի մի ձև: Ինչ վերաբերում է հարճերին, հարճը նաև կին-ամուսին է եղել բայց այս տարբերությամբ, հարճի համար օժիտ չէր տրվում իրա ամուսնու կողմից (հարճը մի կին է որը տղամարդու կանանցից է, նրա կինն է բայց նրա օրինական կնոջից ցածր է համարվում): Ու կարող ենք ասել որ մեր ժամանակակից կյանքում բոլոր ամուսնացած կանայք հարճի կարգավիճակ ունեն, այդ բառի բուն սահմանումով, քանի որ գրեթե ոչ մի տղամարդ ամուսնանալուց օժիտ չի տալիս, իր երեք տարվա աշխատավարձը ամուսնանալուց կնոջը չի տալիս, որպես կնոջ համար ապահովագրություն ընդդեմ իր ամուսնու կողմից ապագայում գործվող հավանական անհավատարմության: Աստվածաշունչը մասնավորապես օժիտի գումարը չի նշում, բայց հին ժամանակներից պահպանված ամուսնական արձանագրություններից մենք գիտենք որ դա հավասար էր տղամարդու երեք տարվա աշխատավարձին, լիներ դա ոսկի, արծաթ թէ անասուններ, ոչ թէ սինիների մեջ ցելաֆոնով փաթաթաց չամիչ ու աղանձ ու պոպոք ու բամբաներկա ու ֆուրշետ, ու նմանատիպ հիմարություններ, որը նույնիսկ փողոցի բոմժն է կարող գնել մուրացկանությամբ փող հավաքելով: Երեք տարվա աշխատավարձը կազմում է հսկայական մի գումար: Իհարկե եթե կինն էր անհավատարիմ, ապա նա դա կորցնում էր: Այլապես այդ օժիտը այդ կնոջն ու իր երեխաներինն էր որ նրանք պահեին, որը նշանակում է որ եթե ամուսինը անահվատարիմ էր կամ իր կնոջը ծեծող ու չարաշահող ամուսին էր, ապա ամուսինը այդքան հսկայական գումարը կորցնելու էր: Ամուսինը կարող էր այդ ընտանեկան հարստությունից պարտք աներ, բայց դրա վրա պետք է տոկոս վճարեր ու վերադարձներ տեղը դներ: Ամուսինը չեր կարող այդ գումարը ազատ կերպով օգտագործեր, դա պետք է կնոջ թույլտվությամբ լիներ: Օժիտը՝ լինելով հսկայական գումար, ամուսնական անկայունության համար հսկայական կանխարգելիչ էր: Ու եթե տղան երեք տարվա տքնաջան աշխատանքի խնայողություն ունենար, նա ամուսնանալուց շատ զգուշ կլիներ իր ընտրության մեջ, քանի որ ինքը ահագին ժամանակ ուներ դրա մասին մտածելու ու շատ բաներ ծանր ու թեթև անելու: Եթե տղամարդը առանց օժիտի կնոջ հետ ամուսնանար դա նշանակում էր որ այդ կինը հարճ էր, այդ կինը շատ ավելի քիչ կայունություն ուներ իր ամուսնության մեջ, տղամարդը կարող էր հեշտությամբ նրանից ամուսնալուծվեր: Ամերիկայի հիմնադրման սկզբնական ժամանակներում օժիտի այս օրենքը տարածված էր, ամուսնանալ ցանկացող տղամարդկանցից օժիտ էր սպասվում: Հետաքրքիրն այն է որ այս երկրում (Ամերիկայում) առաջին ապահովագրության կամպանիան հիմնադրվել է Կալվինիստական հոգևորականներով, որոնք հանգել էին այն եզրակացությանը որ իրենց եկամուտի քիչ լինելու պատճառով իրանց համար դժվար կլիներ օժիտի հարստություն հավաքել, ուստի, ապահովագրությունը կնոջ անունով է գրվել, որը նաև օժիտն է տրամադրել (Ամերիկայում ամիսը 150-200 դոլարով մարդ կարող է մեկ միլիոն դոլարի կյանքի ապահովագրություն գնել: Այսինքն, եթե այդ ապահովագրած մարդը մահանա ապա ապահովագրական կամպանիան մեկ միլիոն դոլար պիտի մուծի նրան ում որ այդ անձը նշել է որպես իր օգտագեր, սովորաբար ամուսինը կամ կինն է դա կամ երեխաները):
Հարց: Հին Կտակարանի ժամանակներում կինը իրավունք ունե՞ր տղամարդու ամուսնական առաջարկությունը մերժեր, կամ չընդուներ իրենց ընտանիքում հարճեր:
Պատասխան: Այո իհարկե: Հարճերի դեպքում երբեմն հարճերը ստրուկներ էին որ գնվում էին, սա շատ հաճախ չէր արվում բայց այսպիսի դեպքեր լինում էին:
Հինավուրց ժամանակներում, ընդհում մինչև Պարսկական կայսրության ժամանակները, հարեմը (որտեղ հարճերն էին բնակվում, հարճերի օբյեկտը) ինչ որ ձևով քաղաքացիական ծառայության նպատակով է հիմնադրվել: Սա իհարկե մեզ համար շատ տարօրինակ բան է թվում, բայց դրան այս տեսակետից նայեք: Ամենահիանալի ամուսնություններից մեկը Սողոմոնի ու Եգիպտական արքայադստեր ամուսնությունն էր (սրա մասին մեկ այլ սերտողության մեջ մանրամասն պատմել եմ), ու Եգիպտոսի պատմության մեջ ես չեմ կարդացել մի դեպք երբ Եգիպտոսը թույլ կտար որ Փարավոնի աղջիկը օտարերկրյա թագավորի հետ ամուսնանար: Նրանք հավատում էին որ իրենք մնացած բոլոր ազգերից բարձր էին: Այս արքայադստեր հետ մի հսկայական քանակի կանայք եկան, սրանց մեջ կային մեծահասակ կանայք, կամ պաշտոնյաների ու առևտրի նախարարի կանայք: Նրանց նպատակը պետք է լիներ առևտրի և ֆինանսների բնագավառներում հարաբերություններ հիմնել Իսրայելի հետ: Ու նրանք պետք է աշխատեին Իսրայելի և Եգիպտոսի համար, Սողոմոնի հարեմի մեջ: Այսպիսի քաղաքացիական ծառայության բազմակնությունները տարածված են եղել հին աշխարհում, ու ի միջի այլոց Աֆրիկայի Կոնգո երկրում այս սովորությունները դեռ գոյություն ունեին 1950-ական թվականներին, երբ Կոնգոյի նոր մի թագավորը գնում ու ամուսնանում էր մահացած դատավորների ու պաշտոնյաների այրիների հետ ու նրանց առաջնորդ էր կարգում, ու երբեմն այդ կանայք նոր թագավորից տարիքով երեք անգամ ավելի մեծահասակ էին, բայց թագավորի կին լինելու տիտղոսը նրանց իշխանություն էր տալիս:
Մեր ժամանակը լրացավ, եկեք միասին աղոթենք:
Մեր Տեր ու մեր Աստված մենք Քեզնից շնորհակալ ենք Քո խոսքի համար ու մեր փրկության ուրախության ու մեկս մեկի հետ հաղորդ լինելու համար: Մեզ միշտ օրհնիր ի Քո փառաբանություն ու գովաբանություն, Հիսուսի անունով, Ամեն: